ԱԺ հերթական նստաշրջանի առաջին նիստում այսօր քվեարկության դրվեց «Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրինագծում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ այս նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը: Նախագիծն առաջադրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Ներկայացնելով օրինագիծը՝ հեղինակը նշեց, որ դրա նպատակն է ՀՀ-ում վերջապես ունենալ անկախ արհեստակցական միություններ: «Դա ոչ թե իմ ցանկությունն է, այլ այն ուղղված է 100 հազարավոր վարձու աշխատողների, որոնք, կներեք, ստրկական կարգավիճակում են գործատուների մոտ»,-հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը:
Ապա նա խոսքն ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին, որի պահվածքը, ըստ Պետրոսյանի, դուր չի եկել իրեն. «Նա հանձնաժողովի նիստին գալիս է ուշացումով, չի լսում իմ զեկույցը, որեւէ բառ չի ասում նախագծի վերաբերյալ, բայց դրսում հարցազրույց է տալիս ու ասում, թե ԲՀԿ-ի այս օրինագծի նպատակն է աշխատողներին վերահսկողության ներքո պահելը»:
Պետրոսյանը նշեց, որ ուսումնասիրել է Արեն Մկրտչյանի կենսագրությունը. «Նա 26 տարեկան է, իսկ ես 23 տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում եմ դասավանդում, 23 տարի զբաղվում եմ աշխատողների իրավունքների պաշտպանությամբ: Այդ ո՞նց եղավ, որ ես աշխատողների իրավունքները վերահսկողության ներքո դնող օրինագիծ հեղինակեցի…Վարչապետն ինքն է խոսում սիրո եւ հանդուրժողականության մասին: Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը, երբ նիստում մի բառ չի ասում, իսկ դրսում ապատեղեկատվություն է տարածում: Հարգանքով եւ լուրջ վերաբերվենք իրար: Ես Արեն Մկրտչյանին բանավեճի եմ հրավիրում, իսկ նրա հրաժարվում է եւ ասում, թե իր ասելիքն արդեն ասել է: Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը: Այնուամենայնիվ, Արեն Մկրտչյանին հորդորում եմ լուրջ վերաբերվել խնդրին»:
Նշյալ նախագծի քննարկումն այս նստաշրջանի օրակարգում ներառելուն «կողմ» քվեարկեց 36, իսկ «դեմ»՝ 53 պատգամավոր. որոշումը չընդունվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ