Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով և նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»

Մարտ 05,2019 17:28

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի երկրորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ կառույցների ղեկավարների հետ:

Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքն ու զարգացման ուղիները: «Սա Ձեր երկրորդ այցն է Բրյուսել, պարոն վարչապետ: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Ձեր առաջին այցի շրջանակում, և այսօրվա մեր հանդիպումը լավ հնարավորություն է` շարունակելու մեր սկսած երկխոսությունը», – ասել է Դոնալդ Տուսկը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարևոր է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում: «Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով և նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ», – ասել է վարչապետ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու, և Եվրամիության օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին` նշելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Եվրամիության երկրների համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, երկուստեք կարևորվել է CEPA-ի վավերացման շուրջ շարունակական աշխատանքը:

ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031