Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցողը ինձ հաշվեհարդար է հիշեցնում. Կոնստանտին Զատուլին

Մարտ 05,2019 21:30

Լազարյան ակումբի մոսկովյան առաջին նիստը կայացավ Ռենեսսանս Մոնարխ հյուրանոցի ընդունելությունների դահլիճում, որը լեփ լեցուն էր: Ներկաների թվում էին հայ և ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրատվական դաշտի ճանաչված դեմքեր, մոսկովյան հայ համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանից ժամանած պատվիրակությունը բավականին ընդգրկուն էր՝ ժամանել էին ՀՀ նախագահի օգնականն ու աշխատակազմի վարչության պետը, մեկ պատգամավոր «Իմ Քայլը» դաշինքից և մեկը «Լուսավոր Հայաստանից», ԼՂՀ էկոնոմիկայի նախարարը և նախկին իշխանության առանցքային օղակները ներկայացնող նախկին պաշտոնյաները:

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի խոսքերով, ակումբի նիստին հրավիրվել ու ներկայություն են ցուցաբերել Հայաստանի համար  կարևոր նշանակություն ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Ռոսատոմը», «Գազպրոմը», «Ռոստեխը» և դահլիճում են նաև Ռուսաստանի նախագահի խորհրդականը, տասնյակ պառլամենտականներ և բարձրաստիճան հյուրեր, իսկ այս հերթական նոր հարթակն էլ իր օրակարգում շատ կարևոր թեմաներ է առաջադրում ռուս-հայկական հարաբերությունների ու ներդրումային քաղաքականության զարգացման առումով: Մեր հարցին, թե այդ  դեպքում ինչու ՀՀ կառավարությունից ոչ մեկը ներկայություն չի ցուցաբերել ակումբի նիստին, պարոն Տողանյանն ասաց, որ խնդիր չի տեսնում նրանում, որ բոլոր հրավիրվածները պարտադիր պետք է ներկա լինեին: Իսկ ահա ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը, այդ իրողությունից նեղացած չի, սակայն խորը ափսոսանք է ապրում:

«Ոչ առաջին, ոչ երկրորդ մեր նիստերին ՀՀ կառավարական մարմինները ոչ մի կերպ ներկայացված չեն եղել: Կարծում ենք, Հայաստանի իշխանությունների համար ավելորդ չէր լինի մասնակցել ու քննարկել որոշակի խնդիրներ: Ինչո՞ւ չեն եկել, ես կարող եմ կանխագուշակել, բայց չեմ պատրաստվում մեկնաբանել իմ գուշակությունները: Մենք շնորհակալ ենք ՀՀ նախագահից, որն անցյալ անգամ Երևանում, գործուղումից վերադառնալուց անմիջապես հետո, հանդիպեց մեր հետ և այսօր էլ այստեղ է նրա օգնականը: Մենք, իհարկե, չէինք սպասում, որ երկրի առաջին դեմքերը անձնապես կարող էին ներկա լինել այստեղ, բայց կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը կարող էր առավել հետաքրքրություն ցուցաբերել այն ամենի հանդեպ, ինչով մենք զբաղված ենք և ինչ համար մենք ջանքեր ենք գործադրում: Մենք ոչ մեկից նեղացած չենք, սակայն ափսոսանք կա այդ առումով»,- ասում է Զատուլինը:

 

Մեր այն հարցադրումից հետո, որը երևանյան առաջին նիստից հետո, ակումբի գլխավերևում, կարծես թե, թևածում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ուրվականը և գուցե դա՞ է հրավերը չընդունելու պատճառը, Կ. Զատուլինը ակնհայտորեն նյարդայնացավ և իր պատասխանում լայն անդրադարձ կատարեց թեմային:

«Մենք չենք պատրաստվում Հայաստանի ներքաղաքական կոնյունկտուրայի արդյունքում հրաժարվել հրավիրել այն մարդկանց, ովքեր ինչ-որ մեկին դուր չեն գալիս: Մենք հրավիրել ենք բոլորին, և յուրաքանչյուրը ինքն է իր ընտրությունը կատարել՝ գալ, թե չգալ: Ներողություն խնդրել այն բանի համար, որ հրավիրել ենք Քոչարյանին, մենք չենք պատրաստվում: Մեր ակումբը, իհարկե, նման հայտարարություն չի արել, սակայն, անձամբ ես կարծում եմ, որ ծայրահեղ կասկածելի է այն քաշքշուկը, որը տեղի է ունենում ներկայիս իշխանությունների քաղաքական հակառակորդների՝ տվյալ դեպքում Քոչարյանի նկատմամբ: Եթե որևէ մեկը կարծում է, որ դա Հայաստանի հեղինակությունը բարձրացնում է ԱՊՀ-ում կամ Ռուսաստանում, ապա նա սխալվում է, և Ռուսաստանի նախագահը այդ թեմայի շուրջ բավականին հասկանալի կերպով արտահայտել է իր դիրքորոշումը: Քոչարյանը շատ երկար ժամանակ քաղաքականությունից զերծ է եղել, բայց, չնայած դրան, հենց նրան՝ Ռոբերտ Քոչարյանին են նրա քաղաքական հակառակորդները ընտրել, որպես ցուցադրական մեղադրյալ: Դա ինձ հաշվեհարդար է հիշեցնում»,- մեկնաբանում է Կ. Զատուլինը:

Ըստ Զատուլինի, Լազարյան ակումբի նպատակը մեկն է՝ համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին՝ քննարկելու համար երկու երկրների համար արդիական խնդիրներ, քանի որ այսօր և Ռուսաստանում, և Հայաստանում անընդհատ ուզում են իրարից նեղանալ: Եվ պատճառը այն է, վստահեցնում է Զատուլինը, որ իշխանափոխությունից հետո դեռ հաստատված չէ բավարար աստիճանի վստահության մթնոլորտ միմյանց նկատմամբ, ամեն տեղի ունեցող քայլ քաղաքականացվում է: Վերջերս էլ, ասում է Զատուլինը, հայ վերլուծաբաններից մեկը գրել էր, թե՝ ունենալով այնպիսի բարեկամ, ինչպիսին Ռուսաստանն է, մեզ այլ թշնամի պետք չի: Դա գրվել էր այն առիթով, որ պետդումայի պատգամավորները գնացել էին Բաքու:

«Ինչքանով ես եմ տեղյակ, պետդուման նրանց չի գործուղել: Դա եղել է ադրբեջանական կողմի նախաձեռնությունը, որին մասնակցություն են ցուցաբերել մեր պատգամավորները: Այդ պատգամավորները հասուն մարդիկ են և պարտավոր են իրենք պատասխանատվություն կրել իրենց արարքների համար, և ես չեմ մեկնաբանի այլոց գործողությունները: Ես անձնապես կարծում եմ, որ շատ ճիշտ կլիներ, եթե նրանք ուժ գտնեին  իրենց մեջ և շարունակեին պաշտպանել ռուս-հայկական հարաբերությունները»,-եզրափակում է Զատուլինը:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031