Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչման կարևորությունը՝ Հայաստանում ներքին բարեփոխումների խթանման տեսանկյունից և այդ ուղղությամբ Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է Եվրոպական միության լիարժեք աջակցությունը։ Միաժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն մեկնարկելու վերաբերյալ։
ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինին և Հայաստանի վարչապետ Փաշինյանը անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շփումների լույսի ներքո։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինին կողմ է արտահայտվել վարչապետ Փաշինյանի լիարժեք կերպով ներգրավվածությանը բանակցային գործընթացում՝ առանց նախապայմանների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Հանդիպման վերջում Ֆեդերիկա Մոգերինին և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել ընդլայնված տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Հայաստանում ԵՄ պատվիրակություն