Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգենի համախմբող անկեղծությունը

Մարտ 05,2019 10:00

Բանակը մեկ անձի կամքով չի կերտվում: Հայոց բանակը կառուցվել է մեր անկախ երկրին օգնության եկած խորհրդային սպաների ջանքերով, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի հեռատեսությամբ, հետեւողականությամբ, կասեի անգամ՝ սառնասրտությամբ, ճակատում կռված եւ այսօր առաջնագծում կանգնած ազատամարտիկների, զինվորների, սպաների նվիրումով, 1992-94 թվականների դժնդակ պայմաններում երեխաներ մեծացնող կանանց տանջանքներով: Բանակը ստեղծել է մեր ամբողջ ժողովուրդը:

Բայց հենց այդ էքստրեմալ պայմաններում հայտնվում են մարդիկ, որոնք հայրենակիցներին համախմբելու բացառիկ կամք եւ տաղանդ են դրսեւորում: Այդպիսին էր Վազգեն Սարգսյանը, որն այսօր կդառնար 60 տարեկան: 1988 թվականից սկսած ինչ անում էր Վազգենը, անում էր անկեղծորեն. նրան քննադատողները, նրան չսիրողները շատ էին, բայց նրա անկեղծությանը ոչ ոք չէր կասկածում: Եվ իր անկեղծության բնատուր տաղանդի շնորհիվ նրա հետեւից գնում էին թե՛ խորհրդային գեներալները, թե՛ հասարակ գյուղացիները, թե՛ մտավորականները, թե՛ հասարակական ոչ կանոնավոր վարք ունեցող մարդիկ: Այդ տարաբեւեռ շերտերին միավորում էր Վազգենի հավատը, նրա անսասան համոզմունքը, որ այս անգամ մենք՝ հայերս հաղթելու ենք եւ ազատագրելու ենք մեր պատմական հայրենիքների գոնե այս՝ փոքր հատվածը: Եվ մենք հաղթեցինք կարեւոր ճակատամարտերում՝ մնում է, որ հաղթենք պատերազմում:

Իհարկե, 1994 թվականի զինադադարից հետո մենք ունեցել ենք նաեւ տհաճ զարգացումներ՝ քաղաքական (տնտեսական) համակարգը, ինչպես ասում են, «մտավ ծուռ ակոսի մեջ»: Քաղաքացիների կամքն ընտրությունների ժամանակ խեղաթյուրվում էր, «յուրային» գործարարները հարստանում էին, «երկրապահների» լկտի եւ անպատիժ բռնությունն անցել էր բոլոր երեւակայելի չափերը: Դրվեց քաղաքական եւ տնտեսական խնդիրները բռնությամբ լուծելու տխուր ավանդույթը՝ ավանդույթ, որը, հուսամ, շարունակություն չի գտնի հետհեղափոխական շրջանում: Դառնալով 1990-ականներին, չեմ կարծում, որ Ղարաբաղի հարցը «մահանա բռնելով», լավ գաղափար էր Լեւոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելը:

Բայց երբ պատմաբանները գրեն այդ ժամանակաշրջանի մասին, նրանք, կարծում եմ, կկարողանան «թացը չորից» բաժանել, եւ հայ պատմաբանները, համենայնդեպս, կգնահատեն այն, ինչ արվել է, ինչը մենք բոլորս կարողացել ենք անել այդ դժվարին տարիներին: Գուցե ընդամենը մի տող գրվի՝ «ստեղծվել է հայկական բանակը, ազատագրվել է Արցախը»: Իսկ այդ տողի հետեւում կանգնած են մեր հերոսները, առաջին հերթին՝ Վազգեն Սարգսյանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    «…այն, ինչ ընձեռված և տնօրինված է, ժամանակավոր է, ինչպես ժամանակավոր ու անցողիկ է այս աշխարհում ամեն ինչ, և ամեն ոք իր կատարած բոլոր լավ կամ վատ արարքների համար անխուսափելիորեն հաշիվ է տալու Աստծո առջև…»
    Սբ. Ներսես Շնորհալի

  2. Քաղաքացի says:

    Եվ ես, վերջին անգամ, եկել եմ մուրալու մի քիչ լույս եւ մի քիչ երգ, որպեսզի անցորդի իմ ճամփաներիս վրա երազը ապրի տևական եւ հիշատակը` ամուր կյանքով: Երախտապարտ եմ աչքերիս մեջ ամբարած արծաթե տեսիլքների համար, սրտիս մեջ մխրճված հույզերի համար, մսերիս մեջ թրթռացող ու ուղեղիս ծալքերի մեջ դրոշմված ապրումների և հեքիաթային երազանքների համար:Երախտապարտ եմ, օ՛, ի՜մ երկիր, քո հասցրած ցավի եւ վերքերի համար…»:
    «Հայության դժբախտության մեկն էլ եղած է այն հանգամանքը, որ նա ընթացել է մեռնող, հին աշխարհների հետ: Այսօր, չնայած ռեժիմի բոլոր թերություններին հայությունը կանգնած է նոր ծնվող աշխարհի առաջապահ սահմանի վրա: Գնալով` նրա խոսքը լսելի պիտի լինի ամբողջ աշխարհին: Երբ նա գտնի իր ամբողջական միությունը և ազատորեն իրականանա իբրև ազգ, նրա դերը պիտի լինի նշանակալից և վճռական: Ես կարծում եմ նաև, որ պարագաների բերմամբ ամբողջ աշխարհը պիտի անցնի այն փուլերից, որտեղից անցնում է Հայաստանը»:
    “Իսկ նրանք, ովքեր ուզում են օտարանալ, բարի ճանապարհ, թող օտարանան: Արդեն հայությունը քանակ չէ, այլ որակ է:”
    Կոստան Զարյան

  3. henri says:

    ՛՛ Հայոց աշխարհիկ,գարունդ է հասել
    Ահա գեղեցիկ գարուն քո եկել,
    Ով դու ի վաղուց մոռցուած հայրենիք,
    Ով դու իմ սրտիս անմոռաց տեղիք;
    – – – – – – – – –
    Մանկտիք,զիս հայոց հողն ու ջուր սնուցել
    ես այն հողն ու ջուր սրտով եմ սիրել
    Հայրենեաց հարուստ է հող,ջուրն անուշ,
    քանց օտար վարդ՛ քաղցր է հայրենեաց փուշ.
    Հայաստանի օդն է քաղցր ու բարակ,
    հովերն են անուշ,պայծառ են վտակք,
    Ջուրն ու պտուղն համ տան անմահութեան
    Խոտն ոսկեզօծէ զգառներուն բերան;
    – – – – – –
    Ձեզ կ՛ասեմ մանկունք սիրունք նազելիք,
    Որոց է բնական Հայոց աշխարհիկ,
    Մ ՛ուրանաք զերկիրդ ու զազգդ սիրուն,
    Ծառն ՛ արմատով է ծառ,տունն ՛ հիմամբն է տուն;
    – – – –

    Հ.Ղ. Ալիշան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031