Օրերս ազդարարվեց «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ստեղծման մասին, որը միանգամից հետաքրքիր մտածողության, գաղափարների, հետաքրքիր փոփոխությունների օրակարգ առաջադրեց կրթության ոլորտում և կրթական համակարգում, մասնավորապես՝ կապված ուսուցչի դերի հետ:
Ստեղծողները նշում են, որ «ժամանակն է օգնել ուսուցչին՝ փոխել նրա մոտեցումը, որ նա փոխի համակարգը: Ուսուցիչը մեծ դեր ունի: Եվ ուսուցչի մոտեցման փոփոխությունը կփոխի կրթության բնույթը և ուսուցչի հանրային ընկալումը:
Հետաքրքրական էր նաև, որ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի առաջին ծրագիրը Հայաստանում առաջին անգամ իրականացվող Edcamp Armenia (չ)կոնֆերանսն է։
Այս և այլ հարցերի շուրջ Aravot.am-ը զրուցեց հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հասմիկ Կյուրեղյանի հետ։
Կրթության ոլորտում շուրջ տասնամյա իր փորձին ի հավելումն, Հասմիկ Կյուրեղյանը ուսուցիչների կրթության ոլորտում ասպիրանտական կրթություն է ստանում աշխարհում արդեն վեցերորդ տարին կրթության ոլորտում լավագույնը ճանաչված հաստատությունում՝ Լոնդոնի համալսարան քոլեջի (UCL) կրթության ինստիտուտում:
Խոսելով ուսուցիչների դերի փոփոխության մասին, Հասմիկ Կյուրեղյանն ասաց, որ «Հայաստանում ուսուցչական մեծ ներուժ կա և ուսուցիչների միջև փոխադարձ վստահության, մասնագիտական ու անձնային ինքնազարգացմանն ուղղված բաց համագործակցության պարագայում այդ ներուժը կարող է որոշիչ դեր խաղալ և հիմնովին փոխել կրթության բնույթը»։
Հասմիկ Կյուրեղյանը հավելում է նաև, որ «Հայաստանյան ուսուցչական համայնքում փոխադարձ իրական վստահության պակաս կա։ Ուսուցիչները հաճախ խուսափում են իրենց գործընկեր ուսուցիչներից աջակցություն խնդրելուց, քանի որ դա կարող է դիտվել որպես թուլություն, չիմացություն և այլն։ Սա է պատճառը, որ օրինակ դասալսումները դիտվում են, որպես հերթական ստուգում, որը կարող է ավարտվել դիտողությամբ։ Արդյունքում՝ ուսուցիչները լարվում են և մինչ դասալսումը նույն դասի մի քանի փորձ են անում՝տանջելով թե՛ իրենց, թե՛ իրենց աշակերտներին։ Այնինչ, դասալսման հիմնական նպատակը ուսուցչի զարգացումն է՝ կառուցողական և զարգացնող հետադարձ կապի միջոցով»:
Ըստ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի՝ «Մենք պետք է օգնենք ուսուցիչներին՝ դուրս գալ միմյանց չվստահելու, միմյանց փորձի փոխանակմամբ չօգնելու, միմյանցից մասնագիտական աջակցություն չխնդրելու պրակտիկայից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուսուցիչների միջև փոխադարձ վստահությունը, մասնագիտական փոխօգնությունը և համատեղ աշխատանքը ազդեցության մեծ գործոն է աշակերտների առաջադիմության և հաջողության համար»:
Անդրադառնալով Հիմնադրամի ստեղծման գաղափարին, Հասմիկ Կյուրեղյանը նշեց, որ «հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնվել է, քանի որ սովորող ուսուցչական համայնքների զարգացումը համարվում է հասարակության զարգացման կարևոր գործոններից մեկը»։
Փորձեցինք խոսել նաև Հիմնադրամի առաջին ծրագրի՝ Հայաստանում առաջին անգամ իրականացվող Edcamp Armenia (չ)կոնֆերանսի մասին։
Հասմիկ Կյուրեղյանն անդրադառնալով այդ նախագծին նշեց, որ «Edcamp-ը կանցկացվի սույն թվականի հունիսի 29-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։ Այդ օրն առավոտից երեկո միաժամանակ կանցկացվեն ավելի քան 30 պրեզենտացիա /քննարկումներ՝ հիմնականում ուսուցիչների, ինչպես նաև կրթության փորձագետների կողմից։ Ուսուցիչներին հնարավորություն կընձեռվի նախապես ներկայացնել իրենց պրեզենտացիայի /քննարկման թեման, իսկ այդ օրը տարածել իրենց փորձը գործընկեր ուսուցիչների շրջանում։ Edcamp-ին կմասնակցեն նաև կրթության ոլորտի միջազգային հեղինակավոր փորձագետներ, որոնք ևս կկիսվեն ինչպես իրենց հաջողություններով, այնպես էլ դժվարություններով:
Edcamp-ը նաև հնարավորություն կտա ուսուցիչներին տարածել իրենց հաջող փորձը, անկաշկանդ խոսել անհաջողությունների և դժվարությունների մասին, առանց վերջինիս որպես թուլություն ընկալման։ Եվ Edcamp-ին մասնակցությունը կդիտվի որպես բացության, ուժեղության, սեփական վերլուծականության արտահայտում»։
Նշենք, որ Edcamp-ը շուրջ 43 երկրներում իրականացվող ուսուցչական շարժում է, որի նպատակն է ուսուցիչների փորձը «դուրս բերել» առանձին դպրոցներից կամ փակ խմբերից և ձևավորել մեծ, փոխադարձ վստահությամբ օժտված ուսուցիչների համագործակցող համայնք։
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ