Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնունդդ նորից շնորհավոր, Սպարապե՛տ

Մարտ 05,2019 10:25

Այսօր Սպարապետի ծննդյան օրն է, ու եւս մեկ տարի անցավ, որ Վազգենը եւ՛ մեզ հետ է, եւ՛ մեզ հետ չէ:

Նա մեզ հետ չէ՝ որպես մեր երկրի այսօրվա պետական-քաղաքական կյանքի անմիջական ղեկավարներից մեկը, սակայն դժվարին ու խռովահույզ մեր օրերում մեզ հետ է՝ մեր մտածումների եւ ճիշտ վճիռներ ընդունելու պահերին:

Այսօր, երբ այնքան մեծ է ժողովրդի աչքին ետին թվով ընդդիմադիր երեւալու ու որեւէ անվտանգ հարթակում եւ հրապարակում հերոսանալու ցանկությունն ու գայթակղությունը, եւ մյուս կողմից էլ՝ առկա է ամոթալի համակերպման ու մեր երկրին սպառնացող մարտահրավերների դեմ պայքարելուց դասալիք դառնալու վտանգը, Դու կենդանիորեն ներկա ես մեր կյանքում, Սպարապե՛տ: Մտովի ամեն անգամ մենք Քեզ եւ Եռաբլուրում հանգչող մեր ընկերներին ենք դիմում՝ կողմնորոշվելու թե՛ մեր երկրի կայունության, եւ թե՛ ժողովրդին տանջող խնդիրների իրար միահյուսված բարդ հանգույցը ճիշտ հանգուցալուծելու հարցում: Նույն ձեւով Դու էիր ժամանակին դեմ հանդիման գտնվում մի կողմից պատերազմական ճանապարհով անցած քո ընկերների եւ նրանց ընտանիքների հոգսերի ու սոցիալական արդարության մարդկային պահանջի եւ մյուս կողմից՝ Հայաստանի եւ Լեռնային Արցախի Հանրապետությունների անվտանգության հրամայական անհրաժեշտության միջեւ:

Տարիների հեռավորությունից ո՛չ Քո ժպիտն ու վճռական եւ հատու կեցվածքն են ջնջվել մեր հիշողությունից եւ ո՛չ էլ որքան խիստ, նույնքան էլ հոգատար ու կենսախինդ ձայնը:

Քեզ բնորոշ էին երկու հայացք: Առաջինը՝ լուռ, մտահոգ եւ տագնապով ու խստությամբ նայող եւ երկրորդը՝ Քո հոգու ներքին շռայլությունը եւ մարտական ընկերներիդ հանդեպ հորդացող գորովանքդ արտահայտող շենշող եւ ժպտացող:

Առաջին դեպքում այսօր Դու լուռ ճչում ես եւ հիշեցնում, որ խրամատները փորվում են առաջնագծում եւ ոչ թե երկրի ներսում՝ որպես մեր հասարակությանը տրոհող բաժանարար տարբեր գծեր:

Երկրորդ դեպքում շարունակում ես ոգեւորել մեզ, ասես թե ոչինչ չի պատահել Քեզ, եւ որ հաղթահարելի են մեր երկրին սպառնացող վտանգները, ինչպես որ ռազմերթերի դժվարին ճանապարհների վտանգալից որեւէ ոլորանում մեկեն մեր դիմաց էիր ելնում նույն ժպիտով հարցնելով. «Ո՞նց եք, տղե՛րք»:

Ապրիլյան պատերազմի օրերին եւս Դու մեր հետ էիր: Մինչեւ ռազմաճակատի գիծը ձգվող ճանապարհի այս կամ այն ձորակը, աղբյուրը եւ կածանից վեր ելնող լեռնալանջը մի-մի հուշ էին պահում եւ հիշեցնում Քեզ հետ անցկացրած ակնթարթները:

Մի անգամ, երբ ասացի, թե առանց կեղծավորության, միանգամայն անկեղծորեն հավատում եմ, որ Դուք պատմության մեջ մնալու եք որպես մեր ժողովրդի Գարիբալդի, մի պահ լրջացար եւ դառնությամբ ասացիր, թե կարեւորն այն է, որ մեր կռված ընկերները չդառնան Գարիբալդիականներ: Դժբախտաբար, մտավախությունդ իրականացավ, եւ դրանում դժվար է ասել որքանով կար Քո եւ մեզնից բոլոր նրանց մեղքը, ովքեր որպես մտավորականներ եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, պատասխանատվություն են կրում մեր ժողովրդի առջեւ:

Մարտական մեր ընկերներին Գարիբալդիականներ անվանեցիր՝ նկատի ունենալով հայ գրականության մեծ Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի «Գարիբալդիականը» պատմվածքի հերոս ծերունի Ջիովանիին, ով երիտասարդության տարիներին հաղթականորեն անցնելով ազատագրվող Իտալիայի ծաղկավետ դաշտերով, այնուհետեւ իր պաշտելի Իտալիայում հողին էր հանձնելու կառավարության դեմ ցույցերում գնդակահարված որդուն եւ թոքախտից մահացած հարսին, թոռնուհու հետ ապաստանելով հեռավոր Օդեսայում եւ սրտին կրելով Իտալիայի ազգային հերոս Գարիբալդու նկարը: Ինչպես ծերունի Գարիբալդիականն է ասում. «Այնքան թանկ արյուններով, դրսի թշնամիներից, օտար տերերից ազատված Իտալիան ընկավ մի նոր տեսակի գերության մեջ՝ մեր արյունակից տերերի ճանկն ընկավ, հարուստների եւ կառավարության պաշտոնյաների: Հարուստները ոսկի շղթայով կապեցին-կաշկանդեցին Իտալիան եւ իրենց ծանր թաթը դրեցին իտալական չարքաշ ժողովրդի սրտին եւ ճնշեցին»:

Մնում է հավատալ, որ մերօրյա Գարիբալդիականների եւ ընդհանրապես մեր ժողովրդի վրայից կվերցվի այդ ծանր հավաքական թաթը, որը կտրելը Արցախից հետո Քեզ մտատանջող երկրորդ հարցն էր դարձել, սիրելի Սպարապետ:

Հաճախ էիր կրկնում Գարեգին Նժդեհի այն խոսքերը, որ պարտվում են այն ժողովուրդները, ովքեր առաջինն են հոգնում:

Ամեն տարի մարտի 5-ին Եռաբլուր բարձրանալիս մեր հոգիներում արձագանքնվում են Քո կողմից ասված այդ խոսքերը, որոնք անեծքի ծանրություն ունեցող պատասխանատվություն են դարձել մեր համար՝ Քո եւ Եռաբլուրում հանգչող մեր ընկերների առջեւ:

Մինչ մեր ժողովուրդը խոնարհվում է Քո հիշատակի առջեւ, տարբեր մարդուկներ անընկալելի մի չարությամբ երբեմն փորձում են մեր նվիրական Հայրենիքի ազատագրված սրբազնասուրբ հողից վերցնել եւ այն ցեխ դարձնելով շպրտել լուսապայծառ հիշատակիդ, բայց երբ ցեխն այդ հանդիպում է Քո լուսաշող հայացքին, վար է շաղվում վերստին՝ դառնալով Մայր հողի սրբագործված եւ օծված մի մասնիկը:

Սպարապետի կենդանի ներկայությունը Հայկական բանակի հրամանատարական անձնակազմի միջոցով փոխանցվում է մեր զինվորներին: Վազգենն այսօր առաջնագծի պաշտպաններին է նայում զորամասերի Իր նկարներից ու դիմաքանդակներից, Իր հոգածու ժպիտով ուղեկցում զորամասից մինչեւ դիրքային հերթապահություն ձգվող ճանապարհին:

Հոկտեմբերի 27-ի կորստյան ցավը մեր սրտերում՝ ամեն տարվա բացվող գարնանը՝ մարտի 5-ին, Քո բազմահազար ընկերները, ովքեր Քեզ հետ անցել են ազատության եւ տառապանքի ճամփաներով, անկախ նրանից՝ թե որտեղ են այսօր՝ դիրքային հերթապահությունն ու զինվորական ծառայությունն են շարունակում, տարբեր բնագավառներում են աշխատում, կյանքի մեր իրողություններից դառնացած՝ հեռացել են իրենց իսկ պաշտպանած հայրենիքից եւ կամ էլ պատերազմից հետո իրենց տեղը չգտնելով իրենց խորտակված կյանքերի գնով պահված Հայրենիքում՝ տարբեր պատճառներով հայտվել են ուղղիչ հաստատություններում, բոլորով առանձնաբար եւ իրար միացնող անտեսանելի հավաքականությամբ մի պահ վեր կանգնելով առօրյա կյանքից, լինի Եռաբլուրում՝ Քո շիրմի առջեւ, զինծառայության վայրում, օտար երկրներում, թե այլուր, մի պահ ձգվում են Քո կենդանի ներկայության առջեւ եւ ասում.

-Ծնունդդ շնորհավո՛ր, Սպարապե՛տ …

Ապրած եւ չապրած տարիներիդ 60-ամյակի այս օրը վերստին ասում ենք.

-Ծնունդդ նորի՛ց շնորհավո՛ր, Սպարապե՛տ …

Ուզում եմ հավատալ, որ հաջորդող ամեն տարի եւ տասնամյակ այս խոսքերը կշարունակեն հնչել նույն հավատով եւ ուժգնությամբ՝ արձագանքելով եւ մեր Ազատամարտի հավաքական ճիգով ազատագրված աներեր Արցախում:

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել