Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար ուշագրավ հայտարարություններ արեցին:
Նախատեսված էր, որ Ժան-Կլոդ Յունկերն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում նաեւ պետք է պատասխանեն լրագրողների հարցերին, սակայն պարոն Յունկերն ասաց, որ իր հանդիպումը Փաշինյանի հետ տեւեց ավելի երկար, քան նախատեսված էր ու ստիպված էր ավելի շուտ հեռանալ, հարցերին պատասխանելու ժամանակ չուներ:
Ժան Կլոդ-Յունկերը եւս մեկ անգամ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ ասելով. «Հաղթանակը լավ նորություն է Հայաստանի համար: Վարչապետը բարեփոխումները եւ Եվրոպայի հետ համագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում եւ դա մենք ողջունում ենք Ուղերձը նույնն է՝ ինչքան Հայաստանը ավելի շատ բարեփոխվի, այնքան մենք ավելի շատ կաջակցենք Հայաստանին՝ ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ քաղաքականապես: Մենք Հայաստանին 2017-ից մինչեւ 2020-ը նախատեսել ենք 176 մլն եվրո աջակցություն տրամադրել բարեփոխումների համար, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության համար: Բայց, ինչպես վարչապետը նշել է, այնտեղ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ եւ դատական բարեփոխումների ոլորտում: Մենք Հայաստանին դասախոսություն, քարոզ չենք կարդում, որովհետեւ մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում եւ նպատակադրված է այդ ուղղությամբ աշխատելու: Մենք խոսել ենք վիզայի ազատականացման երկխոսության մասին այսօր, տեխնիկական պայմանները արդեն բավարարված են եւ հիմա ժամանակն է բոլոր անդամ երկրների հետ համագործակցել այս հարցի շուրջ, որ կարողանանք առաջ անցնել: Ես ինքս, հանձնակատար Հանը պատրաստ ենք աջակցել այս գործընթացին ինչքան կարողանանք: Վարչապետի հետ զրուցելիս մենք նշել ենք, որ ավելի ուժեղ երկխոսություն կծավալենք այն անդամ պետություններին, որոնք մի քիչ ընդդիմանում են այս հարցում, բայց մենք կողմ ենք վիզաների ազատականացման բանակցությունները սկսելու ինչքան հնարավոր է շուտ: Դա կարեւոր է ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ ԵՄ-ի համար»:
Յունկերի խոսքով՝ «մենք ուզում ենք, որ ավելի շատ ճամփորդեն Եվրամիություն եւ հակառակը: Ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, գան Եվրոպա ազատ»: Յունկերն ասաց, որ շատ կարեւոր է ոչ միայն կառավարությունների շփումը, այլ այն, որ մարդիկ շփվեն իրար հետ:
Aravot.am-ի հետաքրքրվեց՝ Հայաստանում հեղափոխության երկրորդ փուլն է սկսվել՝ տնտեսական հեղափոխությունը, Դուք այս առումով համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում Հայաստանի հետ, կոնկրետ ո՞ր ոլորտներում՝ հաշվի առնելով նաև «ավելին ավելիի դիմաց» Ձեր որդեգրած սկզբունքը: Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատասխանեց. «Հայաստանը մեկ շաբաթ առաջ մեզ ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրերի մասին եւ մենք եկանք համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ աջակցություն բիզնես հատվածին: Դրա համար մենք արդեն ստեղծել ենք մի արդյունք, այսինքն՝ եվրոպական փողերով տեղական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրո ընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխանակման կուրսի ռիսկերը հանենք մեջտեղից: Սա տնտեսական մասով, բայց տնտեսությունը կարիք ունի գործող ենթակառուցվածքների: Դրա համար կապակցվածությունը շատ կարևոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում և այլն: Էներգետիկ արդյունավետությունը ևս մի հարց է, որը մի կողմից բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում ոչ այդքան արդյունաբերության ոլորտում, այլ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Մենք հիմա միասին՝ մեր թիմով, նայում ենք, թե որոնք են ամենահրատապ ծրագրերը, բայց պետք է լինեն տարբեր ծրագրեր: Մենք չենք կարող ընդամենը մի բան անել և անտեսել ուրիշ բաները, պետք է միասին զուգահեռ տանենք և ինչպես մեր նախագահն ասաց, մենք պատրաստ ենք Հայաստանին աջակցել այս բոլոր ջանքերում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ