Ինչպես հայտնի է՝ նախորդ օրը դանակահարություն էր տեղի ունեցել Գյումրու Կրուպսկայա փողոցի տներից մեկի դիմաց․ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 21-ամյա երիտասարդ: Ոստիկանությունը պարզել էր, որ վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ. Հ.-ն և որ վերջինս նույն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ձախ ձեռքի արմունկի հատվածում վնասվածք է պատճառել նաև 33-ամյա մի տղամարդու:
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ վիճաբանությունը ծագել է կենցաղային հողի վրա, նախապատրաստվում են նյութեր, բուժօգնության տեղափոխված երիտասարդի ստացած վնասվածքները թափանցող չեն, ըստ էության չեն կարող դասվել ծանր մարմնական վնասվածքների շարքին։ Նրանցից մյուսի մոտ էլ առկա է քերծվածք։
«Այս պահին ունենք անձանց կողմից տրված բացատրություններ, ենթադրյալ հանցանք կատարած անձը ևս բացատրություն է տվել, նա ընդունել է իր կատարած արարքը։ Տուժողները ևս տվել են իրական հանգամանքներին բնորոշ բացատրություններ։ Նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո կկայացվի համապատասխան դատավարական որոշում»,-ասաց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ