Երեկ ՀՅԴ Բյուրոյի գրասենյակից հաղորդեցին, որ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին եւ Գեւորգ Գորգիսյանին։ ՀՅԴ մամուլի ծառայությունից հայտնում էին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է եղել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի», մասնավորապես՝ ազգային-պետական օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ներքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերին։ «Պայմանավորվածություն ձեռք բերվեց միջկուսակցական շփումները շարունակելու, համագործակցության ուրվագծված ուղղություններով համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարելիությունները քննարկելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է պաշտոնական եւ գրեթե ոչինչ չասող հայտարարության մեջ։
Թեեւ հաղորդագրությունը տարածել էր ՀՅԴ-ն, սակայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հայտնեց, որ հանդիպումը նախաձեռնել են իրենք. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանից դուրս կան արտախորհրդարանական ուժեր, որոնց գործունեությունը կարեւոր ենք համարում քաղաքական կյանքում, մենք հանդիպելու ենք միշտ էլ, խոսելու ենք, քննարկելու, եւ այդ առումով ՀՅԴ-ն առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես արտախորհրդարանական ուժ։ Սա համագործակցություն է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ»։
Մարուքյանը, անդրադառնալով հանդիպման ընթացքին, ասաց. «Քննարկել ենք, թե համագործակցության ինչ հնարավորություններ ունենք, տարբեր հարցերի շուրջ մեր մոտեցումները որքանով կարող են լինեն իրար մոտ կամ նույնական»։
Նա թվարկեց, թե մասնավորապես ինչ հարցերի շուրջ է եղել քննարկումը՝ ըստ էության, կրկնելով ՀՅԴ հաղորդագրության մեջ նշվածները։ «Սահմանադրության եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, սփյուռքի հայրենակիցների՝ Հայաստանի գործընթացներին մասնակցելու սահմանափակումների հետ կապված, տարբեր հարցեր ենք քննարկել… կարծում եմ՝ հանդիպումների ընթացքը ցույց կտա, սա, ըստ էության, առաջին հանդիպումն է»,- ասաց Մարուքյանը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում