Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ նստել ու մտածել, թե ով է շպիոն». Նաիրա Զոհրաբյանին էլ է հետաքրքրում վարչապետի հայտարարությունը

Մարտ 05,2019 14:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանում՝ Սպահանում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պետք է թույլ չտանք, որ ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ: Խորհրդարանում այսօր լրագրողները ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին`իր կարծիքով`ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը: «Ինձ ևս, որպես ՀՀ քաղաքացի ու պատգամավոր, հետաքրքիր է, թե ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցը պետք ուղղել Նիկոլ Փաշինյանին»,-պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը: Ճշտող հարցին`իր տեսադաշտում կա՞ն նման քաղաքական գործիչներ, նա պատասխանեց. «Ես այնքան կարևոր գործեր ունեմ, որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ , որ չեմ նստել ու մտածել, թե ով է շպիոն: Դա իմ գործառույթների մեջ չի մտնում: Եթե ԱԺ կանոնակարգով մեր հանձնաժողովին կտրվի գործառույթ բացահայտել քաղաքական գործիչ-գործակալներին, վստահեցնում եմ, որ որպես պարտաճանաչ պատգամավոր այդ հարցով կզբաղվեմ»:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին էլ, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նման հանդիպում չի եղել: Նա հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն հրապարակումները, որ Գագիկ Ծառուկյանը ԼՀԿ ներկայացուցիչների հետ էլ է հանդիպել` Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի շրջանակներում։

«Հասկանում եմ, որ լրագրային էլեգիան վերածել Կիկոսի մահի ժանրի, լրագրության մեջ գնալով ավելի է շատանում, բայց տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և վերջ»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ՀՀ պետական կառավարման ապարատից 10 հազար աշխատակից կրճատելու մասին կառավարությունից արտահոսքին: Ասաց, որ վաղը, կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հարցն անպայման պետք է բարձրացվի: Նա շատ մտահոգիչ է համարում ձևակերպումը, թե 10 հազարի կրճատումը «կնպաստի պետության շահին»։ «10 հազար մարդ նշանակում է 10 հազար ընտանիք, այսքան մարդու կրճատումն ինչպե՞ս պետք է նպաստի պետության շահին։ Միգուցե հարգարժան նախարարներն ու փոխվարչապետը կունենան իրենց բացատրությունը Հայաստանի շահ ու գործազրկություն ուղիղ կապը տեսնելու»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031