Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանից Հայաստան գազի ներկրման ավելացման եվ Վրաստան տարանցման հնարավորությունները

Մարտ 06,2019 13:30

 ՀՀ վարչապետ Փաշինյանի Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում քաղաքական ամենաբարձր մակարդակով իրանական գազի ներկրման ծավալների ավելացման հարցի քննարկման նախաձեռնությունը տեղին և ողջունելի է, թեկուզ այն առումով, որ երկու երկրները ևս մեկ անգամ շեշտեցին, որ դա իրենց օրակարգում է: Դրա հետ կապված հանրությանը հետաքրքրում է խնդրի իրականացման հնարավորությունները:

Նախևառաջ` նշենք, որ բնական գազի ներկրման ավելացումը Իրանից Հայաստան որպես նպատակ իրականացվելու է բացառապես Վրաստանին տարանցիկ գազ մատակարարելու համար, և, ըստ այդմ, հնարավոր է, որպեսզի Հայաստանը ձեռքբերի գազի տարանցիկ երկրի կարգավիճակ: Դա իր հերթին ենթադրում է, որ գազի տարանցման համար Հայաստանը կարող է ստանալ եկամուտներ և դրանք ուղղել մասնավորապես՝ ՀՀ ներկրված գազի ներքին սպառման գնի նվազեցմանը: Քաղաքական առումով Իրանից Վրաստան գազի տարանցումը կբարձրացնի ՀՀ-ի տարածաշրջանում դերակատարության կշիռը, հաշվի առնելով նաև այն, որ մինչ այժմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Հայաստանը, չհաշված առանձին բացառությունները (Իրան և Վրաստան բարձրավոլտ էլեկտրաէներգիայի փախանցման ենթակառուցվածքները), գրեթե դուրս է մնացել տարածաշրջանային ենթակառուցվածքային նշանակության ծրագրերից և դրա մասին ամեն պատեհ առիթով թմբկահարում է Ադրբեջանը:

Աշխարհում գազի տարանցում չունեն Կիպրոսը, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Պորտուգալիան, Նորվեգիան և Հայաստանը, որը պայմանավորված է նրանց աշխարհագրական դիրքով՝ կղզում գտնվելու կամ գազի առաքման սկզբնակետում կամ մատակարարման վերջնակետում գտնվելու հանգամանքը: Մինչդեռ Հայաստանը գազի ստացման վերջնակետում լինելով իր աշխարհագրական դիրքով և այլ գործոններով պայմանավորված պոտենցիալ տարանցիկ երկիր է:

Գազի տարանցման խնդիրը Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան նոր չէ, որպեսզի գնահատենք գազի տարանցման այդ հնարավորությունը և ՀՀ-ի համար հնարավոր դիվիդենտների ձեռքբերումը անհրաժեշտ է այն դիտարկել մի քանի առանցքներով՝ տնտեսական, անվտանգության, գազի տարանցման միջազգային օրենսդրության պահանջների, տարածաշրջանային, քաղաքական, աշխարհաքաղաքական:

Առաջինը, այդ գործարքին անմիջապես մասնակցելու են 4 երկիր՝ Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը և այն ուղղակի առնչելու է Ադրբեջանի շահերի հետ: Հետևապես հարկ է հաշվի առնել նաև այդ 5 երկրների երկկողմանի հարաբերությունների սպեկտրը: Ի դեպ, նախկինում այս հարցը այս կամ այն չափով պարբերաբար արծածվել է Հայաստանի, Իրանի ու Վրաստանի կողմից: Ընդ որում, նման գործարքը ուղղակի հակասում է Ադրբեջանի շահերին, իսկ Ռուսաստանի համար խնդիրը միանշանակ չէ, այն տնտեսական շահերի առումով այնքան էլ ձեռնտու չէ, սակայն տարածաշրջանում քաղաքական նշանակության ենթակառուցվածքային հանգույցների կառուցման ու անուղղակի մասնակցության առումով գնահատականները այլ կարող են լինել:

ՀՀ վարչապետ Փաշինյանի Իրան պաշտոնական այցի ժամանակ իրանական գազի ներկրման ծավալների ավելացման հարցի քննարկումը պետք է դիտարկել խնդրի լուծման քաղաքական մտադրությունների մակարդակում, որին պետք է հետևի Վրաստանի քաղաքական արձագանքը և այնուհետև երկկողմ ու նաև բազմակողմ առևտրատնտեսական բանակցային գործընթացը:

Իսկ ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը բացի դրսևորած քաղաքական քայլից: Հարկ է արձանագրել, որ առկա իրավիճակում խնդրի լուծման առումով առկա են ավելի շատ սահմանափակումներ, որոնք և նեղացնում են նախաձեռնության իրականացման գործում ակտիվ քայլերը: Վրաստանին տարանցիկ գազ մատակարարելու համար Հայաստանը չունի գազամուղ, հայաստանյան գազամուղները, այդ թվում Իրան-Հայաստան գազամուղը պատկանում է ռուսական «Գազպրոմին», սակայն Հայաստանը որպես սուվերեն երկիր ունի տարանցման իրավունք և ըստ էության օգտվելու է այդ իրավունքի իրացումից: Հայաստանում առկա գազամուղը միաժամանակ կարող է օգտագործել տարանցիկ փոխադրման համար: Կազմակերպական առումով դա ենթադրում է, որ ՀՀ-ն պետք է ստեղծվի պետական կառույց, որը կիրականացնի դրա կազմակերպական ու տեխնիկական խնդիրները, քանի որ տարանցման իրավունքը պատկանում է ինքնիշխան Հայաստանին:

Մյուս խնդիրը այն է, որ Հայաստանը հնարավորություն չունի ներկրել բնական գազը ՀՀ ներքին սպառման համար, այդ իրավունքը Հայաստանը պայմանագրով զիջել է ՌԴ-ին և միայն ռուսական «Գազպրոմ»-ը կարող է Հայաստան բնական գազ ներկրել: Մինչ օրս Իրանից Հայաստան գազի ներկրումը ուղղվում է բացառապես գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային փոխանակման գործարքին (1 խմ գազի դիմաց 3,2 կՎտ էլեկտրաէներգիա): Այստեղ հարկ է նաև հիշել, որ Իրան-Հայաստան գազատարի տրամագիծը նախատեսված էր 1200 մլմ, սակայն ըստ փորձագիտական գնահատումների Ռուսաստանի ճնշմամբ, որպեսզի ՀՀ-ն չունենա գազի տարանցման հզորություններ, 2007 թ. կառուցվեց 700 մլմ գազատար, որի առավելագույն թողունակությունը տարեկան կարող է կազմել մինչև 2 մլրդ խմ գազ, որը մոտավորապես հավասար է Հայաստանի մեկ տարվա գազի սպառմանը: Ի դեպ, դա կանխում է Վրաստանի կողմից Հայաստանի գազի տարանցումը փակելու ռիսկը: Այդ սցենարի դեպքում ռուսական «Գազպրոմը» և ոչ թե Հայաստանը կներկրի մեր երկրի համար անհրաժեշտ գազի ծավալը Իրանից: Ներկայումս Իրանից Հայաստան գազամուղը էլեկտրաէներգիայի դիմաց գազի բարտերային փոխանակման սխեմայով գործում է իր հզորության շուրջ կիսով չափ, հետևապես գազամուղը տեխնիկապես կարող է ծառայել Վրաստան իրանական գազի տարանցման համար:

Խնդրի լուծման առումով առանցքային է Վրաստանի դիրքորոշումը: Հայաստանով իրանական գազի տարանցման համար, Վրաստանը ցանկություն պետք է հայտնի ձեռքբերել իրանական գազը: Իսկ դրա մոտիվացիան Վրաստանի դեպքում հարկ է դիտարկել խնդրի ամբողջ սպեկտրով, ներառյալ՝ քաղաքական, անվտանգության, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և երկկողմ՝ Վրաստան – Իրան, Վրաստան – Հայաստան, Վրաստան – Ադրբեջան հարաբերությունների առանցքով:

Վրաստանի կողմից Իրանից գազ ներկրելու մտադրության կանխավարկածը առկա է ելնելով նրանից, որ ներկայումս Վրաստանը գազը ներկրում է միայն Ադրբեջանից և կարիք ունի դիվերսիֆիկացնելու և թուլացնելու կախվածությունը ադրբեջանական գազից: Այդ դեպքում ուղղակի լուծվում է տնտեսական անվտանգության խնդիրը և գազի որպես միակ մատակարարի՝ Ադրբեջանի քաղաքական ներգործության լծակի որոշակի չեզոքացումը: Վրաստանը գազ չի գնում ռուսական «Գազպրոմից», քանի որ պաշտոնական Թբիլիսին դա քաղաքական նկատառումներով համարում է անցանկալի, հետևապես լուծում է գազի ներկրման դիվերսիֆիկացման խնդիրը առանց Ռուսաստանի: Չնայած դրան, վրացական քաղաքական շրջանակներում ՌԴ-ից գազի ներկրման տարբերակի վերականգնումը չեն բացառում, նշելով որ ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ կիրառող Եվրամիության երկրները օգտագործում են ռուսական գազը:

Մյուս կողմից, աշխարհաքաղաքական առումով Վրաստանը լինելով արևմտյան քաղաքական վեկտորի ներքո, պատրաստ կլինի արդյոք ընդդիմանալ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ տնտեսական սանկցիաների կոշտացման պահանջին: Այս առումով կարծես դա իրանական գազի տարանցիկ ներկրման լուրջ խոչընդոտների շարքում պետք է դիտարկել:

Որպես այդպիսին քաղաքական և տնտեսական մակարդակով խնդիրը Իրանի ու Վրաստանի օրակարգում որոշակի արդիականությամբ մշտապես առկա է եղել: Մասնավորապես, օրինակ՝ 2016թ. շրջանառվում էին լուրեր, որ նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 մլն խմ. գազ (Վրաստանի գազի պահանջարկի շուրջ 20 տոկոսը): Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրենը հայտարարել էր, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:

Իրանից Վրաստան գազի տարանցիկ ներկրման մտադրությունը իրականացնելու համար Վրաստանն ու Իրանը պետք է համաձայնության գան նաև իրանական գազի գնի շուրջ, որը ըստ տրամաբանության չպետք է բարձր լինի ադրբեջանական գազի գնից: 2018 թ. Վրաստանը ադրբեջանական գազը գնում էր արտոնյալ գնով. բնակչության համար հազար խմ.՝ 120 դոլար, ՋԷԿ-րի համար հազար խմ.՝ 143 դոլար: Իրանից Վրաստան գազի ներկրման հարցի արդիականացումը կարող է կապվել Ադրբեջանի կողմից մատակարարվող գազի գնի բարձրացման հետ, որի մասին լուրեր են շրջանառվել մամուլում: Ըստ փորձագիտական աղբյուրների ադրբեջանական գազը Վրաստանը ներկայումս գնում է հազար խմ. 165 դոլարով:

Վերը նշվեց, որ Վրաստանը գազ չի գնում «Գազպրոմից», քանի որ պաշտոնական Թբիլիսին դա քաղաքական նկատառումներով համարում է անցանկալի: Մինչդեռ, Վրաստանը ստանում էր ռուսական գազ որպես Հայաստան գազի տարանցման միջնորդավճար, և այդ գազի չափաքանակը հավասար էր Հայաստան ներկրվող գազի արժեքի 10 տոկոսի ֆիզիկական ծավալին կամ 200 մլն խմ. գազի: Ի դեպ, դա գնահատվում էր չափազանց անհամաչափ պայման ի օգուտ Վրաստանի և այն հակասում է գազի տարանցման միջազգային առևտրի կանոններին: Այդպիսին է եղել Վրաստանի հետ գազի տարանցման պահանջը, որը վերանայվել է և 2017 թ. Հայաստանի գազի տարանցման համար վճարվել է խառը համակարգով` մասամբ փողով և մասամբ գազով, իսկ 2018 թ. համաձայն տարանցման պայմանագրի վճարվել է ամբողջությամբ միայն դրամական վճարումների տեսքով: Այսօր Վրաստանը շուրջ 2,5 մլն խմ. գազ է սպառում, որի 90%-ը գնում է Ադրբեջանից: Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի տարանցման համար ստանում է 5 տոկոս գազ, բրիտանական «British Petroleum» նավթային ընկերությունից: Իր գազի պահանջարկի մնացած 1,7 մլրդ խմ. Վրաստանը ստանում է ադրբեջանական պետական «SOCAR» ընկերությունից «Գազիմագոմեդ -Ղազախ» գազամուղով: Վրաստանը ունի նաև 9,4 մլն խմ գազի տեղական արդյունահանում:

Ինչ վերաբերվում է Հայաստանով գազի տարանցմանը, ապա իրանական բնական գազը ֆիզիկապես Հայաստանից Վրաստան չի տարանցվելու, Վրաստանը այդ նույն չափաքանակը վերցնելու է Հայաստան մտնող ռուսական գազամուղից, իսկ Հայաստանը նույն չափաքանակով կավելացնի Իրանից ներկրվող գազի քանակը: Հետևապես ռուսական կողմը լինելով տարանցման գործարքի պասիվ կողմ, իրականում ունի այդ նույն գործարքի վրա ազդելու ամենաակտիվ լծակները՝ ֆիզիկական ենթակառուցվածքներ ու նաև պայմանագրերով ամրագրված իրավունքներ: Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի ռազմաքաղաքական գլոբալ ու սերտ ռազմավարական հարաբերությունները (երկուսն էլ գտնվում են ԱՄՆ-ի կոշտ տնտեսական սանկցիաների տակ, ինչպես նաև սերտ համագործակցում են Սիրիայում, համագործակցում են իրանական միջուկային ծրագրի շրջանակներում, միջազգային ու երկկողմանի տարբեր ծրագրերում, այդ թվում կասպյան ավազանի երկրների շրջանակում, թվարկումը շատ երկար է) Ռուսաստանը կարող է նաև ուղղակի ազդեցություն ունենալ Վրաստան մատակարարվող իրանական գազի գնի վրա, ինչպես նաև Հայաստանին թելադրել տարանցման պայմանները:

Այստեղ չի կարելի անտեսել Ադրբեջանի ՌԴ-ի գազային ոլորտի հարաբերությունները: Ադրբեջանական ​​«SOCAR» պետական ​​ընկերությունը մտադիր է մինչև 2020 թ. երկարացնել «Գազպրոմից» ռուսական գազի գործող պայմանագիրը և, ընդ որում, շահագրգռված է տարեկան մինչեւ 1 մլրդ. խմ. գազ ներկրել: Խնդիրը կայանում է նրանում, որ 2000-ական թվականներից Ադրբեջանը ակտիվորեն զարգացրել է գազի արտահանումը Վրաստան և Թուրքիա, սակայն, 2017 թ. ադրբեջանական գազի դեֆիցիտի պատճառով ստիպված վերադարձել է «Գազպրոմից» գնումներին: Փորձագետների կարծիքով «SOCAR»-ը 2020 թ. կզսպի ռուսական գազի ներմուծման ծավալների մեծացումը, մյուս կողմից դրա հակազդող գործոն կարող է հանդիսանալ Ադրբեջանի սպառողների և Վրաստանի պահանջարկի աճը:

ԽՍՀՄ-ի ժամանակ Ադրբեջանի գազը մատակարարվում էր Ռուսաստանից, այդպես է եղել նաև 90-ական թվականներին, սակայն 2000-ականների սկզբին Ադրբեջանում հայտնաբերվեց «Շահ Դենիզ» հարուստ գազի հանքավայրը: Դրանից հետո 2006 թ. Ադրբեջանը հրաժարվեց «Գազպրոմ»-ի գազից և սկսեց իր գազը արտահանել Վրաստան և տարանցումով Թուրքիա: Սակայն, 2017 թ. նոյեմբերին «SOCAR»-ը վերադարձավ ռուսական գազի ներկրմանը, քանի որ իր գազի ծավալները բավարար չէին Ադրբեջանում և Վրաստանում գազի աճող պահանջարկի բավարարմանը և պայմանավորվեց «Գազպրոմի» հետ պայմանագրի ծավալը հասցնել 1.6 մլրդ. խմ: «SOCAR»-ի համար ռուսական գազի գինը շատ բարձր է Ադրբեջանի ներքին շուկայում շահութաբեր վաճառքի համար, այնպես որ ընկերությունը ռուսական գազը ուղղում է Վրաստանի արտահանմանը:

«SOCAR»-ի պլանների համաձայն 2020 թ. ռուսական գազի ներմուծումը կարող է դադարեցվել, քանի որ ընկերությունը ֆրանսիական «Total»-ի հետ համատեղ ներդրումների հաշվին կշահագործի «Ապշերոն» հանքավայրը (տարեկան 1,5 մլրդ խմ.): Բացի այդ, 2019 թ. սկսած կսկսվի «Շահ Դենիզ»-ի զարգացման երկրորդ փուլը, սակայն այդ գազը ամբողջությամբ նախատեսված է Թուրքիա և Եվրոպա արտահանելու համար:

Ադրբեջանական «Շահ Դենիզ-2» հանքավայրի երկրորդ փուլի շահագործումից ու նաև «Տանապ» (Trans-Anatolian gas pipeline) և «Tap» (Trans-Adriatic) նախագծերի գործարկումից հետո «Հարավային գազային միջանցքով» Ադրբեջանի «Շահ-Դենիզ-2»ի բնական գազը կտեղափոխվի Եվրոպա, որն ի դեպ, արդեն գործարկված է: Պահպանողական կանխատեսումով Ադրբեջանում գազի ներքին պահանջարկը 2020 թ. կկազմի 12 մլրդ. խմ: 2017 թ. այն կազմել է 12.7 մլրդ. խմ, իսկ 2012-2017 թթ. Ադրբեջանում գազի պահանջարկը աճել է 20 տոկոսով: Նույն տարիների ընթացքում Վրաստանում պահանջարկը աճել է 38 տոկոսով, կազմելով 2,5 մլրդ. խմ:

Մեկ այլ հարց է գազի տարանցման միջազգային օրենսդրության պահպանումը և դրա ընձեռած հնարավորությունների օգտագործումը: Սկսենք նրանից, որ ՀՀ սահմանված է բնական գազի փոխադրման սակագինը, բնական գազի բաշխման սակագինը, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման սակագինը և սահմանված չէ գազի տարանցման սակագինը, քանի որ տարանցում մինչ օրս չի իրականացվել: Տարանցման սակագնի սահմանումն ու դրա հետ կապված այլ գործընթացների կազմակերպումը ենթադրում է միջազգային իրավունքի նորմերով առաջնորդում: Միջազգային իրավունքի առումով գազի տարանցման իրավական խնդիրները կարգավորվում են Լիսաբոնի 1994 թ. Էներգետիկ խարտիայի բազմակողմ պայմանագրով, որին միացել են նաև Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը: Դրանով է կանոնակարգվում էներգակիրների այդ թվում՝ գազի տարանցման և էներգիայի միջսահմանային փոխադրման ենթակառուցվածքների գործունեությունը: Մասնավորապես, էներգետիկ խարտիան կանոնակարգում է էներգակիրների միջսահմանային առևտրի և տարանցման ընդհանուր սկզբունքները, ներառյալ՝ հասանելիության կարգավորումը, սակագները, հզորությունների դեֆիցիտի կառավարման և արտակարգ իրավիճակների արձագանքման կառուցակարգերը:

2006 թ. Էներգետիկ խարտիայի քարտուղարությունը հրապարակեց ուսումնասիրություն պայմանագրի անդամ երկրների գազի տարանցման սակագների մասին: Գազի սակագները և երրորդ կողմի մուտքի ռեժիմը դիտվում են որպես ենթակառուցվածքների և էներգետիկ շուկաների մատչելիության հիմնական գործոն: Եվրամիությունը դասական առումով որպես մատչելիության գործոն օգտագործում է միաժամանակ երկու նշված լծակները՝ սակագնի կարգավորումը և երրորդ կողմի մուտքի ռեժիմը (ԵՄ-ի 2009/73/EU դիրեկտիվի 32 հոդվածը): Հայաստանը իրեն զրկել է կարգավորման երրորդ կողմի մուտքի ռեժիմի կիրարկման հնարավորությունից, քանի որ ՀՀ-ում շահագործվող բոլոր գազատարների նկատմամբ իրավունքները միջպետական պայմանագրով պատկանում են ռուսական «Գազպրոմին»: Սակայն, Հայաստանը այդ առումով միակը չէ, երրորդ կողմի մուտքի ռեժիմը նախատեսված չէ նաև Կիպրոսում, Էստոնիայում, ֆինլանդիայում և Լատվիայում, որի պատճառը այդ երկրների մեկուսացված և զարգացող շուկաներն են: Իսպանիայում գործում է վաղեմի տարանցման համաձայնագիր՝ Մարոկոյից մինչև Պորտուգալիա գազամուղի համար, որը դուրս է մնացել երրորդ կողմի մուտքի մասին ընդհանուր պահանջներից: Ի դեպ, Հայաստանի դեպքում երրորդ կողմի մուտքի մասին պահանջը չի գործել նաև մինչև «Հառուսգազարադ»-ի վերջին 20 տոկոսի օտարումը ռուսական «Գազպրոմ»-ին, որը հիմնավորվել է համակարգի հուսալիության, անվտանգության և տեխնիկական պահանջների ապահովման պահանջով:

Նշենք նաև, որ էներգետիկ խարտիայի պայմանագիրը չի պարունակում համակարգին երրորդ կողմի մուտքի ռեժիմի պարտադիր պահանջ: Իրականում այդ ռեժիմը դեռևս չի գործում Խարտիայի արևելյան գոտու մասում: Այդ երկրներում կարգավորվող սակագները օգտագործվում են ներքին հոսքերի համար, իսկ տարանցումը սովորաբար շարունակում է մնալ միջպետական ​​համաձայնագրերի կարգավորման ներքո:

Խարտիայի տարածքի արևմտյան մասում արդեն ներդրված է երրորդ կողմի մուտքի ռեժիմի պարտադիր պահանջը: ԵՄ-ում վերացվել է տարանցիկ և ներքին առաքումների միջև տարբերությունը: Որոշ դեպքերում տարանցիկ ծառայությունների սակագները կարող են տարբեր լինել, օրինակ` պայմանավորված այն հանգամանքով, որ կանոնակարգը թույլ է տալիս հաշվի առնել տարանցիկ փոխադրումների շուկայական միջավայրը առանձնահատկությունը, ներքին փոխադրման համեմատ:

Եվրամիությունը շատ կոշտ հետևում է գազի փոխանցման ցանցերի և գազի արդյունահանման ու մատակարարման համակարգերի տարանջատման պահանջին (գործառույթների արդյունավետ բաժանման սկզբունքը), որի չպահպանումը դիտարկվում է ցանցի շահագործման մեջ խտրականության ռիսկ, ինչպես նաև ուղղահայաց ինտեգրված ձեռնարկություններում ներդրումների խրախուսում: ՀՀ-ում նման տարանջատում չկա, քանի որ այդ գործառույթները իրականացնում է միևնույն օպերատորը: Ի դեպ, Էստոնիան, Լատվիան, Ֆինլանդիան և Կիպրոսը ազատված են գործառույթների տարանջատման պահանջից կապված՝ զարգացող և մեկուսացված շուկաների կարգավիճակի հետ: Միջազգային պրակտիկան վկայում է, որ ոչ մի երկրում չկա տարանցման համար սահմանված առանձին ռեժիմ, սակայն առանձին ռեժիմը կարող է հիմնվել միջպետական համաձայնագրերի վրա:

Տարանցման սակագների կարգավորման խնդրի առումով հարկ է նշել, որ դրանց կառուցման պահանջը հանգում է նրան, որ տարանցիկ սակագները չլինեն խտրական ծագման երկրի նկատմամբ, մատակարարման ուղղության և տարանցիկ էներգիայի նյութերի ու արտադրանքի սեփականատիրոջ նկատմամբ: Միևնույն ժամանակ, սակագների կառուցման կամ տարիֆիկացիայի մեթոդների բազմազանությունը վկայում է, որ գոյություն չունի համընդհանուր մոդել և երկրները իրավասու են ինքնուրույն ընտրել թափանցիկության պահանջներին համապատասխանող փորձարկված այն մեթոդները, որոնք կապահովեն խտրականության բացառումը և սակագնում իրական ծախսերի արտացոլումը:

ՀՀ-ի համար գազի տարանցման համար առավել կարևոր է խնդիրներից է գազատար ցանցի օգտագործողների համար սահմանվող պետական պարտադիր վճարների՝ հարկերի և տուրքերի սահմանումը: Տարանցման սակագինը գանձվում է շահառուներից որպես ներդրումների ու ֆինանսավորման, գազամուղի շահագործման և պահպանման հետ կապված ծախսերի, ինչպես նաև օպերատորի եկամտի փոխհատուցում: Մինչդեռ գանձվող պետական պարտադիր վճարը գանձվում է որպես տվյալ երկրի տարածքով անցնելու իրավունքի դիմաց հարկ, ինչպես նաև երկրի կողմից մատուցվող ծառայությունների համար տուրք (օրինակ՝ գազատարի պահպանությունը): Դրանք ուղղակի կապված չեն գազի տարանցման ծախսերի հետ:

Էներգետիկ խարտիայի տարանցման արձանագրությունը նախատեսում է, որ գազի տարանցման համար գանձվող պետական ​​հարկերն ու տուրքերը պետք է համապատասխանեն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին և համաչափ լինեն տարանցման կամ մատուցվող ծառայությունների վարչական ծախսերի մեծությանը: Դրա հետ կապված գազի տարանցում իրականացնող բազմաթիվ երկրներ հայտարարում են ԱԱՀ-ի, պետական ​​և տեղական հարկերի կամ վճարների կիրառման մասին:

Օրինակ՝ Վրաստանը գտնում է, որ գազի տարանցման դեպքում կարող է լինել հարկային ռեժիմի տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ Հարավկովկասյան գազամուղի տարանցման համար, որի միջոցով գազը ադրբեջանական «Շահ Դենիզ»-ից տեղափոխվում է Թուրքիա: Պայմանագրի համաձայն Վրաստանը գազամուղի կոնսորցիումից ստանում է տարանցվող գազի ծավալի 5 տոկոսի չափով նվազագույն վճար՝ գազի բնաիրային տեսքով, որպես միաժամանակ հաստատագրված հարկ և գազատարի անվտանգության ապահովման պարտավորության փոխհատուցում: Գազատարի խողովակաշարի վնասի դեպքում (օրինակ՝ դիվերսիայի արդյունքում) Վրաստանը պատասխանատվություն է ստանձնում վնասների փոխհատուցման համար, որը չի գերազանցելու պետական ​​հարկի ու տուրքի միասնական գանձված ընդհանուր գումարը: Վրաստանում տարանցումը ենթակա չէ ավելացված արժեքի հարկման: Բացի դրանից Վրաստանը իրավունք է ստանում 20 տարվա ընթացքում ձեռքբերել լրացուցիչ ծավալների գազ արտոնյալ գնով:

Այսպիսով, Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի տարանցման մտադրությունը կարող է իրականություն դառնալ բարդ երկկողմ և բազմակողմ ուղղակի և անուղղակի բանակցությունների և միջազգային իրավական կարգավորումների ներքո ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում: Միջազգային պրակտիկայում կիրառվող վերը նշված մոտեցումներն ու չափորոշիչները վկայում են, որ գազի տարանցման դեպքում Հայաստանը պետք է ողջամիտ հավասարակշռի իր և տարանցման մասնակից երկրների շահերը:

ԱՐԱ ՔԱՌՅԱՆ

«Լոգիկա գործարար և ֆինանսատնտեսական անկախ

 հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տ. գ. թ., դոցենտ 

 «Առավոտ» օրաթերթ, 

05.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031