Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են. «168 ժամ»

Մարտ 05,2019 12:47

Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։

Սա նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով բավական կտրուկ անկում է։ Թե ո՞ւր են գնացել այս գումարները, հայտնի չէ։ Փաստ է, որ դրանք սովորաբար օգտագործվում են երկրի տարադրամային պահանջարկը սպասարկելու համար։ Դա լինի արտաքին, թե ներքին հատվածում։

Կենտրոնական դրամատան միջազգային պահուստների կրճատման գործում, ըստ էության, որոշակի դեր է ունեցել ներքին արժութային շուկայի պահանջարկի բավարարումը։ Առկա է տարադրամային հոսքերի հաշվեկշռի վատացում, ինչը մեծացրել է ճնշումն ազգային արժույթի վրա։ Վերջին շրջանում դա արտահայտվում է հատկապես դոլարի դիրքերի ամրապնդման տեսքով։

Արդեն բավական ժամանակ ամերիկյան արժույթի գինը գտնվում է 490 դրամի սահմաններում։ Թե այն հետագայում ինչպես կդրսևորի իրեն, ցույց կտա ժամանակը։

Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ, թեև այս փուլում վաղ է խոսել դոլարի նկատմամբ դրամի էական անկման մասին, այնուհանդերձ վերջին շրջանի զարգացումները վկայում են, որ դրա վրա ազդող գործոններն ազգային արժույթի համար նպաստավոր դիրքում չեն։ Տարադրամային ճնշումը ներքին շուկայում մեծացել է՝ պայմանավորված մի կողմից՝ արտարժույթի ներհոսքի ցածր ակտիվությամբ, մյուս կողմից՝ արտահոսքի առաջանցիկ աճով։

Որքան էլ ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում Հայաստանի արժութային շուկան որոշակի տատանումներից հետո կարողացավ վերականգնել կայունությունը, այնուհանդերձ հաջորդող շրջանում տեղի ունեցող պրոցեսներն այնքան էլ դրա օգտին չեն։ Իշխանափոխությունից հետո արժութային շուկայի տարադրամային հոսքերի դինամիկան մտահոգիչ է։ Դա ակնհայտ է գրեթե բոլոր ուղղություններով։ Մուտքերի նոսրացումն ուղեկցվում է ելքերի ավելացմամբ։

Նման դրսևորումները, բնականաբար, բացասական գործոն են՝ ինչպես ընդհանրապես ֆինանսական միջավայրի, այնպես էլ՝ ազգային արժույթի կայունության և շուկայի հավասարակշռության պահպանման համար։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031