Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրթության հեղափոխական սպասումները

Մարտ 06,2019 12:30

2018թ. ապրիլյան օրերին մեր երկրում մեզանից յուրաքանչյուրը հեղափոխական շարժման մասը դարձավ հեղափոխության իր պատկերացումներով, ակնկալիքներով: Հենց շարժման օրերին ոմանք ձեւակերպեցին հեղափոխության հստակեցված օրակարգ տեսնելու պահանջը: Մյուս կողմից՝ շարժումն այնքան ընդգրկուն դարձավ ու այնքան բուռն զարգացավ, որ, թվում էր, առանց կոնկրետացնելու էլ յուրաքանչյուրիս մտքում առանձին եւ բոլորիս մտքում միասնական կար հեղափոխական ծրագիր: Չէ՞ որ ամեն մեկս, լինելով երկրի քաղաքացի, նույն համակարգում, նույն մթնոլորտում, շատ լավ գիտակցում էինք, թե ինչից ենք ուզում ազատվել եւ ինչին ենք ձգտում:

Երեւի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նման ծավալի ու ձեւաչափի հեղափոխությունը ենթադրում էր հաջորդող գաղափարական բում` խնդիրների, պատճառների, լուծումների ճանապարհների մասին առաջարկների, քննարկումների տեսքով: Հեղափոխության պահանջի առանցքային պատճառներից մեկը երկրում մարդկանց զգալի մասի օտարվածությունն էր իրենց ոլորտների զարգացման եւ որոշումների կայացման գործընթացներից: Եվ տրամաբանական է, որ հեղափոխության օրակարգում լիներ մասնագիտական լայն շրջանակների համախմբումը՝ կարճատեւ եւ երկարատեւ հեռանկարում լուծումներ գտնելու համար: Մինչեւ հեղափոխությունն էլ կային ֆորմալ ճանապարհներ` ասելիք տեղ հասցնելու, բայց խոսքը լայն հարթակների, վերեւից կազմակերպված նախաձեռնության մասին է: Խոսքը իրական երկխոսության մասին է, որտեղ կա շահագրգիռ հասցեատեր, հետադարձ կապ եւ այլն:

Խնդիրների եւ լուծումների տարերային խմորումների հիմնական հարթակները մնացին սոցցանցերը, մամուլը, փոքր շրջանակների փակ հանդիպումները: Մի քանի ամիս առաջ արդեն ցանկություն ունեի օգտվելու մամուլի հոդվածների հնարավորությունից, որը սոցցանցերից ավելի լայն լսարան է ենթադրում: Իրադարձությունների հետագա զարգացումը միայն հաստատեց նման նախաձեռնության տեղին լինելը: Որքան շատ եւ որքան ավելի բաց շրջանակում փորձենք ներկայացնել մեր մտածած «հեղափոխական» քայլերը, այնքան կնպաստենք մտքերի փոխանակմանը, հետեւաբար նաեւ շոշափելի հեղափոխությանը: Ինչ կանեինք մենք կամ ինչ կուզեինք, որ արվեր կամ արվի:

Հոդվածները վերաբերելու են կրթության ոլորտին, առավելագույնս ձգտելու են առաջարկների եւ դրանց արդյունավետության հիմնավորմանը: Հոդվածները կընդգրկեն տարբեր հարթության հարցեր: Առանց «վերին» ճշմարտությունների հավակնության` լինելու է փորձ` խթանելու կրթական մտորումները եւ դրանց օգտակար ազդեցությունը: Տեւական ժամանակ նկատում եմ, որ կրթությանը վերաբերող քննարկումները գրեթե միշտ ունենում են «կրթության այսինչ կամ այնինչ խնդիրները» ձեւակերպումը: Եվ մենք որոշ բացառություններով հայտնվում ենք խնդիրները եւ միայն խնդիրները հրաշալի տեսնելու շրջապտույտի մեջ:

Կրթության ոլորտում խնդիրների վրա կենտրոնանալուն նպաստում են վաղուց ստեղծված տաբու-աքսիոմները, մասնավորապես` կրթական լուրջ զարգացումները հնարավոր են միայն մեծ ֆինանսներով: Չունենք ֆինանս, ավելորդ են լուծումները կամ միակ լուծումը հենց ֆինանս հայթայթելն է: Եվ երկրորդ, որ կրթության մեջ բարեփոխումները ուշ են արդյունք տալիս, հնարավոր չէ ոլորտը դնել արագ զարգացման ռելսերի վրա: Ահա սրանցով փակվում է կրթության ոլորտում հեղափոխական սպասումների արագ իրագործման դուռը:

Երբ այս «անվերապահ» պնդումներին ավելանում է կրթության կառավարիչների կողմից բացառապես ստանդարտ քայլերի վրա սեւեռվելը, այն է` պետական բյուջեից կրթության մասի ավելացում, դասագրքերի, ծրագրերի ստեղծման երկարատեւ գործընթաց (իսկ մեզանում հենց այս սեւեռմանն ենք ականատես), կրթության շահառուները ընկնում են անհուսության գիրկը: Փոփոխությունը կլինի տարիներ հետո, մենք ու մեր երեխաները չենք տեսնի: Կամ ինչպես կյանքում ինձ հանդիպած իմ լավ բարեկամն էր ասում` «լավ կլինի, մենք չենք լինի»:

Կրթական խոսակցություններին նպաստելու նախաձեռնությունս միտված է նաեւ կարեւորելու «կրթական հեղափոխության» անհրաժեշտությունը ոչ պակաս, քան այլ ոլորտներինը: Ես տարակուսած եմ, թե ինչու նման հզոր ազգային ալիքից հետո հայտարարվեց միայն «տնտեսական հեղափոխության» փուլ: Դեռ մի կողմ, թե որքան արդյունավետ կլինի պետության համար մի ոլորտի առանձնացումը: Բայց ապրիլյան շարժումը այնպիսի հոգեւոր էներգիայով էր լցրել մարդկանց, որ ամեն մեկը պատրաստ էր սարեր շուռ տալու իր ոլորտում: Չեմ պատրաստվում կրթության կարեւորության մասին ասվածը կրկնելու: Հենց այս շարժումը նվաճել էր ազգային միասնականության, նվիրվելու մի աստիճան, որի պահպանումը, որի ռեալիզացնելը տարբեր ոլորտներում, թվում է, հեղափոխության այլընտրանք չունեցող օրակարգ էր:

Ապրիլյան օրերին բոլորս ունեինք շատ թանկ մի զգացողություն` «մենք» լինելու, մեր անձնային կյանքից բարձրանալու զգացումը: Եվ առաջինը, որ մեզ պետք էր, այնպիսի ծրագրերն էին, այնպիսի նախագծերը, որոնք հնարավոր կդարձնեին «մենքի» ներուժի համախմբման շարունակականությունը: Ահա այստեղ է, որ կրթությունը կարող էր եւ հույս ունեմ, որ դեռ կարող է դառնալ «մենքի» հոգեւոր էներգիայի դրսեւորման միջոց եւ նպատակ:

Կրթական տարածություն: Հեղափոխական շարժման ընթացքը ինքնին ստեղծեց հանրային համախմբման եւ ի սկզբանե անիրականանալի նպատակին հասնելու մոդել: Փոքր խմբի նախաձեռնությունը աստիճանաբար վերածվեց ընդհանուր նպատակի շուրջ համահայկական շարժման: Լավ կլիներ եւ կլինի գիտակցել, որ երկրի համար կենսական նշանակություն ունեցող կրթության ոլորտում հենց այս մոդելը մեզ թույլ կտա սկզբնավորելու հզոր կրթական շարժում մի քանի ուղղություններով միաժամանակ` կրթական տարածությունը, միջավայրը, մթնոլորտը, բովանդակությունը իրապես բարեփոխելու:

Սպասել, թե երբ տեղի կունենա տնտեսական հեղափոխությունը կամ տարեցտարի կավելանա բյուջեի կրթության մասնաբաժինը, նշանակում է սառեցնել ոչ միայն կրթական ոլորտի զարգացումը, այլեւ երկրի մթնոլորտի համար շատ կարեւոր փոփոխությունը ընդհանրապես: Ինչը, եթե ոչ կրթությունն է երկրի առողջ մթնոլորտի ստեղծողը: Այն խենթությունը, ոչ ստանդարտ քայլերը, որոնցով իրագործվեց հեղափոխական շարժումը, կարող էինք շարունակել կրթական ոլորտում:

Դեռ հեղափոխությունից ամիսներ առաջ համացանցում տարածվել էին որոշ դպրոցների սանհանգույցների` տխրություն հարուցող նկարները: Պատահական չէ, որ հեղափոխությունից շատ չանցած եւս տարածվեցին դպրոցների կիսաքանդ, դժգույն շենքերի նկարներ:

Դեռ մինչեւ հեղափոխությունը սոցցանցում, իսկ հետո նաեւ փակ հանդիպումներում առիթ ունեցել եմ կարեւորելու կրթությունը գերակա ուղղություն հռչակելը եւ համահայկական կրթական հիմնադրամի ստեղծումը: Այս մոդելին դիմեցին հեղափոխական շարժումը սկսողները` հիմնելով հիմնադրամ եւ ամբողջ աշխարհից նվիրատվություններ ստանալով: Մենք գիտենք, որ որոշ տնօրեններ, հովանավորներ գտնելով, մասամբ լուծում են դպրոցների եւ մանկապարտեզների շենքերի բարեկարգման հարցը: Վստահաբար, կլինեն բարերարներ, որոնք երաշխավորված ազնիվ պայմաններում կնախընտրեն օգնել հենց դպրոցներին կամ մանկապարտեզներին: Մենք հաճախ ենք հիշում անկախ Հայաստանում կառուցված եկեղեցիների թիվը: Բայց չէ՞ որ չենք փորձել սկսել մեծ դպրոցաշինություն (նվիրատուների կամքով նաեւ մանկապարտեզների բարեկարգում-հիմնում):

Հատկապես մարզերի ու հեռավոր գյուղերի դպրոցները մեր երկրի պարիսպներն են: Մեր պատմությունը եւ մեր ներկան հաստատել է, որ մենք ամեն ինչից առաջ մտածում ենք զավակների կրթության մասին: Եվ ուրեմն ազգովի կարող ենք բարեկարգ եւ գունեղ դպրոցներ ունենալը դարձնել մեր արժանապատվության հարցը եւ ինչ-որ խենթ ձեռնարկով սկզբնավորել համապետական դպրոցաշինություն: Ինչ նկատի ունեմ «խենթ» ասելով: Համոզում ունեմ, որ մենք հեղափոխությունից անմիջապես հետո ամռանը (ես ներկայացնում եմ հնարավոր քայլը անցյալով` նայելով ապագայի հնարավորությանը) կարող էինք մեծ կամավորական եւ բարեգործական (նշված համահայկական կրթական հիմնադրամը) նախաձեռնությամբ Հայաստանի եւ սփյուռքի միասնական ներուժով սկսել դպրոցների բարեկարգում մեր իսկ ձեռքերով: Պատկերացրեք, որ մեզանից ամեն մեկը եւ գումարով, եւ աշխատանքով իր ավանդը ունենա այս գործում: Ընդհանուր շարժում սկսելով, վստահ եմ, որ կլինեն մեծ թվով կամավորներ թե վերանորոգող վարպետների, թե շինանյութի մատակարարների, թե օգնող աշակերտների եւ ուսանողների, թե համայնքների բնակիչների շրջանում: Կառուցապատման գործում միայն վարպետների աշխատանք չէ, որ հարկավոր է: Հեռավոր գյուղեր ունենք, որտեղ ուրախանում են անգամ փոքր ուշադրությունից: Իրենց դպրոցի համար կլինեին եւ հյուրընկալողներ, եւ աջակցողներ, ինչով կարող են: Շարժման օրերին բազմաթիվ վերադարձողներ ունեցանք, վստահաբար, իրապես համապետական նախաձեռնության համար շատերը թեկուզ մի քանի օր, թեկուզ ավելի պակաս վարձատրությամբ կաշխատեին դպրոց կառուցելու համար:

Թվում է ուտոպիա. ինչու ոչ: Ամեն հայի երազանքը դարձնել բարեկարգ դպրոցը եւ միավորել աշխարհասփյուռ հայերին մեծ դպրոցաշինության մեջ: Որտեղ մի պատ վառ գույնով կներկվեր, որտեղ մի մարզադահլիճ, որտեղ մի լաբորատորիա, որտեղ հնարավոր կլիներ հիմնանորոգում անել: Բայց շատ կարեւոր է, որ մասնակցությունը լիներ ոչ միայն գումարով: Այո, տեսնեինք հանգստյան օրերին կամավոր աշխատող պաշտոնյաների (նրանց մի մասը հարցազրույցներում ասել է, որ կյանքում ֆիզիկական աշխատանք կատարել է), իրար հետ նպատակ իրագործող դպրոցի ուսուցչի, աշակերտի, ծնողի, մարզպետարանի աշխատողի, պատգամավորի: Տեսնեինք թեկուզ սիմվոլիկ միջոցներ եւ ժամանակ նվիրաբերող պաշտոնյաների: Ինչ ծավալով էլ սկսեինք, աստիճանաբար կոգեւորեր շատերին: Մեր թեկուզ փոքր, բայց անձնվեր մասնակցությունը տեսնող սփյուռքահայերը, իրապես ոգեւորված, անմասն չէին մնա: Որովհետեւ կտեսնեին ոչ թե սպասող, այլ մի պատ մաքրող, մի տախտակ ամրացնող մարդկանց:

Նման ձեռնարկի արդյունքը չէր սահմանափակվի կրթական ոլորտով: Նախ, մեր գյուղերի եւ ոչ միայն գյուղերի դպրոցները իրոք մեր անվտանգության (ֆիզիկական եւ ժողովրդագրական) պարիսպներն են: Իսկ համահայկական կրթական այսպիսի ձեռնարկը երկրում նվիրումի, ստեղծարարության հզոր էներգիա կառաջացնի: Մենք կունենանք կիսաքանդ կամ հիվանդանոցներ հիշեցնող դժգույն պատերով շենքերի փոխարեն գունեղ (հատուկ ուզում եմ շեշտել դպրոցների գույները վառ դարձնելու կարեւորությունը), տրամադրող տարածություն: Կրթական գործընթացի վրա շատ ուղղակի հեղափոխական ազդեցությամբ:

Վերջում ուզում եմ հիշել սեփական փորձառությունից մի դրվագ: Հյուրընկալվել էինք սահմանամերձ գյուղում: Մարդիկ ուրախ էին միայն մեր այդտեղ գտնվելուց: Երեխաների հայացքներն աննկարագրելի ուրիշ էին, մեր զգացողությունները` նույնպես: Վերադարձից հետո միայն իմացա, որ դեպի սահմանը քայլելիս տեղի դպրոցականները մայրաքաղաքից գնացածներից առաջ ընկած են քայլել` ասելով, որ իրենք պատասխանատու են զգում նրանց կյանքի համար եւ ուզում են դիմացից քայլել… Մենք այդ երեխաներին, մեր երկրի երեխաներին պարտք ենք տրամադրող կրթական տարածություն: Այդ պարտքը միասնաբար վերադարձնելը ով ինչով կարող է, մեր արժանապատվության հարցն է: Իսկ «մենք» լինելու զգացումը մենք մեզ ենք նվիրելու…

ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031