Պատգամավորների «կողմ» ձայներով ԱԺ-ն այսօր միաձայն՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստանի» առաջադրած օրինագիծը, որը վերաբերում է 27 տարին լրացած եւ արտերկրում գտնվող հայերի՝ բանակում չծառայելու դիմաց գումար վճարելու միջոցով հայրենիք վերադառնալուն: Հիշեցնենք, որ ըստ այդ օրինագծի՝ նշյալ հնարավորության ժամկետը կրկին երկարաձգվում է:
Այնուհետեւ քվեարկության դրվեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած՝ «Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որն էլ ընդունվեց 111 «կողմ» եւ 2 «դեմ» ձայներով: Հիշեցնենք, որ այս նախագիծը, որը ենթադրում է ուսանողների վարձավճարների ոչ թե տարեկան, այլ ամսական վճարում, դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում, որպեսզի ընդունված համարվի:
«Երկու օրինագծերն էլ ընդդիմության ներկայացրածն են: Կարծում եմ՝ կշարունակենք կառուցողական աշխատանքը՝ չնայած կրքոտ քննարկումներին»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը երեկ իշխանությանը մեղադրեց իրենց օրինագծերը մերժելու եւ այդ կերպ նախորդ իշխանության սխալները կրկնելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ