Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ այս մարդը վիրավորում էր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն, այսօր անցել է արցախահայությանը, իսկ վաղը…

Մարտ 05,2019 12:00

Երկու տարի առաջ, երբ երգիչ Ռուբեն Հախվերդյանը վիրավորանքներ ուղղեց Հայ առաքելական եկեղեցու հասցեին` անվանելով այն փտած եկեղեցի, վերջինիս անհեթեթ մտքերին հասարակության կողմից համարժեք արձագանք չեղավ, որի հետեւանքը, կարծում ենք, եղավ այն, որ նա այսօր անցել է ազգային մեր մյուս սրբությանը` Արցախին եւ արցախահայությանը վիրավորելուն, իսկ թե վաղը ո՞ր ազգային կառույցը կհայտնվի երգչի թիրախում, կախված է այսօրվա հասարակական արձագանքից, որը պետք է լինի խիստ եւ կտրուկ:

Ուշադրություն դարձրեք, որ նա վիրավորել է եկեղեցուն` իբրեւ հաստատություն, արցախահայությանը` իբրեւ հավաքականություն, սա ուղղված է ոչ թե անձերին, այլ գաղափարներին, որն էլ պետք է մտահոգի հասարակությանը: Եվ այստեղ հարց է առաջանում. «լավ, ի վերջո, ո՞րն է երգչի նպատակը…..»: Քավ լիցի, չենք ցանկանում կասկած հայտնել նրա անձի ադեկվատությանը, սակայն մյուս կողմից էլ՝ ինչպես կարելի է առողջ բանականության շրջանակներում բացատրել նրա անհեթեթ եւ զառանցանքի նմանվող մտքերը, որոնք, բնավ, բնորոշ չեն արվեստի եւ մշակույթի հետ առնչություն ունեցող անձին:

Այս տեսակ հայտարարությունները որեւէ կերպ չեն նպաստում ազգային կյանքում առողջ մթնոլորտի ձեւավորմանը: Այդ կերպ երգիչը գրավում է ժողովրդի ուշադրությունը, սակայն բացասական իմաստով, այնինչ նա իր արվեստով պետք է զորացնի հասարակության մշակութային կյանքը:

Ի վերջո, պրն Հախվերդյանի կողքին պետք է լինեն մարդիկ եւ նրան բացատրեն, որ միակ միջոցը հասարակության ուշադրությունը գրավելու եւ վերջինիս գնահատանքին արժանանալու` նրա արվեստն է, նրա երգերը եւ երաժշտությունը:

Կարծում ենք, նման պարագաներում, երբ թիրախավորվում են մեր ազգային սրբությունները եւ կառույցները, անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը միասնականորեն հակազդի դրանց եւ համարժեք վերաբերմունքի արժանացնի` կանխելու հետագա նման երեւույթները: Պետք չէ սպասել, որ այդ վիրավորանքներն ուղղվեն յուրաքանչյուրիս անձնապես, որպեսզի դատապարտենք: Արցախը եւ արցախահայությունը, եկեղեցին եւ մեր ազգային մյուս կառույցները եւ սրբությունները յուրաքանչյուրս ենք` մենք բոլորս:

Արցախահայությունը եւ Արցախն այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Կովկասի քրիստոնեական վերջին արեւելյան ճակատն է, որին պետք է աջակցել ազգովի եւ համընդհանուր ջանքերով:
Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երեւակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»:

Տ. ՊԱՐԹԵՎ ՎՐԴ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Միաբան Մայր Աթոռ

Սրբ. Էջմիածնի

Հ.Գ. Սկսվել է Մեծ Պահքը, եւ ցանկալի է, որպեսզի ինչպես համացանցի մեր գրառումներում, այնպես էլ կյանքում այս օրերին լինենք զուսպ եւ զերծ վիրավորանքներից:

«Առավոտ» օրաթերթ, 

05.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մանուկ says:

    Միթե՞ կասկածելի միջոցներով Հյուսիսային պողոտայում բնակարան գնելով, կուսակրոնության ուխտը մոռանալով, սիրուհիների հետ Երեւանի ակումբներում գիշերները «տժժալով», հայրենասիրաբար պաշտպանում են՞ Արցախը:
    դժվար թե …
    Qui sunt loquentium …ասում է լատիներեն թեւավոր խոսքը
    իսկ ովքեր ՞են խոսացողները….

  2. Մանուկ says:

    Լավագույն տղերքը հեռանում են «կտրիճաբար», դեպի…Չորորդ սովխոզ

  3. Քաղաքացի says:

    Սա հերթական փոթորիկ է բաժակի մեջ բացասական մթնոլորտ ստեղծելու համար։ Պարզ ժողովրդի համար այս միջադեպի արհեստածին լինելը ակընհայտ է։ Պարապ մարդկանց միտումնավոր և խեղաթյուրված դրսևորումներ են ընդամենը։

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Ռուբեն Հախվերդյանը վիրավորանքներ ուղղեց Հայ առաքելական եկեղեցու հասցեին` անվանելով այն փտած եկեղեցի, վերջինիս անհեթեթ մտքերին հասարակության կողմից համարժեք արձագանք չեղավ

    Ի՞նչ կա այստեղ “վիրավորվելու”, եթե սա ընդամենը մի պարզ ճշմարտություն է: Ռուբեն Հախվերդյանը դեռ շատ մեղմ է արտահայտվել. փտած, նեխած, ժանգոտած, անիմաստ ու վնասակար կառույց է եկեղեցին: 21-րդ դարում եկեղեցին եւ կրոնն ընդհանրապես անելիք չունեն: Ժամանակն է հասկանալու, որ այլեւս անհնար է կրոնական անհեթեթություններով ու դոգմաներով մարդկանց բթացնել ու շահագործել…

    այսօրվա հասարակական արձագանքից, որը պետք է լինի խիստ եւ կտրուկ:

    Այո՛, այո՛, շատ խիստ պետք է լինի, շատ կտրուկ. նզովե՛լ այդ անիծյալ հերետիկոսին, այրե՛լ խարույկի վրա կամ առնվազն կտրե՛լ այդ դիվահարի լեզուն ու ուղարկել սպիտակցի Հայկոյին…

    ինչպես կարելի է առողջ բանականության շրջանակներում բացատրել նրա անհեթեթ եւ զառանցանքի նմանվող մտքերը, որոնք, բնավ, բնորոշ չեն արվեստի եւ մշակույթի հետ առնչություն ունեցող անձին

    Հիշեցնեմ վեղարավորներին, որ կրոնն ինքը անհեթեթությունների ու զառանցանքների մի ծիծաղելի հավաքածու է՝ զուրկ առողջ բանականության որեւէ նշույլից: Ինչ վերաբերում է Հախվերդյանի մտքերին, ապա ոչ մի զառանցանք այդտեղ չկա. ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում թուրքական մուղամն է իշխում, այլ ոչ թե Կոմիտասը: Հախվերդյանը շատ ճիշտ է այս առումով, բայց սխալվում է՝ կարծելով, թե այդ մշակութային ախտը գալիս է Արցախից: Միգուցե այնտեղ դա ավելի տարածված է, բայց հաստատ Արցախը չի դրա աղբյուրը. Հայաստանի բոլոր նահանգներն էլ վարակված են այս հիվանդությամբ: Հախվերդյանի մոտ նկատվում են ինչ-ինչ բարդույթներ Արցախի նկատմամբ, որը շատ ցավալի է եւ քննադատության արժանի, բայց քննադատելուց առաջ պետք է հաշվի առնել, որ նա ոչ դիվանագետ է, եւ ոչ էլ պատմաբան…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031