Երեւանի առաջին ատյանի դատարանի Կենտրոն համայնքի նստավայրում այսօր սկսել է քննվել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանի բողոքը՝ 2018թ. փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարան այցելած «Ազատություն» եւ «Ա1+» լրատվամիջոցների մասնագիտական-օրինական գործունեության խոչընդոտման եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորման դեպքերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ փետրվարին Երեւանի քաղաքապետարանում միջադեպ էր եղել. Զարուհի Փոստանջյանը ԶԼՄ-ների հետ ցանկացել էր շրջայց կատարել եւ որոշակի խնդիրներ ներկայացնել, լրագրողական կառույցներն էլ ահազանգել էին ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման մասին: Այս գործը մինչեւ դատարան «մտնելը» «շրջապտույտ» է անցել:
Զարուհի Փոստանջյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախ նույն տարվա փետրվարին հաղորդում է տվել հանցագործության մասին, Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է. «Ես դա բողոքարկեցի դատախազին, ապա առաջին ատյանի դատարանում, երկու դեպքում էլ մերժում ստացա: Իսկ վերաքննիչ դատարանը բողոքը բավարարեց եւ պահանջեց հարուցել քրեական գործ: Այն հարուցվեց, սակայն կարճվեց: Կարճման դեմ բողոք ներկայացրի դատախազին, որը մերժվեց, ինչի դեմ բողոք ներկայացրի առաջին ատյանի դատարան, որն էլ այսօր սկսվեց քննել այն»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այսօրվա նիստում ներկայացրել է բողոքի բովանդակությունը. «Պահանջում ենք «Երկիր Ծիրանիին» եւ լրատվամիջոցներին ճանաչել որպես տուժող եւ քրեական պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին եւ Արթուր Գեւորգյանին, որոնք խոչընդոտել են լրատվամիջոցների աշխատանքը եւ միաժամանակ՝ կուսակցության՝ որպես իշխանության ներկայացուցիչ-ավագանիների աշխատանքը: Այդ օրը մենք ԶԼՄ-ների միջոցով պետք է տեղեկացնեինք հանրությանը, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում եւ թե ինչպես են հանրային միջոցներն օգտագործվում իրականում»:
Այս բողոքի քննության առաջիկա նիստը նշանակվել է մարտի 25-ին՝ 10:30-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ