Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են. «Ժողովուրդ»

Մարտ 05,2019 12:17

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2018 թվականի միջին ընթացիկ գներով կազմել է 61 հազար 113 դրամ՝ ամսական կտրվածքով։ Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 527 դրամ՝ ամսական կտրվածքով, մինչդեռ 2017 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 32 հազար 439 դրամ։

Անցած տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 61 հազար 113 դրամ էր, իսկ մեկ տարվա կտրվածքով, 2017 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ 57 հազար 417 դրամ։ Այսինքն՝ սպառողական զամբյուղը, թե՛ ամսական, թե՛ տարվա կտրվածքով, թանկացել է։ Նշենք, որ պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել եւ հրապարակել է ՀՀ Վիճակագրական կոմիտեն՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի։

Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին՝ օրական 2412.1 կկալ։ Բայց 2018 թվականին Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ։

Ի դեպ, այս ցուցանիշը տարիների ընթացքում թեեւ չնչին, բայց ավելացել է. եթե 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ է կազմել, ապա 2013 թվականին այն 2090 է եղել, 2014- ին՝ 2043 կկալ, 2015-ին՝ 2058, իսկ 2016-ին՝ 2090 կկալ։ Բայց, ըստ վիճակագրական կոմիտեի, ե՛ւ 2017-ին, ե՛ւ 2018-ին մեկ շնչի հաշվով օրական էներգետիկան անփոփոխ է մնացել։ Ըստ որոշ հետազոտությունների՝ օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 տոկոս։ Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են։ Ի դեպ, որոշ հետազոտությունների համաձայն՝ թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ գիրության, ինչն էլ իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Թերսնում է համարվում նաեւ, երբ մարդիկ հիմնականում սնվում են հացով եւ կարտոֆիլով։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031