Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Մշակույթի նախարարը պետք է դառնա մշակույթի ներկայացուցիչը կառավարությունում, այլ ոչ թե ֆինանսների»

Մարտ 05,2019 20:00

Aravot.am-ի հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին աղմուկ հանած՝ մշակութային ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ թեմային, ասաց, որ խնդիրը նոր չէ, եւ հետեւանքն է այն բանի, որ երեսուն տարի մշակութային որեւէ բարեփոխում չի եղել:

«Ժամանակ առ ժամանակ ծագում է այս հարցը, թե եկեք փորձենք բյուջետային միջոցները խնայել, ինչը տրամաբանական է, անտրամաբանականն այն է, որ բարեփոխումների գաղափարը սահմանափակվում է կրճատումներով»,- ասում է պարոն Բաբայանը:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ. «Իրականում պետք չէ հնարել հայկական հեծանիվ; Քաղաքակիրթ աշխարհում կան ձեւեր, թե ինչպես է պետությունը իրականացնում իր բյուջետավորումը: Դրանք Մեկենասության եւ հովանավորչության մասին օրենքներն են, որոնք տալիս են հնարավորություն նախ զարգանալու՝ անկախ արվեստին, լինելու ավելի ազատ պետական միջոցներից, պետական ճնշումից ավելի անկախ, ինչին ներքին մղումով պետք է ձգտեն բոլոր արվեստագետները եւ մշակութային օջախները»:

Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ խնդրի լուծումը այլ ձեւ պետք է ունենա. «Պետք է շտապ սկսել մշակել Մեկենասության եւ հովանավորչության մասին օրենքները, որոնք բազմաթիվ երկրներում կան եւ գործում են»:

Ռեժիսորը նշեց, որ մշակույթի նախարարի պարտականությունների կատարողին ներկայացրել են տարբեր երկրների մշակույթների ֆինանսավորման փորձը՝ մեկ տասնյակից ավելի էջերում զետեղված, որտեղ հիմնական հարցը ֆինանսավորումն է. «Եվրոպական երկրները գործում են մեկնած ձեռքի սկզբունքով; Այնտեղ պետությունը աջակցում է, բայց չի կառավարում, սա շատ կարեւոր սկզբունք է: Մեր պարագայում հակառակն է՝ պետությունը փորձում է պակասեցնել աջակցությունը եւ մեծացնել կառավարումը»:

Ռուբեն Բաբայանը կրկին ընդգծում է՝ նախ հարկ է ընդունել համապատասխան օրենքներ, հետո նոր անել կարգավորումներ. «Պետք է փորձել հասկանալ, թե իրականում քանի թատրոն կա, որոնք կարող են կոչվել պետական, ինչը նշանակում է, որ նրանք պետք է 100%-ով «նստեն» պետական բյուջեի վրա, մնացած թատրոնները պետք է օգտվեն դրամաշնորհներից: Պետական դրամաշնորհն էլ կարող է լինել եւ ներկայացման, եւ որեւէ փառատոնի կամ տեխնիկա ձեռք բերելու համար: Նաեւ մեկենասական եւ հովանավորչական աղբյուրները պետք է գործեն:

Պետք է հասկանալ՝ ինչքանո՞վ են հետաքրքիր այդ թատրոնները, նրանց մենեջմենթը, ինչքանով է նրանց արած գործն ուշադրության արժանի ոչ միայն մեր երկրում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս: Այսինքն` պետք է ստեղծել բնական պայմաններ, ոչ թե «վերեւից» որոշել թատրոնների քանակը: Այդպես նոր թատերական խմբերի աշխարհ գալու ճանապարհ էլ կբացվի»:

Ռուբեն Բաբայանը նաեւ միջանկյալ լուծում է առաջարկում. «Քանի որ բոլոր թատրոնները ֆինանսատնտեսական կաղապարների պատճառով գտնվում են վատ վիճակում, պետք է դարձնել հիմնադրամ, որովհետեւ հիմնադրամն իր կառավարման գործունեության մեջ ավելի ազատ է, քան ՊՈԱԿ-ը: Պետք է վերացնել այն բոլոր սահմանափակումները, որոնք կան Գնումների մասին օրենքի պատճառով: Հայաստանը մնացել է միակ երկիրը, որը նման սահմանափակումներ է սահմանել իր մշակութային օջախների վրա, նույնիսկ Ռուսաստանը հրաժարվել է դրանից: Հայաստանն ինչո՞ւ է այդ սահմանափակումը պահում, դա բացարձակապես հասկանալի չէ»:

Ռեժիսորը հավելում է. «Ֆինանսների նախարարը պարտավոր չէ հասկանալ, ասենք, նրբերշիկի եւ ներկայացման արտադրության մեջ եղած տարբերությունը: Այստեղ մեղավոր է մշակույթի նախարարությունը, որը պաշտպանելով մշակույթի շահերը, նշելով առանձնահատկությունները՝ պետք է կարողանա այնպես անել, որ մշակութային օջախները զերծ լինեն այս եւ նման օրենքներից: Երեւի, պետք է պարզապես փոխվի սկզբունքը, եւ մշակույթի նախարարը ավելի շատ դառնա մշակույթի ներկայացուցիչը կառավարությունում, այլ ոչ թե ֆինանսների նախարարության ներկայացուցիչը՝ մշակույթի ոլորտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031