Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռումպացված համակարգին վերադառնալու ոչ մի հնարավորություն չկա». Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում պատասխանեց հարցերի

Մարտ 04,2019 22:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն շարունակվում է:

Քիչ առաջ նա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունեցավ ու պատասխանեց հարցերի: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց իրավիճակը Հայաստանում, խոսեց շրջափակման մասին:

Փաշինյանից հետաքրքրվում էին ղարաբաղյան հիմնախնդրով, հարցնում էին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը, հետաքրքրվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների ընթացքից, Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից, ռուսական «Գազպրոմից»:

4

Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցերին, ասաց, որ շատ կարեւոր է ընտրական բարեփոխումները ՀՀ-ում շարունակել, ասաց, թե ինչպես են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում, նա խոսեց արդար դատական համակարգի անհրաժեշտության մասին, նախկին քրեական հանցագործությունների հետ կապված գործերի մասին. «Կառավարության ղեկին լինելու սկզբից ես անձնապես հրաժարվել եմ այն արատավոր պրակտիկայից, ըստ որի, դատական որոշումները կայացվում էին կառավարությունում: Բայց հիմա, անկեղծ լինեմ, ես լիովին համոզված չեմ, որ Հայաստանում դատարանները անկախ են, որովհետեւ ես համոզված չեմ, որ նախկին օլիգարխիկ կառավարությունը չի պահում իր նախկին գործիքները, լծակները՝ դատարանների վրա»:

Վարչապետն ասաց, որ ջանալու են մեր դատական համակարգն իսկապես անկախ դարձնել:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին, վարչապետն ընդգծեց, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը երեք կողմ ունի՝ Ադրբեջան, Արցախ, Հայաստան: Նա հիշեցրեց, որ 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի մասին, որով Բաքվի և միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ էր ճանաչվել: Փաշինյանն ասաց, որ բանակցությունների սեղանին չի կարող Արցախը չլինել, որովհետեւ ինքը կարող է բանակցությունների ժամանակ ներկայացնել միայն Հայաստանը, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել: Նա կարեւորեց ու ընդգծեց բանակցությունների ձեւաչափում Արցախի ներգրավումը:

Ամփոփելով իր խոսքը՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում ուզում են տնտեսական հեղափոխություն անել, միկրոբիզնեսը հարկերից ազատելու քաղաքականություն են վարում, հնարավորություններ են ստեղծում տնտեսական ակտիվության համար ու հայտարարեց. «Կոռումպացված համակարգին վերադառնալու ոչ մի հնարավորություն չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ, Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Առավոտ»-ի հեռարձակմամբ՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031