Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիխուանան անվտանգ չէ, ինչպես փորձում են ներկայացնել դրա օրինականացման կողմնակիցները. VOA

Մարտ 05,2019 01:56

Մարիխուանայի օգտագործման օրինականացման և դրա հետեւանքների մասին օրերս քննարկում էր կազմակերպել Հադսոն հաստատությունը: Միջոցառման գլխավոր բանախոսն էր այս թեմայով «Պատմեք Ձեր երեխաներին» գրքի հեղինակ Ալեքս Բերենսոնը:

Վաշինգտոնի Հադսոն հաստատությունը օրերս հյուրընկալել էր նախկին լրագրող Ալեքս Բերենսոնին իր «Պատմեք Ձեր երեխաներին» վերնագրով գրքի շնորհանդեսի կապակցությամբ: Այն նվիրված էր մարիխուանայի օգտագործմանը, դրա հետևանքներին ու օրինականացման գործընթացին:

«Ինչպե՞ս ենք մենք հասել այն եզրահանգմանը, որ չնայած գիտական և հոգեբուժական շրջանակները միակարծիք են մարիխուանայի վնասակարության մասին, հանրային մոտեցումը կանեփին վերջին 20-30 տարիներին շեղվել է հակառակ ուղղությամբ և հանգեցրել օրինականացման ցանկությանը»,- հարց է բարձրացնում գրքի հեղինակը:

Ըստ Ալեքս Բերենսոնի, մարիխուանայի օգտագործման վնասները ակնհայտ են, կապը բռնության կամ հանցագործություն կատարելու հետ՝ ևս: Հեղինակի կարծիքով մարիխուանայի հետ կապված վտանգների ու ռիսկերի անտեսումը զգալիորեն կապված է մամուլի միջոցներում վերջին մի քանի տասնամյակներին այս թեմայի սխալ լուսաբանման հետ:

«Դա լրագրողների մեծ բացթողումն է՝ կապված մարիխուանայի վնասների մասին մարդկանց պատշաճ տեղեկություն չտրամադրելու հետ»,- նշում է նախկին լրագրողը:

Նա տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգներում 2017 թվականի դրությամբ բնակչության մոտ 15 տոկոսն է միայն, որ իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ փորձել է մարիխուանա: Այն հաճախակի սպառող սոցիալական խումբը, ըստ հեղինակի, շատ փոքր է:

Բացի այդ, Բերենսոնը պնդում է, որ հանրության մոտ առկա է թյուրըմբռնում կապված բժշկական նպատակներով և որպես թմրամիջոց օգտագործվող մարիխուանայի հետ: Հեղինակի պնդմամբ բժշկական մարիխուանան, հայտնի որպես CBD, չի ազդում մարդու ուղեղի այն հատվածներին, որի վրա ազդում է որպես թմրամիջոց օգտագործած մարիխուանան, որը հայտնի է THC անվամբ: Դա հատկապես կարևոր է օրինականացման գործընթացի համատեքստում:

«Այն բոլոր պատմությունները բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործման մասին որևէ կապ չունեն այն իրականության հետ, թե ինչու են մարդկանց մեծ մասը օգտագործում մարիխուանա, և օրինականացման կողմնակիցները լիովին տեղյակ են այս խնդրի մասին»,- նշում է Բերենսոնը:

Նա մտահոգված է մարիխուանայի սպառման վերաբերյալ հանրության շրջանում ձևավորված հանդուրժողականությամբ՝ այն օրինականացնելու գործընթացը գնահատելով որպես ամերիկյան հանրային քաղաքականության վերջին 25 տարիների ամենացինիկ դրսևորումներից մեկը:

«Եթե ցանկանում ենք օրինականացնել մարիխուանայի օգտագործումը որպես հաճույքի միջոց, ապա ճիշտ կլինի ուղիղ զգուշացնել, որ այն առաջացնում է հոգեկան խանգարումներ, բռնության ու մարդկանց մահի պատճառ հանդիսանում, ինչպես նույն ալկոհոլն ու ծխախոտը: Սակայն մեծ կեղծիք է ձևացնել, որ սա ընդամենը դեղամիջոց է»,- նշում է նա:

Իր գրքի միջոցով Ալեքս Բերենսոնը փորձում է ահազանգել՝ մարիխուանան անվտանգ չէ, ինչպես փորձում են ներկայացնել դրա օրինականացման կողմնակիցները: Նա հավաքել է բազմաթիվ փաստեր, թե ինչպես են մարդիկ դիմում հանցագործության կամ անգամ սպանության մարիխուանայի ազդեցության ներքո:

«Կան բազմաթիվ դեպքեր, երբ կանեփի օգտագործումը կապված է բռնության իրականացման հետ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամենուր: Ես չեմ պնդում, որ սպանությունների մեծ մասը կատարվել է դրա պատճառով, սակայն դրա ազդեցության տակ մարդկանց բռնությանը դիմելու հավանականությունը անհամեմատ ավելի բարձր է»,- ընդգծում է Բերենսոնը:

Այս հարցով քննարկումները վաղուց արդեն տեղափոխվել են քաղաքական դաշտ: Ըստ Բերենսոնի, կողմնակիցների քանակի մեծացումը ստիպում է հաճախ օրենսդիրներին պաշտպանել իրենց ընտրողների մոտեցումները՝ վերջինիս ձայները ստանալու համար: Նա խորհուրդ է տալիս քաղաքական գործիչներին չշտապել այն օրինականացնելու նախաձեռնության հետ և հանրությանը փոխարենը առաջարկել հետևել, թե ինչպիսի ազդեցություն կունենա մարիխուանայի ազատ օգտագործումն այն վայրերում, ուր այն արդեն օրինական է:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031