ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) ներկայացուցիչներին։
Նախարարն իր խոսքում նշել է․ «Մի շարք հաջողություններ, որ մենք գրանցել ենք, պայմանավորված են եղել նաև GIZ-ի կողմից իրականացված և իրականացվող ծրագրերով։ Ուրախ կլինենք ձեզ հետ միասին քննարկել մեր հետագա գործողությունները։ Այս բարձր ակնկալիքների և նպատակների փուլում կարևոր են ոչ ստանդարտ լուծումները և այստեղ է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության փորձը և կարողությունները շատ օգտակար կլինեն»։
Գործընկերների խնդրանքով նախարարը ներկայացրել է կառավարության տնտեսական, առաջնահերթությունները, անդրադարձել կառուցվածքային փոփոխություններին առնչվող հարցերին։
Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է եղել փոքր և միջին ձեռներեցության զարգացման հարցին։ Նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն նոր ՓՄՁ-ների առանց խոչընդոտների ստեղծման ապահովում, այլև գործող ընկերությունների մրցունակության բարձրացում։ Քննարկվել է ոլորտի զարգացման պետական գործիքակազմը և ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շարունակման և հետագա համագործակցության վերաբերյալ:
Նախարար Տիգրան Խաչատրյանը «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփայի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները, ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների զարգացման խնդիրները, ինչպես նաև անդրադարձել գինեգործության զարգացմանը Հայաստանում։
ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել նախարարին արդյունավետ հանդիպման, համապարփակ տեղեկատվության համար և նշել, որ գերմանացի գործարարների կողմից լուրջ հետաքրքրվածություն կա Հայաստանի նկատմամբ։
Հանդիպման ավարտին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչները նախարարին են հանձնել տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ մշակված «Տեխնիկական աջակցություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` նորարարության խթանմանն ուղղված պետական համապարփակ ռազմավարության մշակման համար» փաստաթուղթը: Նախարարը նշել է, որ նորարարության խթանումը նախարարության գործունեության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում և այս տեսանկյունից ներկայացված փաստաթուղթը ևս կարող է օգտակար լինել ինովացիոն քաղաքականության մշակման գործընթացում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն