Եթե Անկարան ձեռք բերի ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները, ապա ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել նրա դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի օգնական Ռոբերտ Փալադինոն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ դիրքորոշումը C-400 ԶՀՀ-ների շուրջ ռուս-թուրքական պայմանագրի նկատմամբ չի փոխվել:
«Ռուսական այդ հրթիռները ձեռք բերելու Թուրքիայի նախաձեռնությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում Վաշինգտոնի մոտ»,- ասել է Փալադինոն:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը սերտ համագործակցում է Թուրքիայի հետ ՀՕՊ համակարգերի շուրջ և թուրքական կողմին առաջարկել են ձեռք բերել Patriot և այլ համալիրներ:
«Ռուսական C-400-ների մատակարարումը Թուրքիային կհանգեցնի 5-րդ սերնդի F-35 ինքնաթիռների ստեղծման ծրագրում Անկարայի մասնակցության վերանայմանը: Բացի այդ, հարցականի տակ կդրվի ապագայում Թուրքիային զենքի մատակարարումը»,- ասել է պաշտոնյան:
Պետդեպի ներկայացուցիչը նաև նշել է, որ այն երկրները, որոնք սպառազինության տակ ունեն C-400 համակարգեր, ընկնում են «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների ճանապարհով դիմակայելու մասին» օրենքի տակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ