Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթված երիտասարդություն ունենք, բայց բիզնես մտածողություն չունեն

Մարտ 04,2019 21:01

Երիտասարդությունն ավելի մեծ շանսեր ունի բիզնես անելու եւ հաջողության հասնելու, քանի որ ավելի շատ է գնում ռիսկի: Այսօր Երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության զարգացմանը նվիրված համաժողովում ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Երիցյանը:

Այդուհանդերձ պարոն Երիցյանը գտնում է, որ Հայաստանում երիտասարդների համար գործազրկությունը եւ արժանապատիվ աշխատանք գտնելը շարունակում են մնալ խնդիր: Ավագանու անդամի համոզմամբ, շատ երիտասարդներ, «ուղեղներ», հենց այդ պատճառով են երկրից հեռանում, ուստի սոցիալական ձեռներեցությունն այդ խնդիրները լուծելու բանալին է.«Հատկապես փոքր համայնքներում երիտասարդների եւ կանանց շրջանում դրա խթանումը շատ կարեւոր է: Չնայած նրան, որ Հայաստանում այդ ներուժը կա եւ գործում են մի շարք սոցիալական ձեռնարկատիրություններ, բայց, մինչ օրս, այդ ոլորտն իրավական կարգավորում չունի»:

Ըստ Գրիգոր Երիցյանի, երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության խթանումը պետք է դառնա տնտեսական հեղափոխության շատ կարեւոր մասը, քանի որ ցանկացած երկրում երիտասարդները տնտեսության շարժիչ ուժն են:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, որը նաեւ Փարաքար համայնքի ավագանու անդամ է, ներկայացրեց իրավիճակը իր համայնքում, որտեղ երիտասարդները կրթված են, համայնքն ունի լավ դիրք ու մեծ ռեսուրս, սակայն, ըստ Էմին Երիցյանի, Փարաքարում եւ ամբողջ Հայաստանում կա բիզնես մտածողության պակաս: Եվ նրա խոսքով, կրթական ծրագրերը պետք է նպաստեն այդ բիզնես մտածողության զարգացմանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց 6 երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում ու Բելառուսում կատարված ուսումնասիրության արդյունքները՝ թե որ երկրում ինչ չափով է զարգացած սոցիալական ձեռնարկատիրությունը: Հայաստանը կանաց ձեռնարկատիրության ակտիվությամբ եւ քանակով 6 երկրների թվում երրորդն է:

Aravot.am-ի հետ զրույցում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն ասաց, որ 21-րդ դարի մարտահրավերները հաշվի առնելով, սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը շատ կարեւոր է.

«Մեր պետության առաջ ծառացած խնդիրները՝ գործազրկություն, մարզային համաչափ զարգացում, կարծում եմ, որ սոցիալական ձեռնարկատիրության զարգացումն այն գործիքն է,այն դեղահաբն է, որ կարող է խթանող ուժ հանդիսանալ, թե երիտասարդների, թե կանանց ակտիվացման համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031