Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներն արդեն իսկ գնահատել են Դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագիծը

Մարտ 05,2019 16:42

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մեկնարկին, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Լավ կառավարման» համագործակցության շրջանակում:

Ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ամրապնդել դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունը և արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև Հայաստանում ամրապնդել արբիտրաժի և հաշտարարության կիրառումը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների և հանձնարարականների համապատասխան:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին միջոցառման համար և նշել, որ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր շրջափուլ: «Հեղափոխությունից հետո վերացվեց դատավորների որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու արատավոր պրակտիկան՝ այդպիսով բացառելով իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը»,- նշել է նախարարը և հավելել, որ այնուամենայնիվ, Հայաստանի դատական իշխանության լիարժեք կայացման համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ և համընդգրկուն բարեփոխումներ, որտեղ կապահովվի արդարության զգացումը և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, կերաշխավորվի դատավորների ներքին և արտաքին անկախությունը, դատական իշխանության թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, այդպիսի բարեփոխումների իրականացմանն ուղղված հայեցակարգն այժմ լրամշակվում է Արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից: Խոսքը վերաբերում է 2019-2024 թվականների Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծին, որը ներառելու է միջոցառումներ դատարանների մատչելիության և արդյունավետության ապահովման ուղղությամբ՝ նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը նպաստելու համար:

Այս համատեքստում նախարար Զեյնալյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներն արդեն իսկ գնահատել են Դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագիծը` վերլուծելով Ռազմավարության հիմնական նպատակները, թիրախները, գործողությունների իրականացման ժամանակահատվածը, ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև Գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների համապատասխանությունը Եվրոպական միության Գնահատողական խմբի կողմից ներկայացված առաջարկություններին: «Մեծապես կարևորելով մեր գործընկերների կողմից իրականացված աշխատանքը՝ վստահ եմ, որ ներկայացված փաստաթղթում տեղ գտած առաջարկությունները կամրագրվեն Հայաստանի 2019-2024թթ. Դատաիրավական բարեփոխումների ծրագրում»,- ասել է արդարադատության նախարարը և անդրադարձել նախորդ տարվա դեկտեմբերին ավարտված Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրին ու դրա իրականացման ընթացքում արձանագրված մի շարք ձեռքբերումներին:

«Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, լինելով մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցող կարևորագույն գործընկերներից մեկը, շարունակում է իր օժանդակությունը ցուցաբերել դատական և իրավական բարեփոխումների իրագործմանը: Այդ մասին է վկայում այսօր մեկնարկող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» նոր ծրագիրը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում դատարանների անկախության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը, դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին մեր երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար:

Ծրագրի մեկնարկին մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, այլք:

  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031