Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ մի թիզ հող. պաշտոնական Երեւանը կոշտացնում է դիրքորոշումը

Մարտ 06,2019 12:00

Փաշինյանն ու Ալիեւը համաձայնել են հանդիպել, սակայն ձեւաչափի թեմայից բացի՝ ի՞նչ ունեն նրանք քննարկելու

Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կողմերի հետ վերջին բանակցություններից հետո, օրերս արձանագրեցին համանախագահներն՝ իրենց տարածած համատեղ հայտարարությունում: Հիշեցնենք, փետրվարի 20-21-ը համանախագահները այցելել էին Հայաստան եւ Ադրբեջան, հանդիպել էին երկու երկրների ղեկավարներին ու ԱԳ նախարարներին:

«Տարածաշրջան կատարած մեր այցի ժամանակ առաջնորդները ներկայացրեցին հունվարին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած կարճատեւ երկխոսության մանրամասները», – տեղեկացրեցին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները, հավելելով՝ տարածաշրջան այցի ժամանակ կողմերի հետ քննարկել են տեղում ստեղծված իրավիճակն ու հաջորդ քայլերի վերաբերյալ նրանց ակնկալիքները: «Համանախագահները դրական են գնահատում շփման գծում կորուստների նվազումը եւ ողջունում տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու շուրջ քննարկումները: Երկու կողմերի առաջնորդներն ընդունեցին Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպում անցկացնելու՝ համանախագահների առաջարկը»,- նշվում է հայտարարությունում:

ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումների եւ կողմերի հետ ձեռք բերված համաձայնությունների մասին միջնորդները տեղեկություններ են փոխանցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ու կառույցում նախագահող երկրի՝ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին: Օրեր առաջ կառույցի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակն անկեղծացավ, թե ԵԱՀԿ-ն առաջընթացի նշաններ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում. «Վերջին զարգացումները մեզ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Շփման գծում մարդկային կորուստներն ու հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մենք տեսնում ենք, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացվում որոշակի պարբերականությամբ»: Լայչակը ընդգծել է, որ իր երկրի նախագահությունը հանձնառու է աջակցել հակամարտության բանակցված, խաղաղ եւ կայուն կարգավորմանը: Նա միաժամանակ հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւս դրական տպավորություն են ստացել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպումից:

ԵՄ-ն էլ իր հերթին անհամբերությամբ սպասում է ղարաբաղյան կարգավորմանը: ԵՄ-ն լիովին աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, անցյալ շաբաթ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ տարբեր ուղղություններով կան մի քանի դրական փոփոխություններ, մասնավորապես՝ «մենք ականատես ենք դարձել միջադեպերի աննախադեպ ցածր թվի: Հավանաբար, հակամարտության ողջ պատմության ընթացքում նման բան չի եղել»: Դրա հետ մեկտեղ երկրների ղեկավարների եւ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների արդյունքներով կողմերը դրական են արձագանքել: «Սա կարեւոր է առաջընթացի համար: Սակայն բուն գործընթացը չափազանց բարդ եւ նուրբ է: Մենք՝ որպես արտաքին գործընկերներ, կարող ենք վստահել միջնորդներին, ինչն էլ անում ենք: Միեւնույն ժամանակ մենք նրանց հետ քննարկում ենք հնարավոր մասնակցությունը, եթե իրադարձությունը դրական ուղղությամբ զարգանա»,- նկատել է Սվիտալսկին՝ հավելելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ գործնական հանդիպումների միջեւ շփումների կարեւորությունը: Այնուհետեւ դեսպանն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ կլինի խաղաղության հաստատման դեպքում աջակցել ԼՂ հակամարտության տարածաշրջանի վերականգնմանը:

Համանախագահների երեւանյան հանդիպումը, հիշեցնենք, կայացավ փետրվարի 20-ին: Նիկոլ Փաշինյանի եւ միջնորդների հանդիպմանը վարչապետը ներկայացրել էր հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձեւավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարեւորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Իսկ համանախագահների եւ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը, ասվում էր ԱԳՆ-ի հաղորդագրությունում: «Համանախագահներին, մասնավորապես, հետաքրքրում էին հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները եւ դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաեւ կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարեւորությունը»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Մինչ միջնորդները նախապատրաստում են Փաշինյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը եւ միջազգային հանրությունն էլ անհամբերությամբ տարածաշրջանում խաղաղության հաստատման է սպասում՝ Բաքուն փորձում է Փաշինյանի կողմից վերջին ամիսներին՝ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին հայտարարություններին ի պատասխան՝ հակազդող քայլեր ձեռնարկել: Համենայնդեպս, հրապարակային Բաքվից մերժում են այդ գաղափարը:

«Բանակցային ձեւաչափը փոխելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ բանակցային գործընթացը նպատակաուղղված փակուղի մտցնելու եւ տապալելու փորձ»,- անցյալ շաբաթ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, հավելելով՝ այս ամենի ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա: Նա նաեւ հավելել է՝ բանակցային ձեւաչափը հայտնի է, դրա փոփոխությունը չի եղել եւ չի կարող լինել քննարկման առարկա, իսկ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած շփումները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած հանդիպումները գործող ձեւաչափի ամենավառ վկայությունն են:

Բանակցային գործընթացում Արցախի ներգրավումն ակնհայտորեն կարող է դառնալ առաջիկա հանդիպումներում Բաքվի կողմից պաշտոնական Երեւանի ուսերին հնարավոր առաջընթացը «տապալելու» մեղքը բարդելու պատճառաբանություն, որն էլ իր հերթին կարող է մեծացնել անկանխատեսելիության գործոնը:

Միեւնույն ժամանակ, սակայն, պաշտոնական Երեւանն էլ իր հերթին էլ ավելի է հստակեցնում, կարծրացնում դիրքորոշումը, կարծես, կանխազգալով Ադրբեջանի կողմից հնարավոր անկանխատեսելի քայլերը:

Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները, օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, որն աշխատանքային այցով Արցախում էր եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել էր Հադրութից հարավ ընկած՝ Արաքս գետին հարող հատված, ուր, ըստ Արցախի հանրային հեռուստատեսության, կառուցվում է նոր բնակավայր՝ Արաքսավանը, 150 առանձնատներով եւ համայնքային նշանակության շինություններով: «Ծրագիրը, որը անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, որը իմ եւ ոչ միայն իմ, այլեւ բոլորի օբյեկտիվ գնահատականով՝ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու, որովհետեւ այն խոսքերը, արտահայտությունները եւ այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են այն թեման, որ հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են եւ այլն, այդ ծրագրի իրականացման արդյունքում, մենք հստակ ուղերձ ենք տալիս ողջ հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու մտադրություն չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները եւ շենացնեն մեր երկիրը», – ասել էր Վանեցյանը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից նման հայտարարությունն առավել քան կարեւոր է, եւ ըստ էության, որոշակիորեն նման արձանագրումը նշանակում է, որ ակնկալիքները թե՛ Բաքվից, թե՛ շահագրգիռ այլ երկրների ու կառույցների կողմից պաշտոնական Երեւանը հօդս ցնդեցնելու խնդիր է լուծում, ընդ որում՝ Արցախից, այն էլ ԱԱԾ ղեկավարի մակարդակով:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի մարտի 6-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  05.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031