Հայտնի երգահանը ուղիղ եթերից հայտարարում է, թե ղարաբաղցիներն ադրբեջանցիներ են, ու սոցկայքերում հայտնվում են այս անհեթեթության հարյուրավոր (իրական, թե ֆեյք՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ) պաշտպաններ, որոնք իրենց հիացմունքն են արտահայտում «Ռուբոյի դուխի» առթիվ, կրկնում են նույնը, մի երկու բան էլ իրենց կողմից են ավելացնում, մի խոսքով՝ առաջ են տանում քարոզչական այն գիծը, որն ադրբեջանցիները տասնամյակներ շարունակ փորձում էին արմատավորել մեր գիտակցության մեջ ու չէին կարողանում։ Չի բացառվում, իհարկե, որ այդ ֆեյքերի մի մասի անվան տակ հենց Ադրբեջանի հատուկ ծառայություններն են գործում, բայց վստահաբար՝ կան նաեւ այնպիսիք, ովքեր անկեղծորեն հավատացած են, թե քանի որ նախկին նախագահները (Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը) ղարաբաղցիներ են, իրենք պարտավոր են ղարաբաղցիների դեմ հնչեցված ցանկացած հայհոյանք «լայքել», ու դրանով իրենք պայքարում են ռեւանշիզմի դեմ, նպաստում են նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանը, մի խոսքով՝ մեծ ծառայություն են մատուցում հեղափոխությանը։
Մյուս կողմից էլ՝ այս անհեթեթ թեմայի շուրջ բարձրացված աղմուկը ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր հակված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ներկայացնել որպես սովորական հեղաշրջում, իսկ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումները՝ քաղաքական հաշվեհարդար։ Ռուբեն Հախվերդյանի այս հայտարարությունները նրանց համար հրաշալի առիթ էին, որովհետեւ հընթացս հանրային գիտակցության մեջ կամաց-կամաց կարելի է ներարկել այն թեզը, թե նախկիններին հալածում են ընդամենը նրանց «ոչ հայաստանցի» լինելու համար, ու դա նրանց միակ «հանցանքն» է: Հասկանալի է, որ իրականում դա հանցանք չէ, ու հասարակությունը հարյուր տոկոսով (բացառությամբ մի քանի դեգեներատների) շատ լավ գիտի դա։ Հետեւաբար՝ հասարակության մեջ նախկինների նկատմամբ առկա ատելությունը հիմնականում նրանց ղարաբաղցի լինելով պայմանավորելը նշանակում է հիմնավորել, որ այդ ատելությունն անարդարացի է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում