Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունենք՝ պատմամշակութային հուշարձանների ցուցակում չկա, բա նրանց հոգու ցուցակո՞ւմ էլ չկա. Լևոն Թոքմանջյանը՝ լուսավորության նախարարության շենքի քանդման մասին

Մարտ 05,2019 19:40

«Զարմանալիորեն քանդվում են այն շենքերը, որոնք լավն են, որոնք պիտանի են: Դա ինձ զարմացնում է: Այնքան հարազատ էր այդ ամեն ինչը: Հին երևանցու համար սրտի ցավ է, որ տեսնում է՝ ամեն ինչ քանդվում է: Ուրախացանք, ոգևորվեցինք, ասեցինք նոր ժամանակներ են, հեղափոխություն եղավ, սերնդափոխություն եղավ, Մեշչյանն էլ հայտարարեց, որ այլևս ոչ մի շենք չի քանդվի, սակայն նորից ականատես ենք մի վշտալի պատմության», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախկին լուսավորության նախարարության շենքի քանդման մասին՝ ասաց քանդակագործ Լևոն Թոքմանջյանը: Վերջինս զարմացած է՝ թե բիզնես կենտրոնը այդ ի՞նչ զորեղ է, որ կարողանում է այսպես իր ծրագրերը իրականացնել:

«Մեր ազգային ճարտարապետական կոթողը քանդում են, կողքը դնում են սև ապակիներով, էլիտար մի այլանդակություն, ինչքա՞ն կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր կառուցել: Ընդունենք  մեր քաղաքապետը չի հասկանում ոչ քաղաքաշինությունից, ոչ շինարարությունից, բա Մեսչյանը ի՞նչ էր մտածում: Ընդունենք՝ պատմամշակութային հուշարձանների ցուցակում չկա, բա նրանց հոգու ցուցակո՞ւմ էլ չկա, բարոյականությո՞ւն չկա, այսպիսի գեղեցիկ շենքը քանդե՞լ»,- նշեց պարոն Թոքմանջյանը:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, ոչ չկա որոշակի կանոնակարգում, ըստ բանախոսի՝ չափորոշիչներ են գրվել, թե որ շենքերը գոնե պիտի համարվեն պատմական հուշարձան, պահպանվեն, և կարծես 2011 թ-ին ներկայացվել են կառավարություն հաստատման, բայց մինչև օրս հաստատված չեն:

«Մյուս կողմից էլ կարծիք կա, որ այդ չափորոշիչները մեր դեպքում չեն աշխատի, որովհետև այնքան խառն է դաշտը, որ ավելի լավ է ցանկացած որոշում ներկայացվի մշակույթի նախարարություն՝ գիտամեթոդական կենտրոն, իրենք լսեն, քննարկեն, տան թույլտվություն, և դա կլինի շատ ավելի պատասխանատու ու օբյեկտիվ, բայց վերջին դեպքը ապացուցեց, որ փաստորեն, այդ ՊՈԱԿ-ը, որը տվել էր, որ այն պատմամշակութային հուշարձան չէ, ոչ գնացել է, ոչ ներկայացել մշակույթի նախարարության գիտամեթոդական կենտրոն»,- ասաց պարոն Հեքեքյանը:

Վերջինիս խոսքով՝ այս շենքը գուցե և պատմական չէր, որովհետև պատճառաբանություն կա, որ ճիշտ նման շենք կա Մաշտոցի պուրակի վրա,  բայց դա նմանականը չէ, ըստ բանախոսի՝ միայն ֆասադի մոտավոր նմանությունը կապ չունի:

«Երբ մենք  կփոխենք ինչ-որ մի բան մեր ուղեղներում, լինի դա ճարտարապետ, թե պարզ մարդ,  մեզ մոտ կարող է ինչ-որ բան փոխվել: Մարդը, բնականաբար, այն էլ հայի այսօրվա տեսակը, նյութապաշտ է, ուզում է տանել, շատացնել՝ սկսած փողից վերջացրած տարածքներով, բայց դրա համար կա պետություն, որը պիտի ունենա օրենք, արագ այդ օրենքները հաստատվեն և ոչ թե գլխավոր ճարտարապետով, քաղաքապետով, Տիգրան Հեքեքյանով կամ մի արվեստագետով որոշվի՝ այդ շենքը պատմական է, մնա, թե չէ: Նորմատիվներ պիտի լինեն, որ անձով, հույզերով մենք չդատենք»,- ընդգծեց պարոն Հեքեքյանը:

Նա նաև ցավով նշեց, որ շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի անունը այստեղ էլ է հայտնվել. «Ստացվում է՝  այս մարդը բիզնես է անում Հայաստանում, սկսել է կոտորելով, հետո կտեսնենք՝ ինչ կանի: Երբ դու բիզնես ես ուզում անել, մտնում ես մի տեղ, պիտի այդ երկրի վարքուբարքը, կանոնները, ավանդույթները հասկանաս, էս ժողովուրդը չի սիրում, երբ քանդում ես; Եթե խարխուլ շենքերը պիտի քանդեին վաղուց, չեն քանդում, ինչի՞ չեն քանդում, որովհետև էնտեղ փողի հոտ չի գալիս: Ինչքա՞ն կարելի է  հանուն փողի»:

Պարոն Թոքմաջյանն էլ արձագանքեց՝ այսօրվա փոխնախարարը ասում է՝ ցուցակում չկա, մշակույթի նախարարը չի խառնվում. «սա ի՞նչ է, սա գիտակցությո՞ւն է, սա ի՞նչ է նշանակում»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031