ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ»:
Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ երբ եթերում տվել է «Լուսաստղ» օղու անունը, Ալեքսանյանի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել, ասել է․ «Ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, թե ոչ մեկն էլ չպատժի»։ Համլետ Ղուշչյանը հայտնել է, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։
ArmLur.am-ը կապ է հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սամվել Ալեքսանյանը ի պատասխան միայն նշել է. «Ես էդ մարդուն չեմ ճանաչում, մենակ հեռուստացույցով եմ տեսել»։