Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիանում եմ ձեր ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսական զարգացման վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը». Դոնալդ Տուսկը՝ Փաշինյանին

Մարտ 05,2019 16:48

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Բրյուսելում հանդիպում են ունեցել, հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Դոնալդ Տուսկը մասնավորապես իր խոսքում ողջունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակի համար ու ասաց. «Ձեր կառավարության արժեքների վրա շեշտադրումը եւ արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: Ես հիանում եմ ձեր ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսական զարգացման վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը»:

Տուսկի խոսքով՝ «ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ճամփորդությանը դեպի ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու եւ իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու համար: Մենք վճռական ենք իրականացնել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը, իրական օգուտներ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության համար: Համաձայնագրի գերակշռող մասը արդեն իսկ նախնական կիրառվել է եւ իրական ազդեցություն ունի: ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն արտահանող գործընկերն է, որի բաժինը կազմում է Հայաստանի արտահանման ավելի քան 28 տոկոսը: Այս համաձայնագրի իրականացումը ձեռք-ձեռքի է ընթանում, զուգընթաց է ներքին բարեփոխումներին: ԵՄ-ն պատրաստ է հետագայում եւս աջակցել ձեր բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ: Մենք համաձայն ենք կոռուպցիայի դեմ պայքարում եւ օրենքի գերակայության բարեփոխումների հանդեպ ձեր ուժեղ շեշտադրմանը»:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Դոնալդ Տուսկը նշեց. «Այսօր մենք նաեւ քննարկել ենք չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչպես գիտեք, ԵՄ-ն լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին եւ նրանց առաջարկներին: Ես ոգեւորված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների վերջին շփումներով եւ ողջունում ենք լարվածության ներկայիս նվազումը: ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն: Բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարեւոր քայլ է դեպի կարգավորում, որին մենք պատրաստ ենք աջակցել»:

Դոնալդ Տուսկը նաեւ շնորհակալություն հայտնեց վարչապետին` Արեւելյան գործընկերությանը Հայաստանի բերած արժեքավոր ներդրման համար. «Այս գործընկերությունը տոնում է իր 10-ամյակը մայիսին: Մենք համաձայնեցինք կրկին հանդիպել, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որը Արեւելյան գործընկերությունն իրականացրել է վերջին 10-ամյակի ընթացքում եւ Բրյուսելի մայիսյան հոբելյանական տոնակատարությունները: Այնպես որ, ես ակնկալում եմ ձեզ նորից տեսնել երկու ամիս անց»:

https://www.facebook.com/aravot.am/videos/491015101429274/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031