Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բելգիայում էր: Վերադարձին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ամփոփեց այցի արդյունքները: Մենք հետաքրքրվեցինք, Բրյուսել կատարած նախորդ այցի հետ կապված դժգոհություններ, հարցականներ կային՝ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը չկիրառելու հարցում, այս այցի ժամանակ այդ խնդիրները հարթվե՞լ են, հարցականներ այլեւս չկա՞ն՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Իրականության մեջ չեմ ցանկանում ասել, որն նախորդ այցը վատն էր այս այցի հետ համեմատ, ուղղակի այս այցը շատ ավելի կոնկրետ օրակարգ ուներ այն իմաստով, որ քննարկվելիք հարցերի շարքը եւ այդ հարցերի հետ կապված տեղեկատվության հասունությունն ավելի բարձր էր այս անգամ եւ, ըստ էության, հաջողվեց ավելի լայն օրակարգ եւ ավելի մեծ շրջանակների հարցեր քննարկել»:
Բրյուսել այցից առաջ մամուլում հրապարակումներ եղան, թե վարչապետի այս այցը չունի քաղաքական օրակարգ, իրենց գլուխները խառն է ընտրություններով եւ այս այցը տեղին չէ, անարդյունավետ կլինի, ուստի մեր հարցին՝ հիմա կարո՞ղ ենք ասել, որ այդ մտահոգություններն ի չիք եղան, այցը տվեց արդյունքներ՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «ԵՄ-ն շատ ինստիտուցիոնալ կառույց է ու չենք կարող այդպես պարզ լինելու ասել, թե ընտրություններով իրենց գլուխը խառն է: Մենք խոսում ենք լուրջ կառույցի մասին: Իհարկե, ընտրություններ կլինեն, բայց սա աշխատանքային պրոցես է, օրակարգն էլ բավականին հագեցած»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարություն էր արել վիզաների ազատականացման մասին: Մհեր Գրիգորյանի խոսքով՝ շատ լուրջ, կարեւոր հայտարարություն է, սա մեկնարկ է եւ նշանակում է, որ մեր երկրում ժողովրդավարական գործընթացներն այնպիսին են, որ հակված են արագ սկսել վիզաների ազատականացման հետ կապված հարցերի քննարկումը. «Պետք է լինի ճանապարհային քարտեզ, լինեն պայմանները, որպեսզի վիզաների դյուրացման գործընթացն իրականացվի: Սկիզբը, ինչպես լսեցիք ասուլիսի ընթացքում դրված է»:
Ըստ փոխվարչապետի, ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված միջոցառումների մի զգալի մասը նույնպես դրական ազդեցություն կունենա վիզաների դյուրացման գործընթացի արագացման վրա:
Խոսելով ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրի վավերացման մասին՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Այդ փաստաթուղթը եւ փաստաթղթից բխող բարեփոխումները նախեւառաջ մեզ են պետք, որովհետեւ, ըստ էության, այդ բոլոր բարեփոխումները միտված են լինելու մեր կյանքի որակի, ենթակառուցվածքների բարելավմանը: Ըստ այդմ, եկեք ֆիքսենք, որ դա նախ մեզ է պետք եւ մեր բարեփոխումների օրակարգն է: Ինչ վերաբերում է վավերացման գործընթացին, համաձայնագրի մի զգալի մասն արդեն իսկ ուժի մեջ է, մի մասն էլ ուժի մեջ է լինելու բոլոր երկրների վավերացումից հետո: Չկա որեւէ մի ազդակ, որից ենթադրենք, որ որեւիցե մի երկիր չի վավերացնի համաձայնագիրը»:
Հարցին, թե քննարկումներ, բանակցություններ վարո՞ւմ են արագացնելու համաձայնագրի վավերացման գործընթացը՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դուք ինձ ասեք, թե այդ արագացման գործընթացն ինչով է խանգարում կամ ինչով է նպաստելու մեր բարեփոխումների օրակարգին, ես կպատասխանեմ: Մենք պարտավոր ենք սկսել, որովհետեւ դա նախեւառաջ մեզ է պետք»: Մենք հետաքրքրվեցինք՝ դեսպաններին հանձնարարություն տրվելո՞ւ է, որ մի քիչ ջանք թափեն՝ համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու համար՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Տրվել է եւ տրվելու է, իհարկե»:
Փոխվարչապետին հարցրեցինք՝ Արմեն Աշոտյանն ասում է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նախագիծն անխնա քննադատության է ենթարկվել Բրյուսելում, լուրջ դժգոհություններ կան, ինչպե՞ս կպարզաբանեք՝ Մհեր Գրիգորյանը չհամաձայնեց. «Շատ ավելի լուրջ է գործընթացը եւ այդ տիպի գնահատականները տեղ չունեն ընդհանրապես: Ճանապարհային քարտեզը ծածկել է բոլոր ոլորտային հարցերը, նկարագրել է որպես միջոցառումների շրջանակ եւ ցանկ, պետք է ուղղակի ԵՄ մեր գործընկերների հետ ճշգրտենք եւ հասկանանք ուղղությունները, միասնական լինենք: Ճանապարհային քարտեզից արդեն բխելու են կոնկրետ ծրագրեր մեր գործիքակազմում, ժամկետներով եւ ֆինանսավորման առումով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ