Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանում քաղաքական ապաստան հայցող, սակայն մերձմոսկովյան մեկուսարաններից մեկում Ալիեւի ռեժիմի պահանջով հայտնված, Ադրբեջանում Թալիշական ազգային շարժման ղեկավար Ֆահրադին Աբոսզոդան «կորել» է։ Դրա հաջորդ օրը պարզ դարձավ, որ Աբոսզոդային ուղղակի ձեռնաշղթաներով հանձնել են Բաքվին, արհամարհելով այն պարզ փաստը, որ նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում։
Պահն ընտրված էր, ինչպես պարոն Լավրովը կասեր, «առանձնահատուկ նրբագեղությամբ»՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման պայմանավորվածության ձեռքբերման մասին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարության եւ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած երկօրյա պաշտոնական այցի օրերին։
Հարցը զուտ բարոյական հարթության վրա ոչ միայն որեւէ քննության չի դիմանում, այլեւ ցույց է տալիս այն անդունդը, որը բաժանում է Ռուսաստանը ժամանակակից քաղաքակիրթ երկիր կոչվելուց։ Հանրությանը հայտնի, հրապարակային գործող անհատ, գիտնական, ով ունի համոզմունքներ, նաեւ ունակություն եւ քաջություն՝ դրանք արտահայտելու համար, երբեւէ բռնություն չկիրառած եւ բռնության կոչ չարած, ժամանել էր Ռուսաստան՝ հաշվեհարդարից խուսափելու եւ քաղաքական ապաստան հայցելու նպատակով։ Բացի դրանից, Աբոսզոդան միշտ առանձնացել է առանձնահատուկ համակրանքով՝ «յուրայիններին չհանձնող» Ռուսաստանի նկատմամբ, եւ ահա՝ նա հանձնվում է մսագործների, որոնց «հերոսը» Սաֆարովն է, իսկ դաժան բռնությունը համարվում է որպես ոչ միայն նորմա, այլեւ՝ «հայրենասիրություն»։
Հայտնի չէ նաեւ, եղե՞լ է, արդյոք, դատաքննություն, թե՞ ոչ, եւ որ իրավունքով են հանձնել կամ արտահանձնել նրան Ադրբեջանին։ Եվ նույնիսկ եթե այդ դատաքննությունը եղել է, ապա ինչ է նշանակում Վիշինսկու «դպրոցով» թրծված «ռուսական դատարան» կամ «արդարադատություն ռուսական ձեւով»՝ բավական է հիշել հետխորհրդային ժամանակաշրջանի բազմաթիվ խայտառակ դեպքեր, սկսած բանտում մահացած Վասիլի Ալեքսանյանից եւ Սերգեյ Մագնիտսկուց, վերջացած մեր հայրենակից Լեւոն Հայրապետյանով։
Այս ամենն ավելի քան հասկանալի է եւ հասկանալի՝ իր ողջ հրեշավորությամբ, հաստատապես՝ ոչ զարմանալի։ Սակայն ոչ պակաս կարեւոր է այս քայլի քաղաքական ուղերձը։ Որքան էլ որ Թալիշական կազմակերպություններից ամոթանքներով լի բաց նամակներ եւ դիմումներ հղեն Մոսկվա, միեւնույն է՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում», սեւ գործն արված է, եւ Աբոսզոդան Ադրբեջանում է, հարցերն այլեւս պետք է ուղղել այնտեղ, փորձելով միջազգային հանրության ճնշում բանեցնել, քանզի տեղի «իրավապաշտպանները» ձեռքերը լվացել են եւ իրենց լռությամբ վկայում են, որ իրենց մսագործ առաջնորդի հետ միակարծիք են առ այն, որ Աբոսզոդան իր կոչերով չկռվել ընդդեմ հայերի՝ «հայրենիքի դավաճան է», ընդ որում, բնականաբար, ոչ թե իր հայրենիքի՝ Թալիշստանի, այլ նրանց պատկերացրած «հայրենիքի», որտեղ երազում են, թե երբ է իրենց գլխավոր հրամանատարը «տալու թիվ մեկ հրամանը»՝ գրոհելու «օկուպացված» Արցախը եւ «մաքրելու թշնամի հայերից»։
Իրանի հետ սահմանակից, Արաքսի հոսանքի ստորին հատվածին կից շրջաններում բնակվող թալիշների ինքնության պահպանման, ինքնավարության ջատագով, ինքնահռչակ Թալիշ-Մուղանյան ինքնավար հանրապետության խորհրդարանի ղեկավարը լինելով, Աբոսզոդան մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ հանդես եկել հրապարակային ելույթներով, որոնցում չի թաքցրել իր դրական վերաբերմունքը Հայաստանի, ազատագրված Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Այսօր նրա կյանքին վտանգ է սպառնում, եւ հարցն Ադրբեջանին «վատություն» անելու հարթության վրա չէ, այլ Հայաստանի պետության անվտանգությանն առնչվող խնդիր է, ինչպես նաեւ բարոյական պարտքը՝ օժանդակել նրա ազատման գործին եւ իրավունքների պաշտպանությանը, օգտագործելով իր պետական եւ հասարակական ինստիտուցիոնալ ներուժը։
Ոչ միայն թալիշների, այլեւ հայերի եւ ոչ հայերի համար է սա կարեւոր դաս, որ հանուն Ազատության պայքարի ճանապարհին Ռուսաստանը ոչ թե խնդիրը լուծում է, թեկուզ ժամանակավոր, այլ ինքնին խնդիր, եւ «յուրայիններին չհանձնելը» նրանց չի վերաբերվում, քանզի նման իդեալներով առաջնորդվող անձինք ի սկզբանե չե՛ն կարող ներկայիս Ռուսաստանի համար լինել «յուրային»։ Այնտեղ «յուրային» կարող է լինել Պերմյակովը, կամ ներկայումս ռուսական բազայում թաքնված, Գյումրիում հավաքարար կնոջը սպանելու մեջ մեղադրվող ոմն Ռազգիլդյայեւը, Յանուկովիչը, կամ «Մարտի 1-ի գործով» հետախուզման մեջ գտնվող, Հայաստանից փախած Միքայել Հարությունյանը, բայց ոչ Աբոսզոդան։
Տոտալիտար ԽՍՀՄ-ի քաղաքականությունն Ադրբեջանում, ուղղված բոլոր կովկասյան եւ իրանալեզու ժողովուրդների արհեստական թուրքացմանը, ուղղված էր հենց այսպիսի բարքերով եւ բարոյականությամբ առաջնորդվող կազմավորման ձեւավորմանը, իսկ ներկայումս՝ մինչեւ ատամները զինելով ուղղվում է նրան, որ կայսրության թուլացման փուլում հուսալիորեն, տափաստանի բնազդով առաջ տանի իրենց «արժեքները», թույլ տալով հույս փայփայել, թե մի օր կբացվի նաեւ կայսրության վերադարձի ճանապարհը։ Հարյուր տարի առաջ դա աշխատեց Թուրքիայի պարագայում…
Բարեկամ թալիշներին հայկական փորձից մնում է միայն մեկ դաս քաղել, որ վճռորոշ պահին հույսը կարող են դնել միայն սեփական կամքի եւ վճռականության, առողջ բանականության եւ միասնականության վրա։ Իսկ հայերի մոտ չի կարող չառաջանալ մի հարց. ի՞նչն է խանգարելու ռուսներին հետայսու Ադրբեջանին հանձնել յուրաքանչյուր հայի կամ ոչ հայի, ով, ասենք, «խախտելով Ադրբեջանի օրենքը», այցելել է Արցախ, մանավանդ մասնակցել պատերազմին, պաշտպանելով Արցախը…
Ադրբեջանից սկզբունքորեն տարբերվող արժեհամակարգով առաջնորդվող Հայաստանը պետք է դառնա բռնապետությունների դեմ պայքարողների համար մի հույսի փարոս, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ հուսալի ապաստան։ Եվ… հեռու մնացեք Ռուսաստանից, որքան հնարավոր է հեռու։
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
05.03.2019