ԱԺ այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը շարունակեց պատասխանել պատգամավորների հարցերին: ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով նրան, հայտարարեց. «2018թ.-ի ԱԺ ընտրություններում վարչական ռեսուրսի ներգործությունը նկատելի էր: Եթե նախկին իշխանություններն ակտիվ էին ներգործում, ապա գործող իշխանությունների դեպքում վարչական ռեսուրսը կիրառվեց պասիվ սկզբունքով: Այսինքն, եթե մարզպետը կամ նախարարը մասնակցում է որպես թեկնածու, հանրության գիտակցությունը դեռեւս այնպիսին չէ, որ այդ պաշտոնյայից կախվածություն չզգան: Բացի այդ, մի շարք տեղամասերում անձամբ եմ արձանագրել, որ բանակը, որը հարյուր տոկոսով քվեարկում էր ՀՀԿ-ի օգտին, հիմա քվեարկում է գործող իշխանության օգտին: Հաջորդ անգամ քվեարկելու է հաջորդ իշխանության օգտին: Ոստիկանությունն էլ որոշել էր, որ պետք է քվեարկի ներկա իշխանության օգտին: Սա մտահոգում է, ի վերջո այդ կառույցներն ազդում են ընտրական գործընթացի վրա»:
Տիգրան Մուկուչյանը պատգամավորի մտահոգություններին այսպես արձագանքեց. «Պասիվ վարչական ռեսուրսի ինստիտուտն իրավական առումով դժվար է պատկերացնել: Կդժվարանամ հիշել դեպք, երբ գործող պաշտոնյային արգելվում է կրկին առաջադրվել: Թեկնածուները հավասար հնարավորություններից են օգտվում: Չկա կանոնակարգում, ըստ որի՝ արդեն իսկ քաղաքական պաշտոն ունեցողը չի կարող կրկին առաջադրվել»:
Ինչ վերաբերում է բանակին եւ ոստիկանությանը, ԿԸՀ նախագահը ձեռնպահ մնաց դատողություններից. «Նման փաստական հանգամանք հայտնի չէ: Ես հետեւել եմ գործընթացին: Չկա փաստարկ այն մասին, որ այս կամ այն մարմինը հրահանգավորված քվեարկել է ուղղորդված»:
Սերգեյ Բագրատյանը պնդեց. «Զինվորին հարցրել եմ, թե ում օգտին է քվեարկել, նա պատասխանել թե, թե իրենց հրահանգել են «Իմ քայլի» օգտին քվեարկել: Գյուղապետն էլ քվեարկում է թեկնածու-մարզպետի կուսակցության օգտին»:
Տիգրան Մուկուչյանը հակադիր օրինակը բերեց. «Եղբորս որդին եւս ծառայում է: Նա ասել է, որ զինվորները քվեարկել են ազատ»:
«Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանն էլ Բագրատյանին կոչ արեց իր փաստերը ներկայացնել իրավապահներին, որովհետեւ նա «ծանր մեղադրանքների» մասին բարձրաձայնեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ