Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Ցանկացած այդպիսի հանդիպում շատ կարևոր է, կապ չունի` օրակարգում կոնկրետ հարցեր կա՞ն, թե՞ ոչ. «Իրատես»

Մարտ 05,2019 11:33

Առաջիկայում նախատեսված է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Սակայն այդ հանդիպումը լինելու է առանց օրակարգի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայն է առանց օրակարգի Ալիևի հետ հանդիպելու, քանի որ բանակցությունների ձևաչափը դեռ որոշված չէ։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ընտրվելու առաջին իսկ օրից հայտարարել է, թե Արցախը պետք է դառնա բանակցությունների մասնակից կողմ, և ինքը չի կարող բանակցել Արցախի անունից։ Այս հանդիպման և ներղարաբաղյան մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք Արցախի նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։

-Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանն առաջիկայում առանց օրակարգի հանդիպելու է Ալիևի հետ։ Ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել առանց օրակարգի հանդիպումից։

-Ցանկացած այդպիսի հանդիպում շատ կարևոր է, կապ չունի` օրակարգում կոնկրետ հարցեր կա՞ն, թե՞ ոչ։ Հայաստանի վարչապետը նշել է, որ քննարկելու են նաև Արցախի՝ բանակցային գործընթացում կարգավիճակի վերականգման հարցը, այսինքն` արդեն իսկ օրակարգում կան որոշակի հարցեր։ Անկախ ամեն ինչից այսպիսի հանդիպումները նպաստում են բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը։

-Ադրբեջանը միշտ մերժել ու մերժում է Արցախը բանակցություններում ներգրավելու հարցը։ Ավելին, Ալիևը վերջերս հայտարարեց, որ դրան համաձայն չեն նաև Մինսկի խմբի համանախագահները։ Եթե, այդուհանդերձ, տևական ժամանակ չհաջողվի Արցախը բանակցությունների կողմ դարձնել, պիտի շարունակե՞լ առանց օրակարգի հանդիպումները։

-Այո, Ադրբեջանը դեմ է և այդպես էլ շարունակելու է։ Որքան հնարավոր է, փորձելու է խեղաթյուրված ձևաչափով բանակցությունները շարունակել, բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվենք դրա հետ ու հարցը չբարձրացնենք։ Իսկ համանախագահները երբևիցե դեմ չեն եղել, հակառակը կողմ են, որպեսզի Արցախը վերականգնի իր կարգավիճակը` որպես լիարժեք կողմ։ Պարզապես հասկանալի պատճառներով նրանք ուզում են, որ Ադրբեջանը հանգի այդ գաղափարին, դա ընդունի։ Սա մի փոքր այլ խնդիր է։ Անկախ ամեն ինչից պետք է շարունակել այդ հանդիպումները, որովհետև բանակցային գործընթացի տրամաբանությունը սա է։ Վաղ, թե ուշ Ադրբեջանը պետք է ընդունի, որ որպես բանակցային կողմ Արցախը պետք է իր կարգավիճակը վերականգնի։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031