ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ ընդունված ձևաչափն է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:
«Իմ այցը Բաքու ուղերձ է այն մասին, որ ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիան մշտապես աջակցում է այդ հակամարտության կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններում միակ ընդունված ձևաչափն է: Եվ դրա ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի»,- ասել է Լայչակը:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է օգտագործել ԵԱՀԿ-ն՝ որպես օգտակար գործիք հակամարտությունների լուծման համար: Սլովակիայի նախագահության առաջնահերթություններից մեկն էլ հենց հակամարտությունների կարգավորումն է:
«Ես ցանկանում եմ հայտարարել ԵԱՀԿ պատրաստակամության և մտադրության մասին՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք շարունակում ենք հանդիպումները կարգավորման շրջանակում: Դա նպաստել է հակամարտության գոտում լարվածության թուլացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ Երևան այցի ընթացքում հայկական կողմին կհասցնի Բաքվի հայտարարությունները:
Իր այցի շրջանակում Լայչակը նաև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նկատելով, որ սա լավ հնարավորություն է ծանոթանալ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված իրավիճակին և մտքերի փոխանակություն կատարել:
Նա Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է Սլովակիայի նախագահության ընթացքում ԵԱՀԿ առաջնահերթությունների մասին՝ նշելով, որ այդ շարքում կարևոր տեղ է զբաղեցնում հակամարտությունների կանխարգելումն ու միջնորդությունը:
ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Սլովակիան ԵԱՀԿ նախագահության շրջանակում պատրաստվում է իր ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ