Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած նախորդ այցից հետո Եվրոպական միությունը փոխել է մարտավարությունը և ավելի հաճախ է խոսում այն ծրագրերից, որոնք իրականացվում են Հայաստանում և տարածաշրջանում։
«Նախորդ հանդիպումից հետո խոսակցություններ կային, թե ԵՄ-ն ակտիվ ֆինանսական ծրագրեր չի առաջարկում, դրանք գրավիչ չեն, և այլն։ Բայց հանձնակատար Յոհաննես Հանն իր այցով մանրամասն ներկայացրեց բոլոր հնարավորությունները և ծրագրերը, որոնք ԵՄ-ն անում է Հայաստանում, դրանք բավականին ծավալուն են։ Ամենակարևորն այն է, որ Հայաստանին տրվող աջակցությունը մեծանալու է, բայց, ինչպես դեսպանն ակնարկեց, Հայաստանի տնային աշխատանքից է կախված մեծ փոխանցման ճակատագիրը։ Սրանում, կարծում եմ, հայ հասարակության համար որևէ նորություն չպետք է լինի։ Այս այցի կարևոր որոշումները, իմ կարծիքով, վերաբերելու են համաձայնագրի ճանապարհային քարտեզի հաստատման հետ կապված հարցերին, ինչպես նաև համաձայնագրի վավերացմանը, առկա խնդիրներին, քանի որ ԵՄ-ն թևակոխելու է քաղաքական խմորումների փուլ։ Հաշվի առնելով, որ նախորդ հանդիպումները ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում էին, այս այցն էապես կարևոր է, կողմերը հանգամանորեն կկենտրոնանան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա։ Կարծում եմ՝ անորոշ հարցեր չեն մնա»,- ասաց վերլուծաբանը։
Հալբախը համամիտ է, որ այս այցով կորոշվի ԵՄ-ի համագործակցության տեմպն այս նոր իշխանությունների հետ։ «Երևում է, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են տարատեսակ ծրագրերի իրականացմամբ, գումարների ներգրավմամբ, բայց շատ աշխատանք պետք է իրականացնել նաև այդ առաջարկները փաթեթավորելու, ներկայացնելու հարցում, որում դեռ անփորձ են նոր իշխանությունները»,- ասաց նա։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում