«Սրընթաց մի կյանք ապրեց, որի ժամանակ գիրը որոշ ժամանակ մոռացվեց, գիրը եկավ այն պահին օգնության, երբ որ պետք էր խոսք ասել մեր ժողովրդին՝ օրվա խնդիրներով հագեցած»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վազգեն Սարգսյանի, նրա կյանքի, ինչպես նաև գրական գործունեության մասին՝ ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Վերջինիս խոսքով՝ Վազգեն Սարգսյանը մուտք գործեց գրական-երիտասարդական շրջանակ՝ որպես շնորհալի երիտասարդ արձակագիր: Պարոն Միլիտոնյանի կարծիքով՝ հետաքրքիր է և միաժամանակ պատահական չէ, որ Վ. Սարգսյանի երկրորդ գրքի վերնագիրը «Խաղը» է:
«Հետաքրքիր է, որ ֆուտբոլի խաղով մտավ կյանքի խաղերի մեջ՝ և պատերազմ, և խաղաղության հարաբերական ժամանակահատված: Այդ ամենը, կարծես, մեծ խաղ լիներ, որի մեջ ինքը երբեք չէր սիրում տանուլ տալ: Նույն բնավորությունն ուներ անգամ ֆուտբոլ խաղալիս՝ չէր սիրում պարտվել, պայքարում էր հաղթելու համար և այդ իմաստով շատ պայծառ, զվարթ մարդ էր սկզբնական շրջանում, ապա պատերազմական այդ ցավալի կսկիծները, սուգը նրա զվարթությունը խտացրին: Եթե ժպտում էլ էր արդեն, զգացվում էր, որ 10 տարում փաստորեն պատմության խտացրած մի հսկա ժամանակ է ապրել»,- ասաց բանախոսը:
Պարոն Միլիտոնյանի գնահատմամբ՝ Վազգեն Սարգսյանի դերը հսկայական է. «և եթե որևէ առումով անգամ ուզում են ստվեր գցել, պիտի ամաչեն, որովհետև նա հսկայական գործ է արել: Որոշակի թերություններ էլ կլինեն, բա էդ ժամանակներում ո՞նց կարող է չլիներ»:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն իր խոսքում ասաց, որ Վազգեն Սարգսյանի մասին խոսելիս, պիտի խոսենք տարբեր Վազգենների մասին. Վազգեն հրապարակախոսի, Վազգեն արձակագրի, գարունական Վազգենի, շարժման Վազգենի, երկրապահի Վազգենի մասին:
«Մի ամիս չէինք տեսել նրան, «Ամերիկայի ձայն»-ի լրագրողներին տանում էինք Երասխավան տեղում ռեպորտաժի համար, ներս մտա, աչքերիս չհավատացի. իմ առջև լրիվ ուրիշ Վազգեն էր կանգնած՝ արդեն մորուքով, հոգսաշատ, աչքերը հոգնածությունից կարմրած, ինքը զինվորական հագուստով, շեմին արձանացած: Նայում էի ու մտածում. սա և իմ իմացած Վազգենն է, և չէ: Հասկացա, որ նրա կյանքում արդեն մի նոր շրջան է սկսվել, հասկացա, որ նրա կյանքի գարունական շրջանը ավարտվել է: Պիտի ասեմ՝ այն հրապարակախոսությունը, որը բերեց «Գարուն» ամսագրի էջերին Վազգեն Սարգսյանը, արժանի շարունակություն էր «Գարուն»-ի ավանդույթների»,- նշեց բանախոսը:
Տիկին Խոդիկյանն ընդգծեց, որ սպարապետն ուներ այն ներքին աչքը առանց որի ոչ հրապարակախոսի գրիչն է խոսում, ոչ էլ գրողի խոսքը խորություն ունի: Ըստ նրա՝ Վազգեն Սարգսյանի մասին իսկապես պատկերացում կազմելու համար, պետք է կարդալ նրա պատմվածքները: Խոսելով «Հայրը» պատմվածքի մասին՝ բանախոսն ասաց, որ մեկ անգամ կարդալով՝ այնքան է տպավորվել, որ այլևս կարդալ չի կարող, որովհետև մարդկային ցավը տպավորիչ է նկարագրված. «Այդպես նկարագրելու համար պետք է անչափ սիրես մարդուն, իսկ Վազգենը սիրում էր»:
«Գարուն-ի խմբագրություն մի պապիկ էր եկել, իր՝ երկիրը փրկելու հերթական ծրագրով: Պապիկը ասում-ասում էր, մենք էլ երիտասարդներ էինք, փորձում էինք զսպել մեզ իբրև թե ամեն ինչ գիտենք: Հետո, երբ պապիկը դուրս գնաց, Վազգենը մոտավորապես մի այսպիսի նախադասություն ասաց, որը այդպես էլ գամված մնաց իմ հիշողության մեջ. «Շատ լավ մարդ էր, ինչի՞ էիք բան անում, ինքն էլ իր մասով է երկիրը փրկում»: Հետո ասաց այդ հայտնի նախադասությունը՝ ես իսկապես սիրում եմ միայն ծերերին ու երեխաներին, որովհետև երկուսն էլ անպաշտպան են»,- հիշեց դրամատուրգը:
Վերջինիս կարծիքով՝ Վազգեն Սարգսյանը ինքն է ընտրել իր ճակատագիրը. «մարդիկ կան, որ իրենց ճանապարհը իրենք են ընտրում, ինքը գիտակցաբար գնաց: Իրեն ասում էի՝ ե՞րբ պիտի գրես, վերջին անգամ չհաբերեց ասաց՝ ես էնքան արյան ու ճակատագրերի միջով եմ անցել, ինչքա՞ն պիտի մաքրվեմ, որ նստեմ ճերմակ թղթի առաջ»:
Տիկին Խոդիկյանը ընդգծեց նաև, որ պետական այր Վազգենի գիրը երկրի բացերի, թերությունների մասին գրող հրապարակախոսի, սովորական մարդու խնդիրը համամարդկային դարձնող արձակագրի միասնությունն էր, որից, ըստ բանախոսի, երևում էր ինչպիսի ցավ, սեր, հավատ կա սեփական երկրի նկատմամբ:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ