ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի միջեւ բանավեճն այսօրվա ԱԺ նիստում կրկին թեժացավ: Օգտվելով ելույթի իրավունքից՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց Արեն Մկրտչյանի՝ ավելի վաղ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
«Ձեր՝ ինձ «դասավանդելու» հավանականությունը նույնն է, թե ես այս տախտակի (ԱԺ ամբիոնն է ցույց տալիս) վրա Այվազովսկու կտավ նկարեմ: Իմ բացակայությամբ ինձ հեգնո՞ւմ եք: Սազական չէ դա տղամարդուն, առավել եւս՝ պատգամավորին»,-նկատի ունենալով Արեն Մկրտչյանի՝ իրեն կոռեկտության դասեր տալու հայտարարությունը, ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Նա շարունակեց դիմել դահլիճում նստած Արեն Մկրտչյանին. «Մի մասնագիտական նկատառում էլ անեմ: Գնացեք օրենքը կարդացեք: Ասում եք՝ գործարաններն արհմիություններ կբացեն եւ կճնշեն աշխատողներին: Իհարկե կասեք, թե որտեղ գամ ձեր մոտ դասընթացների, բայց մինչեւ այդ իմացեք՝ գործարաններն արհմիություններ չեն հիմնում: Քաղաքացիներն են հիմնում արհեստակցական միություններ, եղա՞վ»:
Ապա ԲՀԿ-ական պատգամավորը «Իմ քայլի» պատգամավորին կոչ արեց կոռեկտ լինել. «Եթե հանկարծ որոշեք դասեր ստանալ, եւ եթե չեք զլանա, կարող եք թակել ԲՀԿ-ի դռները»:
Իրավիճակը կրկին փորձեց հանդարտեցնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Կարծում եմ՝ բոլորն էլ ողջ կյանքի ընթացքում պետք է չդադարեն սովորել, իհարկե՝ կամավորության սկզբունքով (պատգամավորների կողմից ծիծաղ հնչեց), այլ ոչ թե պարտադրմամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ