Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոտան-Արփա» թունելների չշահագործումը շարունակվում է. ո՞վ է մեղավոր

Մարտ 05,2019 17:20

«Որոտան-Արփա» թունելների չշահագործումը շարունակվում է առ այսօր, արդյունքում տուժում են Սևանա լիճը, գյուղատնտեսությունը, հիդրոկայանները և այլ ջրօգտագործողներ, իսկ մեղավորները դեռևս պատասխանատվություն չեն կրել: Եվ ո՞ւմ է ձեռնտու այս վիճակը, որը կարելի է գնահատել իբրև հակաիրավական, հակաօրենսդրական, հակապետական և հակասահմանադրական, քանզի պետության միջոցների հաշվին կառուցվել է մի հսկայական կառույց, որը ոչ միայն այսօր չի գործում, այլ նաև իր պաշտոնական բացումից ի վեր՝ 2004 թվականից առ այսօր մի օր անգամ չի գործել, այսինքն՝ պետությանը հասցվել է ահռելի վնասներ, ինչի համար այսօր ոչ-ոք պատասխանատու չէ և պատասխանատվության չի ենթարկվել:

Ըստ նախնական տվյալների, արդեն իսկ «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է ընդհանուր շուրջ 18,5 մլրդ ՀՀ դրամ[1] [2] [3]՝ չհաշված նախագծման, կառուցման, գնահատման և այլ աշխատանքներ, որոնց հաշվարկային ընդհանուր կշիռը մի քանի անգամ կարող է գերազանցել նախնական հաշվարկները: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ 2004թ.-ի օգոստոսի 17-ին կնքված N ԾՁԲ-04/36 պայմանագրով «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին: Իսկ «Արփա-Սևան» թունելի պահպանման և շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի պահպանման ծախսերի համար պետբյուջեից «Արփա-Սևան» ԲԲԸ-ին յուրաքանչյուր տարի փոխանցվում է 205,800,000 ՀՀ դրամ (ամսեկան 17մլն. դրամ): Ավելին՝ վերականգնման աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով սահմանված կարգով նույն «Արփա-Սևան» ԲԲԸ-ի հետ հետագա երեք տարիների համար կնքվել է ևս շուրջ 4,998 մլրդ դրամ արժեքով շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր (2017թ.-ին հատկացվել է 1,9 մլրդ դրամ, 2018թ.-ին՝ 1,6 մլրդ դրամ, իսկ 2019թ.-ի համար մնացորդը կազմել է 1,79 մլրդ դրամ)[4] Այսինքն՝ ստացվում է, որ վերոնշյալ խնդրի ապահովման մասով պարտավորություններ ստանձնած «Արփա-Սևան» ԲԲԸ-ին վճարվել և շարունակաբար վճարվում է մի բանի համար, որ նա ոչ միայն չի ապահովել, այլ նաև շարունակաբար չի ապահովում: Եվ ո՞վ պետք է պատասխան տա և պատասխանատվության ենթարկի այս ամենի համար:

Տարեցտարի Սևանա լճի ջրալրման խնդիրը դառնում է էլ ավելի ճգնաժամային: Պատկան մարմիններն ամեն անգամ գլուխ-գլխի տալով՝ ճանապարհներ են որոնում գտնելու դրա իրական պատճառներն ու լուծման տարբերակները՝ աչքաթող անելով ՄԻՆՉ ԱՅԺՄ ԱՄԵՆԱԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆԱՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ – ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԻՑ «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ» ԹՈՒՆԵԼՈՎ ՋՐԱՌԸ, ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ: Մինչդեռ հենց այդ «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի 165 մլն խմ ջուր, որը լճի ջրային հաշվեկշիռ մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան պետք է ապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում: Եվ այդ ամենն ամրապնդված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածով[5], որն էլ փաստացի չի ապահովվել և չի ապահովվում:

Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքի համաձայն՝ «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամալիրը համարվում է պետական հատուկ նշանակության ջրային համակարգ[6], որն այսօր ամբողջովին չի գործում «Որոտան-Արփա» թունելի այդպես էլ չշահագործման արդյունքում: Եվ չնայած նրան, որ հանրային գիտաուսումնական տարբեր հարթակներ և կողմեր հստակ մատնանշում են, որ կենսական և ռազմավարական բարձր նշանակություն ունեցող սույն թունելը լիովին պատրաստ է շահագործման և ապահովել Սևանա լճին այդքան անհրաժեշտ ջրով, այնուհանդերձ, ըստ էության, առկա են անհասկանալի թաքնված կողմեր, որոնց պատճառով որևէ կերպ ընթացք չի տրվում այդ հարցին…

Շարունակելի…

 

ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ

[1] https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=31365

[2] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=60472

[3] https://www.arlis.am/documentView.aspx?docid=7211

[4] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116194

[5] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=77102

[6] http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2803

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031