«Ամերիկայի ձայն». Նախագահ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ: Նախագահը շարունակում է հերքել որևէ ներգրավվածություն կամ անօրինական գործողություններ 2016 թվականի նախընտրական շրջանում:
Երկու տարի է անցել Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, սակայն կրքերն այդ ընտրությունների շուրջ չեն հանդարտվում:
«Մենք ամեն ինչ կանենք հնարավոր բոլոր ապացույցները գտնելու համար: Մենք սկսում ենք հետաքննությունը»,- հայտարարել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերի Նադլերը:
Երկուշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի դատական հարցերով հանձնաժողովը Թրամփի վարչակազմի շուրջ 80 աշխատակիցներից, ընտանիքի անդամներից ու գործընկերներից պահանջել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ պաշտոնի չարաշահման, կոռուպցիայի ու այլ օրինախախտումների հետ կապված հետաքննության շրջանակում:
«Ես համագործակցում եմ բոլոր մարմինների հետ: Այս ամենը խեղկատակություն է: Չկա որևէ համագործակցություն»,- ասել է նախագահ Թրամփը:
Նախագահը շարունակում է հերքել որևէ օրենքի խախտում:
Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը հզոր մարմին է, որը ղեկավարում է իմպիչմենտային վարույթները, որոնք քննության են առել ժամանակին նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Բիլ Քլինթոնի գործերը իշխանության չարաշահման մեղադրանքներով: Այս քննությունը դեռևս իմպիչմենտ չէ:
«Արդյոք Դոնալդ Թրամփի գործը կվերածվի Վոթերգեյթի պարզ կդառնա միայն հանրային լսումներից հետո»,- ընդգծում է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ներկայացուցիչ Ջերեմի Վենուքը:
Հետաքննությունն առանձնացված է Ռոբերտ Մյուլլերի գլխավորած Ռուսաստանի վերաբերյալ հետաքննությունից, որի արդյունքները կարճ ժամանակում պետք է հրապարակվեն:
«Մենք դեռևս չգիտենք, թե ինչ տեղեկություն է պարունակում Ռուսաստանի հետ կապված զեկույցը: Կան կասկածներ, սակայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք առկա են հիմնավորված փաստեր»,- նշում է Ալան Լիչթմանը Ամերիկյան համալսարանից:
Այս զարգացումներին նախորդել էր Թրամփի նախկին փաստաբան Մայք Քոհենի մասնակցությամբ լսումները, ուր վերջինս մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Թրամփի հասցեին՝ ընդգծելով, որ ստիպված էր սուտ վկայություն տալ:
Այս պահին Նյու Յորքի, Նյու Ջերսիի ու Վաշինգտոնի դատարաններում ընթանում են մի շարք դատական գործեր նախագահի մերձակա շրջանակների մասնակցությամբ:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ