«Հակված եմ գնահատական տալ միայն երեւույթին՝ շահարկումներից զերծ մնալու համար: Գիտենք, որ որեւէ մեկին աղբարկղ նետելը մեզ համար նոր բան չէ: Փոխադարձ անհանդուրժողականության հողի վրա իրականացված այդ գործողությունների տեսագրումն ու հրապարակումը համարում եմ դատապարտելի»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության եւ բլոգեր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել: Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում նախաձեռնության անդամները նրան տանում էին դեպի աղբարկղը:
Անի Սամսոնյանը ցավով նշեց, որ ԶԼՄ-ները եւս տարածել են այդ տեսագրությունը. «Լսեցինք անգամ հայտարարություններ, որ մարդուն աղբարկղը նետելու համար պարգեւավճար պետք է սահմանել: Սա բռնության քարոզ է: Իմ կարծիքով՝ բոլորս ենք մեղավոր, որովհետեւ «լայքում» ու «սրտիկում» ենք ատելություն քարոզող գրառումները, ստեղծում եւ խրախուսում ատելություն քարոզող «ֆեյքեր», ծափ տալիս բռնությունն արդարացնողներին, կարգի չենք հրավիրում սոցցանցերում հայհոյանք սփռող պաշտոնյաներին, հպարտանում մարդու արժանապատվությունը նվաստացնող աղբով, որը լցված է համացանց»:
Անի Սամսոնյանը բոլորին կոչ արեց դադարեցնել սոցցանցային խուլիգանությունը, ատելության եւ անհանդուրժողականության քարոզը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Խնդրում եմ որպես պետական գործիչ պաշտպանել ԲՈԼՈՐ ՀՀ քաղաքացիների իրավունքները և ԲՈԼՈՐ բռնության դեպքերին նույն ձև արձագանքել եթե իհարկե այդքան խիզախ եք ինչպես որ ներկայանում եք: Խոսքը մասնավորապես այն մարդկանց մասին է ովքեր օրինակ առաքելական եկեղեցու անդամ չեն կամ այն մարդկանց մասին ովքեր ցանկանում են իրենց կյանքը կապել նույն սեռի ներկայացուցչի հետ և չեն ուզում դրա համար բռնության ենթարկվեն: Անկախ նրանից թե ում մասին է խոսքը ու անկախ նրանից թե ընդունում ենք մեկին թե ոչ, հարցերը պետք է լուծվեն օրենքի շրջանակներում: Եթե գեթ մեկ քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն, ոչ մեկի իրավունքները երաշխավորված չեն ու մենք ստիպված ենք լինելու գաղթել այլ երկներ որտեղ որ գործում է օրենք և որտեղ որ հետևաբար ավելի բարեկեցիկ է