Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համանման եւ տարբեր երեւույթներ

Մարտ 06,2019 10:00

Ուկրաինայում «Մայդանի» ժամանակ հեղափոխականները բռնություն էին գործադրում Յանուկովիչի վարչակազմի ներկայացուցիչների նկատմամբ, այդ թվում՝ գցում էին նրանց աղբարկղերը: Թեեւ անձամբ ինձ համար դա քաղաքական պայքարի միանշանակորեն մերժելի ձեւ է (մարդկային արժանապատվությունը պետք է հարգել բոլոր պարագաներում), տրամաբանությունը հասկանալի է՝ հեղափոխությունից առաջ ակտիվիստներն այդպես էին պայքարում այն ժամանակ գործող իշխանության դեմ:

Դա ամենեւին նման չէ այն դեպքին, երբ հեղափոխությունից հետո, ներկայումս գործող իշխանության համակիրները նույնատիպ բռնություն են կիրառում հասարակական գործչի դեմ՝ այն բանի համար, որ նրա հայացքները «հաղթած հեղափոխականներին» դուր չեն գալիս: Սա նշանակում է, որ նորօրյա «սեւշապիկավորները» կարող են բռնություն կիրառել նաեւ իմ դեմ, եթե, օրինակ, իմ այս հոդվածը նրանց դուր չգա: Այսինքն՝ մարդկանց ինչ-որ խումբ իրեն իրավունք է վերապահում «պատժելու» որեւէ քաղաքացու՝ «սխալ վարքագծի», «սխալ մտածելակերպի» համար:

Բայց դա նոր երեւույթ չէ մեր կյանքում. «հին Հայաստանում» այդպես էին վարվում երկրապահները, օլիգարխների թիկնապահները, քրեական հեղինակությունները, իշխանության կողմնակից զանազան խմբերի (հրոսակախմբերի) ներկայացուցիչները: «Սա լավ մարդ է, իրեն ճիշտ է պահում, նրան ծեծելը դատապարտելի է, իսկ սա՝ վատն է, սխալ բաներ է խոսում՝ նրան ծեծելը հասնում է»՝ դուք համաձա՞յն եք այս տրամաբանության հետ: Ինձ թվում է, դա «հին Հայաստանի» տրամաբանություն է:

«Բա որ ոստիկանները…»: Այստեղ նույնպես համեմատվում են տարբեր երեւույթներ: Ոստիկանությունն օրենքով օժտված է սահմանված կարգի համաձայն բռնություն կիրառելու իրավունքով: Օրինակ, երբ քաղաքացիներն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ցանկանում են պարալիզացնել հանրապետության երթեւեկությունը, ոստիկանները կարող են այդ քաղաքացիներին հանել երթեւեկելի մասից: Ուրիշ հարց, որ վերջին հեղափոխության ժամանակ դա անելն անիմաստ էր, որովհետեւ ճանապարհ փակողների քաղաքական նպատակները կիսում էին հարյուր հազարավոր մարդիկ: Պատահում է նաեւ, որ ոստիկանները գերազանցում են իրենց լիազորությունները՝ դրա համար նրանց դատ է հասնում: Բայց դատն իրականացնում է դրա համար հատուկ ստեղծված պետական մարմինը, ոչ թե քաղաքացիների ցանկացած խումբը մեկ այլ քաղաքացու հանդեպ:

…Իսկ երեւույթների իմ ընդհանուր ընկալումը հետեւյալն է. չի կարող լինել «լավ բռնություն» (բացի օրենքով նախատեսված դեպքերից): Ճիշտ նույն ձեւով չկա «լավ հայհոյանք», «լավ ստորություն», «լավ ստախոսություն», «լավ դեմագոգիա»: Ինչպես նաեւ՝ չի կարող լինել «վատ սեր», «վատ կարեկցանք», «վատ պարկեշտություն», «վատ մեծահոգություն»: Այդ դրսեւորումների «օբյեկտը» կարեւոր չէ: Կարեւորը սուբյեկտն է, այսինքն՝ ամեն մեկս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    Անհրաժեշտ է հարգել մարդու՛ արժանապատվությունը («մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով») եւ ոչ թե ինչ-որ մարդկային կամ կրոնակուսակցական «արժանապատվությունը»: «…դրսեւորումների «օբյեկտը» կարեւոր չէ: Կարեւորը սուբյեկտն է, այսինքն՝ ամեն մեկս»:

    Նորօրյա «սեւշապիկավորները» Ձեր դեմ չեն կարող բռնություն կիրառել: Դուք Լեւոնական «նոմենկլատուրայի» մարդ եք:
    «Հաղթած հեղափոխականների» կերակրատաշտի հասցեներից մեկը.-
    http://www.osf.am/about-company/grants-lists/?lang=am

    Ճիշտ է, որ «հին Հայաստանում» այդպես էին վարվում Վազգեն Սարգսյանի երկրապահները, ՀՀշ-ի օլիգարխների թիկնապահները, Վանո Սիրադեղյանի քրեական հեղինակությունները, Լեւոնական իշխանության կողմնակից զանազան խմբերի (հրոսակախմբերի) պնակալեզ ներկայացուցիչները:

    Ստելը դարձել է արվեստ,
    Հավատալը՝ արհեստ:

  2. Քաղաքացի says:

    Շարունակելով Ռուբենի միտքը, հավելեմ, որ նրա կողմից թվարկված հանցագործությունների անպատիժ մնալը մեզ բոլորիս ականատես դարձրեց էլ ավելի «ճոխ» հանցագործությունների՝ «Պրիվետ, Ռոբ»-ի համար Պողոս Պողոսյանի սպանությանը, Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, Մարտի 1-ի սպանություններին: «Առաջընթացը» ակընհայտ է: Որպես resume` չենք ունեցել ազգասեր և ազնիվ նախագահներ, ունեցել ենք ժողովուրդ, որը պահել է իր հողը:

  3. Լավատես says:

    Մեծն Թումանյանի փոքրիկ սիրուն ուլիկը այնքան դաստիարակված էր, որ դռնակը միայն իր մոր դիմաց էր բացում ու միայն իր մոր ծիծն էր ուտում, ի տարբերություն ՝՝մեր՝՝ դրամաշնորհակերների, որոնք այնքան անդաստիարակ են, որ գայլի խոսքերին են հավատում ու դուռը բացում, մենք պետք է հասկանանք, որ գայլը հենց նենց լավություն չի անում, գայլի լավությունը վաշխառուական է՝ էդ լավությունը խայծի դեր է կատարում, հետո քթիցդ էդ լավությունը հազարապատիկ կհանի: Մենք հայերս ազնվական օրենքներով ենք դաստիարակված՝ ամոթ է ուրիշի լավությունը չընդունես, դա անքաղաքավարություն է, դրանից էդ վաշխառուները հեշտությամբ օգտվում են ու լիքը ձրի խայծ լավություններ են անում, էդ լավությունները մեր հա՛յ պետությունը ու հա՛յ հարուստները պետք է անեն ու եթե դա մեր պետությունը չի անում, սուրբ տեղը դատարկ չի մնում՝ դա անում են վաշխառու գայլերը:

  4. Հ.Շ. says:

    Այդ ջահելներուն յիմարութեան մասին վերեւի վերլուծումը «մատը կը դնէ» այժմու սուր խնդրի մը վրայ: Շատերու համար, չէ վերջացած Յեղափոխութիւնը: Չեն ուզում որ վերջանայ, քանզի բաւարար գոհ չեն կամ լիովին դռգոհ են անոր արդիւնքներէն: Վարչապետը այս խնդիրն է որ նկատի պէտք է ունենայ, որովհետեւ ոչ միայն դա ինքն իրեն պիտի չլուծուի, այլ հաւանական է որ վատթարանայ:

    Ի դէպ, արտաքին ուժեր ալ կան, որոնք նոյնպէս, փաստօրէն դժգոհ են Հայաստանի Յեղափոխութեան արդիւնքներէն: Զուգադիպութիւն չէ որ անոնց ամենածանօթ եւ երեւելի փողա աշխը վերոնշեալ ջահելներուն միջոցներ է հայթայթում…

    Դրսից ոմանք ջանացին օգտագործել Փաշինյանը, չյաջողեցան: Հիմա այդ դրսեցիներն են Վարչապետին – եւ հետեւաբար երկրին – համար ամենամեծ վտանգը: Երանի կարելի լինէր որ ան իր ներքին թշնամիներուն հետ հաշտուէր, եւ միասնաբար դէմ դնէին այդ վտանգին: Սակայն արդէն դա կը լինի մի նոր, շատ աւելի իսկական եւ լիովին արդիւնաւէտ Յեղափոխութիւն: Եւ կը մնայ ուրեմն՝ երազ:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://haytougchamlian.blog/

  5. henri says:

    Վարչապետը պէտք է հետեւողական ըլլայ անձամբ և փութով առաջքն առնէ նման ՛՛շեղումներուն՛՛;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031