Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ-ի, այդ թվում նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված «անառողջ իրավիճակի» վերաբերյալ: Նման հայտարարություն նա արել է եվրոպական կազմակերպությունների հետ գործակցության և ինտեգրացիոն կառույցներում մասնակցության հարցերով խորհրդակցության ժամանակ:
«Հաշվի առնելով համաշխարհային միտումները՝ այդ կազմակերպության պահանջվածությունը կասկածներ չի հարուցում: Սակայն, ներկայում ՀԱՊԿ-ում առաջացել է անառողջ իրավիճակ: Վերցնենք թեկուզ հասարակ հարց՝ գլխավոր քարտուղարի նշանակումը»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական գործակցությունն «այսօր կարևորագույն ուղղություն է, որտեղ պետք է կենտրոնացած լինեն մեր ջանքերը՝ համապատասխան այն միտումների, որոնք զարգանում են ընդհանուր առմամբ աշխարհում ռազմաքաղաքական ոլորտում»: Լուկաշենկոն ընդգծել է, որ դա հատկապես արդիական է «այն բանից հետո, երբ երկու խոշորագույն միջուկային գերտերությունները (ԱՄՆ և ՌԴ-խմբ.) դուրս եկան Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման մասին պայմանագրից»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ