Ջուլիետա Թադևոսյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Ավարտվեց Դավոսյան մեկ տնտեսական համաժողով ևս՝ «Գլոբալացում 4.0. նոր ճարտարապետության ձևավորումը՝ արդյունաբերական չորրորդ հեղափոխության դարաշրջանում» թեմայով: Դավոսյան համաժողովում կարևորվեց այն միտքը, որ ներկա «բազմահայեցակարգային» աշխարհում ուրվագծվում է նոր, գլոբալ ճարտարապետություն, որի թիրախն արդյունաբերական նոր հեղափոխությունն է՝ գլոբալ համագործակցության պահանջով[1]:
Մենք արդեն խոսել ենք չորրորդ արդյունաբերական հեղափոխության (4th Industrial Revolution – 4IR ) մասին և եզրահանգել, որ այն միֆ չէ, այլ իրականություն է[2]: Կարծում ենք՝ վերամբարձ չի հնչում Դավոսյան համաժողովի շրջանակներում արտահայտված այն միտքը, որ «Արդյունաբերական չորրորդ հեղափոխությունը «Գլոբալացում-4»-ի թափանիվն է, և այդ երկու երևույթները համատեղ միտված են մարդկությանն ապահովել արժանապատիվ ապագա՝ հենվելով միջմշակութային արժեքների գեներացման վրա[3]:
Այս համատեքստում տեղին է բարձրաձայնել Կլաուս Շվաբի այն մտահոգությունը, որ «Ազգայնական քաղաքականության և հովանավորչության միջոցով տնտեսությունը փակելու փոխարեն մենք պետք է ստեղծենք նոր սոցիալական պայմանագիր քաղաքացիների և նրանց առաջնորդների միջև, որպեսզի յուրաքանչյուրն իր երկրում իրեն զգա այնպիսի անվտանգության մեջ, որը բավարար կլինի բաց մնալ մնացյալ աշխարհի համար[4]»:
Այս տնտեսական փիլիսոփայության շրջանակներում ընդգծենք, որ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության» և անմիջականորեն դրա հետ որպես շարժառիթ և հետևանք Գլոբալացում 4»-ի փոխառնչությունների[5] տիրույթում կարևորվում է ազգային անվտանգության հիմնախնդիրը: Բավական է նշել ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների աշխուժացումը հատկապես տնտեսական ոլորտում, մասնավորապես անկայունությունն աշխարհի խոշորագույն ֆինանսական շուկաներում, զարգացած երկրների կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը զարգացող երկրների նկատմամբ, առևտրային պատերազմներն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, դրանից բխող աշխարհատնտեսական հակասությունները տարաբնույթ հարթություններում, հովանավորչական քաղաքականության «վերածնունդը», աղքատության և հարստության միջև անջրպետի խորացումը և այլն: Գլոբալացվող աշխարհում հնարավոր չէ խույս տալ նշյալ իրողություններից: Ուստի և յուրաքանչյուր երկրի Կառավարություն, ելնելով պետության ռազմավարական զարգացման շահերից, առաջին հերթին պետք է Կառավարության գործունեության վեկտորը հիմնականում ուղղորդի ազգային թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության, մասնավորապես՝ դրա կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ տնտեսական անվտանգության ապահովմանը:
Ազգային տնտեսական անվտանգության խնդիրներն առավել հրատապ և այժմեական հնչեղություն ունեն հատկապես փոքր տնտեսությամբ երկրների համար:
Այս տեսանկյունից վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցած վերափոխումների ու վերաձևումների արդյունքում առավել հրատապ լուծում են պահանջում տնտեսական անվտանգության այնպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, ինչպիսիք են՝ երկրի մրցունակության ցածր մակարդակը, տնտեսական աճի դանդաղ տեմպերը, արտաքին պարտքի ծավալները, ժողովրդագրական հիմնախնդիրները, արտագաղթը, օդի աղտոտվածության բարձր մակարդակը և այլն: Կարելի է թվարկումը շարունակել, սակայն փաստենք այն հանգամանքը, որ ազգային տնտեսական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ-ը չի կարող զերծ մնալ վերոնշյալ գլոբալ զարգացումներից, ուստի և առկա սպառնալիքներին դիմակայելու պահանջից: Նշյալ հարցադրումների տիրույթում զարգացումների ճանապարհային քարտեզն ամփոփվում է երկու հարցերի մեջ.
Հարց 1.Կարո՞ղ ենք օգտվել «Գլոբալացում 4»-ի ընձեռած հնարավորություններից և դրանով իսկ ապահովել Հայաստանի տնտեսական անվտանգությունը:
Հարց 2.Արդյո՞ք Հայաստանն ունակ է ինտեգրվել չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը և թողնել մեր՝ հայաստանյան հետագիծը:
Հայաստանն այն երկրների շարքում է, որ բնական ռեսուրսների սակավության, աշխարհագրական դիրքի, փոքր տարածքի, դեպի ծով ելքի բացակայության, առևտրային և տրանսպորտային հանգույցներից և հաղորդակցության կարևոր ուղիներից զրկված լինելու պատճառով չի կարող տնտեսական զարգացման ավելի իրատեսական ուղի ունենալ, քան գիտության զարգացումն է ու այդ հենքով Հայաստանի «Նոր տնտեսության» ձևավորումը: Ինչպես նշված է ՀՀ գիտության ոլորտի 2017-2020թթ. ռազմավարական ծրագրում, «Ծրագրի տեսլականը 2020 թվականին ՀՀ գիտության ոլորտը միջազգայնորեն մրցունակ, ԵՏՀ-ի հետ ինտեգրված ազգային գիտական համակարգ է, որը խթանում է գերազանցությունը հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններում և նպաստում հանրապետության տնտեսության մրցունակության բարձրացմանը, անվտանգության ապահովմանը և սոցիալական ու մշակութային առաջընթաց զարգացմանը[6]»:
Անկախության առաջին տարիներին և ինչու՞ չէ մինչ այժմ գիտության ոլորտում արձանագրում ենք լուրջ կորուստներ, մասնավորապես՝ շարունակվող «ուղեղների արտահոսքը», գիտական կազմակերպությունների՝ շուկայական տնտեսության պահանջներին չհարմարվելը և դրանով իսկ գիտական ներուժի դանդաղ «փոշիացումը»:
Փորձենք բացահայտել ՀՀ տեխնոլոգիաների շուկային և ազգային տնտեսական անվտանգությանն առնչվող այնպիսի իրողություններ, որոնք պայմանավորված են գիտատեխնիկական ոլորտի ներկա զարգացումներով:
1999-2017թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ գիտության ոլորտի ֆինանսավորմանն ուղղված ներքին աղբյուրներից (պետական բյուջեից) կատարված հատկացումները բացարձակ արժեքով ավելացել են ավելի քան 4,9 անգամ՝ 1999թ. 1825.5 մլն դրամից հասնելով մինչև 8 981.7 մլն դրամի՝ 2017թ.: Իհարկե գրանցվել է շոշափելի աճ: Սակայն 1999թ. պետական բյուջեից ՀՀ գիտության ոլորտի ֆինանսավորմանն է ուղղվել տվյալ տարվա պետական բյուջեի ծախսերի 1,3 -%-ը, իսկ արդեն 2017թ.՝ 0,6-%-ը[7], այսինքն` ուսումնասիրվող ժամանակահատվածում հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը պետական բյուջեից նվազել են 0,7 տոկոսային կետով: Իսկ եթե համեմատում ենք հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերի մասնաբաժինը ՀՀ ՀՆԱ-ում, ապա կարող ենք արձանագրել այն փաստը, որ պատկերը ՀՀ գիտության ոլորտում բավականաչափ մտահոգիչ է: Դարձյալ ցուցանիշը դրսևորել է նվազման միտում, եթե 1999թ. այն կազմել է ՀՀ ՀՆԱ-ի 0,18%-ը, ապա 2017թ.՝ 0,16%-ը, այն նվազել է 0,02 տոկոսային կետով[8]: Ընդ որում, հավելենք, որ 1999թ. ՀՆԱ-ն կազմել է 987.4 մլրդ դրամ, իսկ 2017թ.՝ 5 568.9 մլրդ դրամ[9]: Այսինքն` արժեքային արտահայտությամբ (ընթացիկ գներով) ՀՀ ՀՆԱ-ն ավելացել է 4581.1 մլրդ դրամով, սակայն գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալներն ավելի են պակասել: Առավել մտահոգիչ պատկերի ենք բախվում, երբ ուսումնասիրում ենք ՀՀ գիտատեխնիկական աշխատանքների ֆինանսավորմանն ուղղված այլ աղբյուրները, մասնավորապես կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պատվիրատուների, օտարերկրացիների կողմից կատարվող հատկացումները: Դրանք նույնպես ուսումնասիրվող տարիներին դրսևորել են նվազման միտումներ, ինչը վկայում է կազմակերպությունների կողմից գիտատեխնիկական աշխատանքների նկատմամբ պասիվության, ավանդական սկզբունքներով աշխատաոճի և առհասարակ շուկայական ժամանակակից պահանջները չընկալելու, շուկային չհարմարվելու և կազմակերպության գործունեության եկամտաբերության բարձրացմանն ուղղված նոր միջոցներ չփնտրելու վարքագծի և վերջապես բուհ-գիտություն խաթարված կապի մասին: Հետազոտվող ժամանակահատվածում գիտության ոլորտի հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակը ևս կրճատվել է 13-ով[10], որն էլ ավելի շոշափելի կլիներ, եթե նշյալ կազմակերպությունները չփնտրեին ֆինանսավորման արտաքին աղբյուրներ և դրանց հաշվին չշարունակեին իրենց գիտահետազոտական գործունեությունը:
Պարզ է, որ կազմակերպությունների թվաքանակի կրճատումն իր ազդեցությունը պետք է թողներ գիտության ոլորտում աշխատողների թվաքանակի վրա, ինչը հետազոտվող տարիներին նույնպես կրճատվել է: Մտորելու տեղիք է տալիս տարածաշրջանի երկրներից Թուրքիայում նկատվող աշխուժացումը, այսպես 1 մլն բնակչի հաշվով վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայում հետազոտողների թիվը կրկնապատկվել է՝ 2013թ. կազմել է 2217 մարդ: Մինչդեռ Հայաստանում նույն ժամանակահատվածում՝ 2001-2013թթ., այդ թիվը 1662-ից նվազել է մինչև 1300[11]: Գիտության ոլորտում աշխատողների թվաքանակի ուսումնասիրության առումով առավել իրատեսական է պատկերը, երբ համեմատում ենք մասնագետ-հետազոտողների թվաքանակը 2003-2017թթ. ընթացքում և բախվում ենք այն մտահոգիչ փաստին, որ նրանց թվաքանակը նվազել է 1339 մարդով[12]: Ակնհայտորեն, հետազոտող-մասնագետների թվաքանակի նվազման հիմնական պատճառը որակյալ աշխատուժի արտագաղթն է:
Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ բավականաչափ տևական ժամանակահատվածում՝1999-2017թթ., ՀՀ գիտատեխնիկական գործունեության ոլորտում գրանցվել են ներքին աղբյուրներից հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման կայուն ցածր չափաբաժիններ, ինչն օրինաչափորեն ազդել է գիտատեխնիկական ներուժի արդյունավետ օգտագործման, երկրի տնտեսական զարգացման մակարդակի և ամենակարևորը՝ ՀՀ գիտատեխնիկական անվտանգության ապահովմանն ուղղված այլ ցուցանիշների վրա:
Միջազգային պրակտիկայում երկրի գիտատեխնիկական անվտանգության վերաբերյալ գնահատումները հիմնվում են ՀՆԱ-ում գիտատեխնիկական աշխատանքների ծավալի /արտադրանքի/ և գիտահետազոտական աշխատանքների ծավալի մասնաբաժիններն արտահայտող ցուցանիշների վերլուծության վրա: Այս տիրույթում 1999-2017թթ. ընթացքում գիտատեխնիկական աշխատանքների ծավալի/արտադրանքի/ մասնաբաժինը ՀՀ ՀՆԱ-ում մնացել է նույն կայուն ցածր՝ 0,22% միջակայքում[13]: Գրեթե նույն պատկերն է, երբ համեմատում ենք ուսումնասիրվող ժամանակահատվածում գիտահետազոտական աշխատանքների ծավալների մասնաբաժինները ՀՀ ՀՆԱ-ում՝ այն տատանվում է 0,14%-ից մինչև 0,18% միջակայքում, առաջընթացը կազմում է ընդամենը 0,04%[14]:
Մինչդեռ զարգացող երկրներում (հատկապես նոր արդյունաբերական երկրներում) և առավել ևս զարգացած երկրներում այդ մասնաբաժիններն անհամեմատ ավելի են, ինչով և բացատրվում են այդ երկրների հաջողությունները գիտության և առհասարակ սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում: Ինչպես վկայում են տվյալները, տնտեսական անվտանգության ապահովման տեսանկյունից ամենաանվտանգ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում և ԵՄ-ում, հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի մասնաբաժինը տվյալ երկրի ՀՆԱ-ում կազմել է համապատասխանաբար՝ 2,7%, 3,28% և 2,04%: Հարավային Կորեայում այդ ցուցանիշը կազմում է 4,22%[15]: Ընդ որում, նշենք երկու հանգամանք: Համաձայն գիտատեխնիկական անվտանգության համաթվի նվազագույն շեմի՝ այդ հատկացումները պետք է կազմեն ՀՆԱ-ի 2%-ից ոչ պակասը:
ՀՀ գիտատեխնիկական ոլորտը բնութագրող ցուցանիշների համակարգն ընդգրկում է նաև հիմնարար գիտություններին, նախագծա-կոնստրուկտորական աշխատանքներին, արտադրանքի փորձնական օրինակների/խմբաքանակի/ պատրաստմանը, շինարարության համար նախատեսվող նախագծային աշխատանքներին, ինչպես նաև գիտատեխնիկական ծառայություններին հատկացումները:
ՀՀ-ում հիմնարար գիտությունների ոլորտում 1999թ. ծախսվել է 425,1 մլն դրամ, այսինքն` գիտահետազոտական աշխատանքների ընդհանուր ծախսերի 31,7%-ը, իսկ 2017թ.՝ 2 257.8 մլն դրամ, այլ կերպ ասած՝ 22,5%-ը[16]: Չնայած ծախսերն այս ոլորտում բացարձակ թվերով գրեթե 5 անգամ ավելացել են, սակայն համեմատական կարգով ոլորտում նկատելի է ծախսերի նվազում, ինչը վկայում է հիմնարար գիտությունների զարգացման նկատմամբ ոչ ռազմավարական մոտեցումների, դրանց հետընթացի, ինչու չէ նաև ազգային տնտեսական անվտանգության ևս մեկ սպառնալիքի մասին: Մինչդեռ հիմնարար (ֆունդամենտալ) գիտությունները գեներացնում են նոր գիտելիքները, նախագծա-կոնստրուկտորական աշխատանքների շնորհիվ դրանք վերածվում են նոր արտադրատեսակների և ինչ խոսք, խթանում են կիրառական հետազոտությունները և տրամաբանորեն նաև նպաստում նոր գիտելիքների առևտրայնացման գործընթացների ակտիվացմանը: Այսինքն` վիճակագրության վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ գրեթե անիմաստ է խոսել երկրում գիտատար արտադրանքի շուկայական պահանջարկի առկայության, առավել ևս գիտելիքահեն տնտեսության մեջ ապրելու «երազանքի» մասին:
Վերլուծությունն ամփոփենք գիտատեխնիկական գործունեության արդյունքների գեներացումն արտահայտող մեկ այլ ցուցանիշների ներկայացմամբ: Այստեղ խոսքը հիմնականում վերաբերում է գիտական հրապարակումներին, արտոնագրային գործունեությանը[17]:
Այսպես, միջազգային ամսագրերում հոդվածների հրատարակման ցուցանիշով Հայաստանն առաջադիմում է, 2005-2014թթ. ընթացքում 1 մլն բնակչության հաշվով այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 122-ից մինչև 232 հոդված, կամ 2005թ. հրապարակված 381 հոդվածների դիմաց 2014թ. գրանցվել է 691 հոդված ցուցանիշը: Իհարկե, տարածաշրջանում առաջատարի դիրքերն զբաղեցնում է Թուրքիան՝ 13830-ից մինչև 23596 հոդված՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում: 1 մլն բնակչության հաշվով այդ թիվը Վրաստանում 2014թ. կազմել է 122 հոդված, իսկ Ադրբեջանում՝ 45 հոդված: Սակայն այստեղ ունենք մեկ սփոփիչ հանգամանք. միջազգային գիտական հանրությունն ամենաշատը հետաքրքրվում է Հայաստանից հրապարակված հոդվածներով՝ ցիտումների միջին ինդեքսը 2008-2012թթ. Հայաստանի համար կազմել է 0,92, Թուրքիայի համար՝ 0,70, Ադրբեջանի համար՝ 0,60: Ամենաբարձրը Վրաստանում է՝ 0,98: Համեմատության համար նշենք, որ այդ ինդեքսի միջին ցուցանիշը Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության շրջանակներում, այսինքն` ավելի քան 30 զարգացած երկրներում, կազմում է 1.08[18]: Ընդ որում, նշենք ևս մեկ հետաքրքիր փաստ. նախկին խորհրդային երկրներից հրապարակված հոդվածները հիմնականում վերաբերում են ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի բնագավառներին, մասնավորապես Հայաստանից հրապարակված հոդվածները վերաբերում են ֆիզիկային, մաթեմատիկային, ինժեներական գիտություններին, աստղագիտությանը, իսկ Թուրքիայի «ձեռքբերումները» բժշկական, ինժեներական, կենսաբանական գիտությունների ոլորտում են:
Այսպիսով, եթե ամփոփենք ՀՀ գիտատեխնիկական գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշների համակարգի քանակական վերլուծությունը, ապա տեսնում ենք, որ ոլորտում անմխիթար իրավիճակ է այն պարզ պատճառով, որ գրեթե երկու տասնամյակ ոլորտի բոլոր օղակներում նկատելի է ցուցանիշների կայուն, ցածր մակարդակ: Այն, որ ի տարբերություն տնտեսության մյուս ոլորտների, այստեղ անչափ կարևոր ու ծանրակշիռ է պետության դերակատարումը, անվիճելի է: Գիտության ոլորտին պետական բյուջեից ֆինանսավորման ծավալների սղությունը պայմանավորում է գիտության զարգացման անհամեմատ ցածր մակարդակը, ակնկալվող հատույցը, տնտեսության խոցելի մրցունակությունը: Սակայն ամենակարևորն այն է, որ գիտության ոլորտի զարգացմամբ պայմանավորված՝ հասունանում են ազգային տնտեսական անվտանգության, մասնավորապես՝ գիտատեխնիկական անվտանգության մի շարք սպառնալիքներ՝ ցածր, ոչ ներառական տնտեսական աճ, արտահանման հանքա-հումքային ուղղվածություն, ներմուծման կառուցվածքում սպառողական նշանակության պատրաստի արտադրանքի համեմատաբար բարձր տեսակարար կշիռ, ուղեղների արտահոսք և այլն:
Այսպիսով, որպես զարգացող երկիր՝ Հայաստանում ինչպիսի՞ն է պատկերը, և որո՞նք են ներկա անհանգստությունները:
Գլոբալացումը հնարավորություններ է տրամադրում օգտվել աշխարհատնտեսական զարգացումներից: ՀՀ-ում առկա է նաև գիտական որոշակի ներուժ: Ասվածի վկայությունն են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված հաջողությունները: «Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչը պայմանավորված է իր բավականին բարձր մրցակցային ներուժ ունեցող աշխատուժով, ՀՆԱ-ում ունեցած իր մասնաբաժնով, ինչպես նաև ընկերությունների թվի ու ընդհանուր շրջանառության աճի տեմպերով»[19]: 2017թ. նկատմամբ 2018թ. «Ծրագրային ապահովում և ծառայություններ» և «Ինտերնետ ծառայությունների պրովայդեր» սեգմենտների եկամուտներն աճել են 20,5%-ով՝ կազմելով 922,3 մլն ԱՄՆ դոլար:
Սակայն առկա պաշտոնական վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ գիտատեխնիկական գործունեության ոլորտում իրավիճակը դեռևս բավարար չէ մրցունակ և ներառական տնտեսություն ունենալու համար, այն հղի է բազմաթիվ վտանգներով: Մրցունակ գիտատեխնիկական ներուժի բացակայությունը տնտեսությունը կարող է դարձնել ավելի խոցելի: Գիտատեխնիկական անվտանգության շրջանակները սեղմվում են, այն կարող է կործանարար լինել մոտ ապագայում Հայաստանի արժանապատիվ և անվտանգ լինել-չլինելու տիրույթում: Անհրաժեշտ է նշել, որ վերոհիշյալ հիմնախնդիրների լուծումն էապես պայմանավորված է պետության աջակցությամբ և քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծման գործում նրա գործունեության կազմակերպման արդյունավետությամբ: Պետությունը պետք է ամենից առաջ կատարելագործի երկարատև ժամանակաշրջանի համար նախատեսված տնտեսական ու սոցիալական զարգացման հատուկ մշակված քաղաքականությունները, հարստացնի այն տվյալ փուլում ծագած խնդիրների ներգրավման միջոցով և որոշի տնտեսության ու գիտության զարգացման կոնկրետ ուղղություններն ու միջոցները կոնկրետ ժամանակահատվածներում: Ասվածն ամբողջովին վերաբերում է նաև գիտատեխնիկական քաղաքականության կատարելագործմանն ու կիրառման արդյունավետության բարձրացմանը:
Մեր կարծիքով՝ ներկա պայմաններում աննախընթաց զարգացում ակնկալել ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում՝ այն էլ ապավինելով միայն ներքին ուժերին ու միջոցներին, անհնար է: Այդ առումով Կառավարությունը պետք է ուղիներ որոնի հայկական գիտությունը համաշխարհային տնտեսության մեջ տվյալ ոլորտում առաջադիմող երկրների հետ ինտեգրելու համար: Խնդիրն այն է, որ այսօր ՀՀ-ն ի վիճակի չէ խոշոր ներդրումներ կատարել գիտության մեջ, իսկ մյուս կողմից, գիտահետազոտական կազմակերպությունները դեռևս ամբողջությամբ չեն տիրապետում շուկայական հարաբերություններին և չունեն ֆինանսական միջոցներ լայնածավալ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար: Ուստի և նպատակահարմար է որոշել գիտության այն բնագավառները, որոնցում կարելի է արտասահմանյան երկրների առաջատար կազմակերպությունների ու համալսարանների հետ ստեղծել համատեղ ձեռնարկություններ և կատարել երկու երկրների համար արդյունավետ հետազոտություններ, դրանց արդյունքների հիման վրա ստեղծել նոր արտադրատեսակներ և մատուցել նոր ծառայություններ, որոնք կարող են միջազգային շուկայում ավելի արագ ճանաչում գտնել: Բանն այն է, որ միայն գիտատեխնիկական առաջադիմության զարգացմամբ, գիտության ու տեխնիկայի գերակայությունների ճիշտ որոշմամբ ու դրանց խնդիրների լուծմամբ կարելի է հասնել տնտեսական հաջողությունների, ավելին՝ ապահովել երկրի տնտեսական անվտանգությունը: Ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունն է հայտարարված գերակա ոլորտ, այնպես էլ պետք է որոշվեն գիտության ու տեխնիկայի գերակա բնագավառները կոնկրետ իրավիճակներում և նախատեսվեն այն քայլերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են տվյալ ոլորտի զարգացումն ապահովելու համար: Միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների, միկրոսխեմաների նախագծման, մուլտիմեդիայի, ծրագրային ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մատուցման, համակարգերի նախագծման և ավտոմատացման ու ժամանակակից այլ ոլորտների զարգացման հեռանկարն[20] ուրվագծվում է Հայաստանում, ինչը և կարող է ճանապարհ հարթել ինտեգրվելու չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը:
Այսպիսով, ՀՀ տնտեսությունը վերափոխումների ու վերակառուցումների հրամայականի առջև է: Խնդիրը կարող է լուծվել համակարգային, փոխկապակցված միջոցառումների իրականացման արդյունքում: Կառավարության գերնպատակը պետք է լինի ազգային անվտանգության ապահովումը, որը գլոբալացվող աշխարհում և տարածաշրջանային զարգացումներում կարելի է համարել ամենաորոշիչը: ՀՀ ազգային անվտանգության ապահովման բոլոր իրավիճակներում ծագող սպառնալիքների հաղթահարման առաջին միջոցը եղել և մնում է գիտության զարգացումը:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] Համաշխարհային տնտեսական համաժողով, պաշտոնական կայք, 31.01.2019թ.
[2] Արդյունաբերական նոր հեղափոխություն՝ մի՞ֆ, թե՞ իրականություն, orbeli.am , 22.01.2019թ.
[3]Համաշխարհային տնտեսական համաժողով, պաշտոնական կայք, 1.02.2019թ.
[4]Հայացք դեպի գլոբալացում 4.0, Համաշխարհային տնտեսական համաժողովի պաշտոնական կայք, 22.01.2019թ.
[5] Համաշխարհային տնտեսական համաժողով, Դավոս, 2019թ., 24.01.2019թ.
[6] Ռազմավարական ծրագիր Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների, 08.02.2019թ.
[7] Գիտատեխնիկական աշխատանքներն ըստ ցուցանիշների և տարիների, ՀՀ Վիճակագրական կոմիտե, ARMSTAT,, 18.02.2019թ.
[8] Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, armstat.am, 22.01.2019թ.
[9] Նույն տեղում:
[10] Նույն տեղում:
[11] Գիտության գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը, Դեպի 2030թ., ՅՈՒՆԵՍԿՕ, ՄԱԳԻՍՏՐ-ՊՌԵՍ հրատ. տուն, Մոսկվա, Ռուսաստան, 2017թ., էջ 317, 22.01.2017թ.
[12] ՀՀ Վիճակագրական կոմիտե /ARMSTAT/, 18.02.2019թ.
[13] ՀՀ սոցիալական վիճակը 1999-2017թթ, ՀՀ գիտատեխնիկական ոլորտի զարգացումը բնութագրող ցուցանիշներն ուսումնասիրվել են ՀՀ ԱՎԾ մեթոդաբանությանը համապատասխան՝ օգտագործելով 1999-2018թթ. Հայաստանի վիճակագրական տարեգրքերը, Հրապարակումներ ըստ թեմաների, 18.02.2019թ.
[14] Նույն տեղում:
[15] Նույն տեղում:
[16] Նույն տեղում:
[17] Մանրամասն տես՝ Ջուլիետա Թադևոսյան, ՀՀ տեխնոլոգիական անվտանգության իրավիճակի վերլուծությունը 2009-2016 թվականներին, Բանբեր ՀՊՏՀ, 2018/4/, Երևան, 18.02.2019թ.:
[18] Գիտության գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը, Դեպի 2030թ., ՅՈՒՆԵՍԿՕ, ՄԱԳԻՍՏՐ-ՊՌԵՍ հրատ. տուն, Մոսկվա, Ռուսաստան, 2017թ., էջ 322, 22.01.2017թ.
[19] ՏՀՏ ոլորտը Հայաստանում 2018, Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն, 2018, 26.02.2019թ.
[20] ՏՀՏ ոլորտը Հայաստանում 2018, Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն, 2018, 26.02.2019թ.