Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանն այսօր հրապարակեց համայնքի բյուջեի աուդիտի արդյունքները, որոնք պարոն Մարդանյանի խոսքով, չեն արժանանում իրավապահների ուշադրությանը: Մինչդեռ, ըստ նրա, «փաստերն աղաղակող» են: Աուդիտը պարզել է, որ Ամանորի տոնածառի համար գյուղի բյուջեից ծախսվել է 1 միլիոն 767 հազար դրամ, գումարներ են դուրս գրվել տանիքների վերանորոգման համար, սակայն աշխատանքը չի կատարվել, պարզվել է նաեւ, որ գործող համայնքապետ Արա Մկրտչյանը հողերը վաճառել է իր ընտանիքի անդամներին, որոնք ինքնուրույն տնտեսություն չեն վարում, այսինքն՝ գյուղապետի հետ փոխկապակցված անձինք են:
Մանրամասները՝ տեսանյութում
Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում, Արթուր Մարդանյանն ասաց, որ գյուղի ավագանու մի քանի անդամներով գյուղապետարանում հայտնաբերված չարաշահումների մասին հաղորդում են ներկայացրել իրավապահներին: Նրանց շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանի խոսքով, կան բավականին նյութեր, որտեղ ակնհայտ հանցակազմի հատկանիշներ կան, որոնցից մեկն օրինակ՝ տանիքների հետ կապված փաստը, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի հատկանիշներ չլինելու հիմքով։
Արա Մկրտչյանը Քասախի գյուղապետ է 1991 թվականից:
Ավագանու անդամի խոսքով, տարիներ ի վեր գյուղապետը Քասախի գերեզմանատանը հողատարածքներ է վաճառել դրսից եկածներին՝ առանց համայնքի բյուջե «մի կոպեկ» մուտք անելու: Արթուր Մարդանյանի խոսքով, աշխատակազմի ղեկավարն էլ գյուղապետի եղբոր որդին է:
Նա ասաց, որ մարտի 15-ից ընդդեմ գյուղապետի նստում է հացադուլի, որպեսզի իրավապահների, կառավարության ուշադրությունը հրավիրի չարաշահումներին: Բացի այդ՝ պահանջում է, որպեսզի 28 տարվա գյուղապետը լիազորությունները դադարեցնի: Ըստ նրա, Քասախն ունի ավագանու 11 անդամ, որոնց մի մասը դեմ են գյուղապետին:
Aravot.am-ը փորձեց ավագանու անդամի մեղադրանքների առնչությամբ խոսել նաեւ գյուղապետ Արա Մկրտչյանի հետ, որի հեռախոսը սակայն անհասանելի էր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ