Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցով բանակցություններ են ընթանում`անգամ եթե սուրճի կամ թեյի սեղանի շուրջ են տեղի ունենում հանդիպումները. «Իմ քայլի» պատգամավոր

Մարտ 06,2019 12:53

«Հանդիպումները բանակցություննե՞ր չեն»,- Aravot.am-ի հարցին`Ձեր կարծիքով Արցախի հարցում բանակցություններ այժմ կա՞ն, թե՞ ոչ, ինչպե՞ս կանվանեք այն ամենն, ինչ-որ կատարվում է հիմա հարցի կարգավորման շուրջ, հարցով պատասխանեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանը:

Նկատեցինք`Նիկոլ Փաշինյանն ասում է`պաշտոնական բանակցություններ չկան: «Արտաքին քաղաքական հարթակում, ցանկացած հանդիպում, կարող է լինել նախադրյալ, նախադեպ`շատ ավելի լուրջ քաղաքական օրակարգ ձեւավորելու համար եւ դա կորակենք բանակցություն, պարզապես`ոչ պաշտոնական հանդիպում, անգամ եթե դա սուրճի սեղան է կամ թեյի սեղան է, դա, ենթադրվում է նաեւ որպես կարեւոր բաղադրիչ`մեկ ընդհանուր խնդրի լուծման ճանապարհին: Եվ այս իմաստով, նորից եմ կրկնում, ցանկացած նմանատիպ հանդիպում, լուրջ խնդրի քաղաքական օրակարգը ձեւավորելու համար կարեւորագույն նախապայման եւ ձեռքբերում է», ասաց մեր զրուցակիցը:

Հարցին`իր կարծիքով ինչի՞ շուրջ են բանակցություններն այժմ ընթանում, Գոռ Գեւորգյանը պատասխանեց. «Մենք մեկ գերակա խնդիր ունենք`արցախյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորել ՀՀ-ի, Արցախի եւ ՀՀ-ի ու Արցախի ժողովրդի շահերը հաշվի առնելով»: Խնդրեցինք հստակեցնել`իր կարծիքով որո՞նք են այդ շահերը: «Արցախի հանրապետությունը պետք է լինի անկախ, ինչ որ պահանջում է Արցախի ժողովուրդը`իր ինքնորոշման արդյունքում եւ ՀՀ-ի շահերը ամբողջությամբ համապատասխանում են Արցախի հանրապետության շահերին: Մեր մեջ որեւէ տարաձայնություն չի կարող լինել»:

Իսկ տարածքային ամբողջականության հարցը, ըստ իշխող ուժի ներկայացուցչի, չի քննարկվում առհասարակ. «Տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի այնպիսին, ինչպիսին ունեք այս պահին`ստատուս-քվոյի շրջանակներում»: Ազատագրված տարածքների վերադարձի կամ փոխանակման հարց, մեր զրուցակիցը վստահ չէ, որ դրված է, քանի որ տեղեկատվությունը փակ է, բայց մի բանում վստահ է`ՀՀ-ում այսօր դժվար է գտնել մեկ քաղաքական գործիչ, որն առհասարակ վիճարկի տարածքները հանձնելու կամ չհանձնելու խնդիրը: Հարցին`այդ դեպքում մենք իր պատկերացմամբ ի՞նչն ենք պատրաստ փոխզիջել, ինչի մասին միշտ է խոսվում, Գոռ Գեւորգյանն ասաց, որ այդ հարցի շուրջ դեռ պետք է խորհենք եւ քննարկենք:

«ՀՀ-ի թիվ մեկ խնդիրը, առհասարակ օրակարգը, դա արցախյան հիմնախնդիրն է եւ եթե անգամ Եվրոպայի հետ մենք ունենք օրակարգ`այս կամ այն հարցերը քննարկելու, իմացեք, որ դրա ենթատեքստում պետք է նաեւ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարվեն քայլեր: Այն, ինչ դուք ասում եք, ամփոփ բաղադրամասեր են`մեկ ընդհանուր խնդրի, որոնք որ նաեւ կպայմանավորեն նաեւ այս խնդրի շուրջ ձեռք բերված մեր գործընկերների վստահությունը, նաեւ քայլերը»,- այսպես պատասխանեց իշխող ուժի պատգամավորը մեր այն դիտարկմանը, որ վարչապետի բրյուսելյան այցի օրակարգում եւ հանդիպումներում չքննարկվեցին Հայաստանի համար կարեւորագույն`ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը, ապա կիրարկմանը վերաբերվող հարցեր: Ըստ Գոռ Գեւորգյանի`դա կարեւոր է մեզ համար, բայց առաջնային: Հստակեցնող հարցին` իր կարծիքով ԵՄ-ի հետ համաձայնագրի կիրարկումը, իր կարեւորությամբ, ո՞ր տեղում է մեր երկրի համար, նա պատասխանեց. «Բոլորն էլ առաջնային տեղում գտնվող հարցեր են:

Վարչապետի այցը Բրյուսել քննադատության ենթարկվեց ի սկզբանե, քանի որ պնդում կար, թե օրակարգը քաղաքական չէր: Այցն ավարտվեց, ի՞նչ արդյունքներ գրանցվեցին`մեր հարցին էլ Գոռ Գեւորգյանն այսպես պատասխանեց. «Արտաքին քաղաքականությունը, ընդհանրապես, դիվանագիտությունը չեն սահմանվում միայն զուտ քաղաքական այցելություններով կամ քաղաքական կոնտեքստ ենթադրող հանդիպումներով: Հաճախ քաղաքական օրակարգը կարող է պայմանավորվել ոչ քաղաքական հանդիպումների արդյունքում: Հետեւաբար, ցանկացած նախաձեռնություն, որը միտված է ՀՀ-ի արտաքին դիրքերն ապահովելու, արտաքին քաղաքական շահերը ևս մեկ անգամ բարձրաձայնելու, միանշանակ պետք է ողջունելի լինի»:

Այցի արդյունքներն էլ ասաց`առաջիկայում բոլորս շատ ավելի հստակ կտեսնենք. «Դա առաջին հերթին այն փոխվստահության հարթակն է, որը ցանկացած նոր իշխանության համար չափազանց կարեւոր է»:

Մինչ նոր իշխանության ստանձնած լծակները կատարվածն էլ չի անտեսում. «Ամենը պետք է ամրապնդել եւ զարգացնել»: Այս հանդիպման ժամանակ ձեռք է բերվել նոր հանդիպման հնարավորություն, իսկ դա, ըստ նրա, արդեն հաջողություն է եւ կարեւոր է: Իշխանական պատգամավորը չի կարծում, որ դանդաղում ենք. «Ամեն ինչ իր հունով գնում է առաջ: Աշխատանք է կատարվում`ամենակարեւորը»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031