Պատգամավորների 96 «կողմ» ձայներով ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրինագծում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է, որ օրենքի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ այս տարվա մարտի մեկը:
«27 տարին լրացած եւ բանակում չծառայած քաղաքացիները կարող են վերադառնալ ՀՀ եւ քրեական պատասխանատվությունից խուսափել՝ վճարելով գումար: Հաճախ կանխավ ենթադրում ենք, թե քաղաքացիները փախել են բանակից, մինչդեռ տարբեր դրդապատճառներով են հայտնվել արտերկրում»,-նախագծի ներկայացման ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ մոտ երկու հազար քաղաքացի սպասում էր այս նախագծին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին ասաց, որ օրենքը ժամանակավոր կարգավորում է, բայց կնպաստի հայրենադարձությանը եւ կամրապնդի հայրենիք-սփյուռք կապերը. «Ներկայումս բանակում չծառայած տասը հազար հայ գտնվում է հետախուզման մեջ»:
Վաղը ԱԺ-ում տեղի կունենա այս օրենքի նախագծի ընդունման երկրորդ քվեարկությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ