Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Տիգրան Սուքիասյանի հետ
– Թատերասերների ու մասնագետների մոտ հաճախ տպավորվում է արվեստագետի առաջին աշխատանքը, ձեր դեպքում, եթե չենք սխալվում, 2010թ. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում Ժան-Պոլ Սարտրի «Հարգարժան Լիզին» հոգեբանական դրաման էր…
– Դա իմ դիպլոմային աշխատանքն էր (ղեկավար՝ Վահե Շահվերդյան), որը ընդգրկվեց թատրոնի խաղացանկ եւ վերջին անգամ ներկայացվեց 2016թ. Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: «Լոռի» ժամանցի կենտրոնում էլ բեմադրել եմ մեկ-երկու ներկայացում եւս. Էլֆիք Զոհրաբյանի «Թեթեւ տարեք» տրագիկոմեդիան, Իլյուխովի պիեսներից…
– Հետո մեկնեցիք Մոսկվա:
– Այո, մեկնեցի Մոսկվա, բայց մինչ այդ 2008-ին վերապատրաստվել եմ դերասանի վարպետություն մասնագիտությամբ՝ Մոսկվայում Կալյագինի ղեկավարած թատերական գործիչների միության դերասանական վարպետության ամառային դպրոցում: Որպես ռեժիսոր 2016թ. մասնակցել եմ Սերգեյ Բեզրուկովի ղեկավարությամբ մոսկովյան «Գավառային թատրոնի» ռեժիսորական լաբորատորիայի աշխատանքներին (արտերկրից հրավիրված միակ ռեժիսորն էր- Ս. Դ.) եւ իրականացրել «Էսքիզ» բեմադրությունը՝ ըստ Մաքսիմ Գորկու «Ժամանակավրեպ մտքեր» հոդվածաշարի (հիշյալ լաբորատորիայում հրավիրված մասնագետներին բեմադրության համար տրվում է ընդամենը 7 օր- Ս. Դ.): Ուսանել եմ նաեւ Գենադի Դադամյանի անվան բեմարվեստների բարձրագույն դպրոցում՝ թատրոնների կառավարում եւ բեմական արվեստների մենեջեր մասնագիտություններով:
– Վերջերս եք վերադարձել Մոսկվայից: Կուզեինք իմանալ ձեր մտադրության մասին՝ կշարունակե՞ք ստեղծագործել Աբելյանի թատրոնում, թե՞…
– Պայմանավորվածություն ունեմ Մոսկվայի իսկապես հեղինակավոր թատրոններից մեկի հետ (ոչ անունը բարձրաձայնեց, ոչ մանրամասնեց- Ս. Դ.):
– Այսինքն՝ ձեր հետագա գործունեությունը տեսնում եք Ռուսաստանում: Այնտեղ կանդրադառնա՞ք հայ հեղինակների:
– Միանշանակ՝ այո, կոնկրետ՝ Մոսկվայում: Մտքումս երկու գործ է (չմանրամասնեց- Ս. Դ.): Ի դեպ, ցանկություն ունեմ դասավանդել Դսեղում COAF Smart կենտրոնում երկու ծրագրով՝ «Անհատականության ձեւավորում եւ զարգացում թատերական խաղերի միջոցով 9-12 տարեկան երեխաների համար» եւ 13-17 տարեկանների համար՝ «Դերասանի վարպետություն»: Շա՜տ կուզենայի այստեղ աշխատել սերնդակիցներիս հետ նույնպես…
– Ի՞նչն է ձեզ խանգարում:
– Անկեղծ ասած՝ մինչ օրս խանգարող ոչ մի հանգամանք չեմ ունեցել՝ ոչ այստեղ, ոչ դրսում, իսկ եթե «կռիվ»՝ միայն ինքս ինձ հետ:
– Հնարավո՞ր է, որ արվեստագետի մոտ ամեն ինչ հարթ ընթացք ունենա:
– Ցանկացած գործի հաջողություն գալիս է նախապատրաստական փուլից: Իսկ երբ այդ փուլը կաղում է կամ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ուրեմն պարզապես պետք չէ շարունակել այն: Հակառակ դեպքում արդյունքը կլինի մեկանգամյա ներկայացում: Հնարավոր է նույնիսկ այդ ներկայացումը թատերագետների կամ հանդիսատեսի հավանությանն արժանանա, բայց միեւնույն է՝ ինձ այն չի բավարարի… Ցանկացած արվեստագետ ինքը գիտի իր պլյուսներն ու մինուսները, խոսքը կայացածների մասին է, որոնք երբեք ինքնախաբեությամբ չեն զբաղվում:
– Որպես մոսկվաներում «ծառայած» ռեժիսորի, կուզեինք լսել ձեր կարծիքը եւս այսօր մեզանում ընթացող թատերական խմորումների մասին:
– Այս պահին կարծիք չեմ կարող հայտնել պարզ պատճառով. շուկային ամբողջովին չեմ տիրապետում: Սակայն մի բան հստակ կարող եմ ասել՝ ոլորտը կառավարման ժամանակակից ձեւաչափերից շատ հեռու է: Ավելին՝ այսօր թատրոնի ադմինիստրատիվ կազմը չգիտի ինչ ունի, հետեւաբար չեն էլ կարողանում ունեցածը ճիշտ ներկայացնել: Պարզապես պետք է գնահատել ունեցածը: Ադմինիստրատիվ կազմը պետք է հանդես գա արվեստի պատգամավորի դերում, այլ ոչ մուրացիկի, այսինքն՝ հովանավորի հետ բանակցություններ վարվի հավասարի իրավունքով: Բարդ չէ, անհրաժեշտ է ընդամենը գրագետ մենեջմենթի, մարքեթինգի ներկայությունը: Թե չէ այսօր թատրոնն իր ուղեծրից դուրս է եկել, դարձել է ժամանցի վայր, մինչդեռ բոլորովին այլ է թատրոնի առաքելությունը: Տեղին է օրինակ բերել Ռուսաստանում թատերարվեստի գիտակ Գենադի Դադամյանի հետեւյալ միտքը՝ «Թատրոնը նման է թռչունի, որին ճախրելու համար անհրաժեշտ են երկու ամուր թեւեր, մեկը թատրոնն է իր ողջ կազմով, մյուսը՝ պետական հովանավորությունը»:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
05.03.2019