Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ 2018թ.-ին եւ դրանից առաջ ընտրական գործընթացը եղել է թափանցիկ

Մարտ 05,2019 16:27

ԱԺ այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը, ինչից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետեւյալ հարցն ուղղեց Տիգրան Մուկուչյանին՝ «հայտնի է, որ ՀՀ-ում մինչեւ 2018թ.-ը ընտրություններն ուղեկցվել են կեղծիքներով, ԸՕ-ի լուրջ խախտումներով: Դուք 2011թ.-ից ԿԸՀ նախագահ եք եւ զբաղվում եք ընտրությունների կազմակերպմամբ: Տեխնիկապես ավելի բարդ է կազմակերպել ընտրություններ, որոնց արդյունքները նախապես հայտնի են եւ խախտումներով են ընդունվո՞ւմ, թե արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքները 2018թ.-ին չվիճարկվեցին»:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Երբեւէ ընտրությունների կազմակերպման ընթացքում արդյունքները նախապես հայտնի չեն լինում: Ինչ վերաբերում է կազմակերպմանը, ապա ընտրական գործընթացում անելիք ունեն թե ընտրական հանձնաժողովները, թե պետական մարմինները: Միանշանակ, եթե այս մարմինների միջեւ գործակցությունն ակտիվ է, այն ազդում է ընտրական գործընթացի վրա: Իսկ ԿԸՀ-ն փորձել է հետամուտ լինել պահպանելու ԸՕ պահանջները»:

Խանդանյանը շարունակեց հարցը՝ «Իսկապես պնդում եք, որ մինչեւ 2018թ. եղած ընտրություններն արտահայտե՞լ են քաղաքացիների կամքը»: Մուկուչյանը պատասխանեց. «Քվեարկությունն ամփոփվում է ըստ քվեաթերթիկների քվեների: Գործընթացը եղել է թափանցիկ, դրան հետեւել են ԶԼՄ-ներն ու դիտորդները: Չի եղել այնպես, որ քվեաթերթիկների քվեներն արձանագրություններում այլ կերպ ներկայացվեն»:

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գայանե Աբրահամյանն էլ հետաքրքրվեց. «Արդյոք միայն քաղաքական կա՞մքն էր դերակատարում ունեցել, որպեսզի 2018թ.-ին լինեն արդար ընտրություններ, թե ձեր գործունեության մեջ ինչ-որ տարբերություն կա՝ այդ եւ մինչեւ այդ տեղի ունեցած ընտրությունների պարագայում»: «2018թ.-ի ընտրությունների ժամանակ պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովների միջեւ ակտիվ գործակցություն էր ձեւավորվել, ինչն էլ նպաստում է ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմանը»,-նշեց Տիգրան Մուկուչյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031