Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է
«Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»։ Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն․․․ Հայաստանի հայաթափմա՞նը, թե մինչև աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կազմեն»։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի այս խոսքերը մարգարեության նման այսօր էլ իրենց արդիականությունն ու հնչեղությունը չեն կորցրել։ Նրա անունը մեր սրտերում է, նրա ձայնը հնչում է մեր նորագույն պատմության հերոսական ակունքներից, նրա կերպարը այսօր էլ ոգեշնչում է հայ երիտասարդներին։
Եվ մեզանից յուրաքանչյուրը, խոնարհվելով ու խնկարկելով Սպարապետի անմար հիշատակի ու սխրանքի առաջ, պարտավոր է շարունակել այն սրբազան պայքարը, որի առաջամարտիկներից, նվիրյալներց էր Վազգեն Սարգսյանը․ անձնուրաց պայքար՝ հանուն հայի, Հայաստանի և Արցախի, որը պսակվեց փառահեղ հաղթանակով, որովհետև մենք «մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք․․․»։
Փա՛ռք ու պատիվ Արցախյան հաղթանակը կերտած հրամանատարին, զինվորին, սպային
Այսօր մենք նշում ենք նաև Արցախի հերոսներ, արժանապատիվ գեներալներ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի ծննդյան տարեդարձը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով նրանց՝ մաղթում ենք նորանոր հաղթանակներ՝ հանուն Հայաստանի և Արցախի, հանուն հայ ժողովրդի խաղաղության, անկախության և ստեղծագործ, հայրենաշեն արարումի։
Սեյրան ՕՀԱՆՅԱՆ
Պաշտպանության նախկին նախարար